...

Նամակ ռուսաց թագավորին

Նամակ ռուսաց թագավորին

Մեր տեղեկությունների համաձայն, Հայաստանում ՌԴ դեսպանության բողոքի նոտայի հրապարակումից ժամեր անց Նիկոլ Փաշինյանը նամակ է ուղարկել Ռուսաստանի նախագահին, որի՝ խմբագրության տրամադրության տակ հայտնված տեքստը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես․

«Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի։

Մեծ ուրախությամբ և անհուն բերկրանքով ծանոթացա Հայաստանում ՌԴ դեսպանության միջոցով փոխանցված Ձեր հանձնարարականներին և դրանք գնահատում եմ որպես հայ-ռուսական դարավոր բարեկամության ևս մեկ անհերքելի ապացույց։ Օգտվելով առիթից՝ թույլ տվեք ևս մեկ անգամ արտահայտել իմ խորին շնորհակալությունը և Ձեր հաստատմանը ներկայացնել այն միջոցառումների ցանկը, որոնք մտադիր եմ իրականացնել՝ ի կատարումն Ձեր բարձր կարգադրության։

Նախ թույլ տվեք նկատել, որ հաշվի առնելով նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը՝ Հայաստանում ինձ անվանում են «հողատու» և «կապիտուլյանտ», ինչը, հաշվի առնելով, որ այդ փաստաթղթի տակ նաև Ձեր վսեմաշուք ստորագրությունն է, նշանակում է, որ այդ բնորոշումները տարածվում են նաև Ձեզ վրա և դրանով իսկ խարխլում են հայ-ռուսական դարավոր եղբայրության հիմքերը։ Ուստի խնդրում եմ հաստատել իմ կողմից իրականացվելիք հետևյալ միջոցառումները․

1․ Արգելել նման ցինիկ գնահատականներ տարածող բոլոր լրատվամիջոցների գործունեությունը, իսկ առգրավված գույքի աճուրդի և սեփականատերերին ազատ արձակելու դիմաց ստացված գրավի միջոցներն ուղղել «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամներին՝ հայ-ռուսական բարեկամության պուրակի բարեկարգման նպատակով։

2․ Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանում գործող բոլոր քաղաքական կուսակցություններն ու հասարակական-քաղաքական շրջանակները կիսում են այդ ցինիկ գնահատականները՝ արգելել բոլոր կուսակցությունների և ՀԿ-ների գործունեությունը և համապետական ու ՏԻՄ ընտրությունները։

3․ «Սուրմալու» տոնավաճառի տարածքը նվիրել հայ-ռուսական դարավոր բարեկամության խորհրդանիշ «Ռոսիա մոլ» ընկերության սեփականատիրոջը և օրենքով սահմանել, որ այսուհետ խոշոր ընկերությունների տնօրեններ կարող են նշանակվել միայն մինչ թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը ՌԴ տարածքում գտնված աշխատանքային միգրանտները։ 

Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի։

Հուսով եմ՝ հնարավորինս սեղմ ժամկետներում կհաստատեք այս գործողությունների ցանկը և Հայաստանում ՌԴ դեսպանության միջոցով կփոխանցեք Հայաստանի դենացիֆիկացիայի համալիր միջոցառումների ժամանակացույցը։ 

Անկեղծորեն Ձեր՝

Նիկոլ Վովայի։

18․ 08․ 2022թ․, Հայկական մարզ, ք․ Էրիվան»։

ՎԱՐԿԱՆԻՇ

   68078 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ