...

Բա հո դրսի «շեֆերին» չե՞ն հակաճառելու

Բա հո դրսի «շեֆերին» չե՞ն հակաճառելու

ԱՄՆ-ը ոչ Լեռնային Ղարաբաղն է ճանաչում, ոչ ԼՂ նախագահի ընտրությունները։ ՀՀ իշխանություններից ձայն-ծպտուն չկա։ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը նույնպես անդրադառնում է ԼՂ նախագահի ընտրություններին և Հայաստանին կոչ անում «ամբողջությամբ հարգել Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։ Եվ դարձյալ՝ ՀՀ իշխանություններից ձայն-ծպտուն չկա, թեև հասկանալի չէ, թե Նիկոլ Փաշինյանն ուրիշ էլ ինչպե՞ս պիտի «ավելի ամբողջությամբ» հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Գուցե պիտի աջ ուսին դաջի Ադրբեջանի քարտեզը՝ 86,6 հազար քկմ տարածքով, աշխատասենյակի պատից էլ կախի Քյափազ լեռան նկա՞րը։ Չնայած՝ եթե իրեն մնա, երևի դա է՛լ կանի։ Բա հո «շեֆերին» չի՞ հակաճառելու, չէ՞ որ հենց Արևմուտքի օգնությամբ հույս ունի պահպանել իշխանությունը, կամ՝ եթե չստացվի, ապաստան ստանալ Արևմուտքում։

Պուտինը հայտարարում է, թե ինքը 10-15 տարի շարունակ Հայաստանի իշխանություններին առաջարկել է կարգավորման այնպիսի տարբերակ, որ ոչ միայն Ղարաբաղը, այլև Լաչինի ու Քելբաջարի շրջանները փաստացի մնան Հայաստանի վերահսկողության ներքո, բայց ՀՀ իշխանությունները մերժել են՝ ասելով, որ «կկռվեն», և արդյունքում ստեղծվել է այսօրվա վիճակը։ Փաստացի՝ Պուտինը Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներին անվանում է «հաստակող ապուշներ», որոնք աղետի հասցրեցին սեփական երկիրը։ Եվ ի՞նչ։ Երկրորդ և երրորդ նախագահներից ձեն-ձուն չկա։ Բա հո «շեֆին» չե՞ն հակաճառելու, չէ՞ որ հենց նրա աջակցությամբ հույս ունեն Հայաստանում վերադարձնել իշխանությունը։ Ճիշտ է, ՀՀԿ-ն մի թեթև արձագանքեց, բայց դրա իմաստն էլ այն էր, որ Պուտինի ասածն ամենևին էլ ՀՀԿ առաջնորդին չէր վերաբերում, ավելին՝ նրա ասածն այն մասին էր, որ Սերժ Սարգսյանն իմաստուն առաջնորդ է, և ընդհանրապես՝ իրենք շատ բարձր են գնահատում, որ ռուսական բեռը Ասկերանով մտավ Արցախ։

Բայց Նիկոլ Փաշինյանի և նախկինների նմանությունը միայն «աշխարհաքաղաքական շեֆերին» հակաճառելու համարձակություն չունենալը չէ։ Հիշո՞ւմ եք, երբ 44-օրյա պատերազմից հետո նույն Պուտինը հայտարարեց, թե իր համար զարմանալի էր, որ Նիկոլ Փաշինյանը մերժեց 2020 թ․ հոկտեմբերի 19-ի իր առաջարկը։ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ այո, կարող էր համաձայնվել կանգնեցնել պատերազմը, և արդյունքում նույն վիճակը կունենայինք՝ «իհարկե, առանց զոհերի», բայց այդ դեպքում իրեն դավաճան կանվանեին։ Հետաքրքիր է՝ իսկ ի՞նչ պատասխան կստանար Պուտինը, եթե 10-15 տարի առաջ Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներին հարցներ, թե ինչո՞ւ չեն համաձայնվում 5 շրջանները վերադարձնելու և Արցախը Լաչինով ու Քելբաջարով փաստացի Հայաստանի վերահսկողության տակ թողնելու տարբերակին։ Անկեղծ պատասխանը կլիներ հետևյալը՝ «բայց չէ՞ որ մենք Հայաստանում հեղաշրջում ենք արել հենց այդ տարբերակը «դավաճանություն» անվանելով, հիմա եթե համաձայնվենք՝ մեր իսկ բուծած ռազմահայրենասեր զոմբիները մեզ չե՞ն ասի դավաճան»։ 

Զգացի՞ք նմանությունը։ Հասկանալի է, որ Պուտինի ասածները պետք չէ «հալած յուղի» տեղ ընդունել՝ ոչ 10-15 տարի առաջվա, ոչ էլ այսօրվա իրավիճակի վերաբերյալ, որովհետև նա, սեփական երկրի շահերից ելնելով, կարող է խեղաթյուրել ու անգամ 180 աստիճանով շրջել իրողությունները, բայց մենք ոչ թե նրա ասածներն ենք քննարկում, այլ հանրահայտ փաստերը։ Իսկ դրանք շատ հստակ են․ երկրորդ և երրորդ նախագահները կարող էին հասնել կարգավորման շատից-քչից ընդունելի տարբերակի, բայց չարեցին, որպեսզի իրենց «դավաճան» չասեն, Նիկոլն էլ կարող էր կեսից կանգնեցնել աղետալի պատերազմը, բայց ճիշտ նույն պատճառով չարեց դա։

Այնպես որ՝ գործելաոճը նույնն է, ընդամենը «աշխարհաքաղաքական շեֆերն» են տարբեր։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   573 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ