...

Նախկին պաշտոնյաների կոռուպցիոն քարտեզ. Գագիկ Բեգլարյան

Նախկին պաշտոնյաների կոռուպցիոն քարտեզ. Գագիկ Բեգլարյան

Հեղափոխությունից 1.5 տարի անց դեռ չնչին քայլեր են արվել բացահայտելու նախկին այն պաշտոնյաներին, ովքեր, օգտագործելով պաշտոնական դիրքը, կուտակել են անսահման հարստություններ: Առաջիկայում ընդունվելու է առանց դատավճռի գույքի բռնագանձման մասին օրենքների փաթեթը: 

Եթե այն օրենքի ուժ ստացավ, ապա պետք է թիրախավորի կոռուպցիայի մեջ ներգրավված անձանց, փողերի լվացմամբ զբաղվողներին, ինչպես նաև հանցավոր խմբավորումների անդամներին:

Իսկ սույն խորագրում զետեղված նյութերը մեթոդական աջակցություն կլինեն ավելի արագ և ամբողջական հայտնաբերելու բոլոր այն գույքերը, որոնք ձեռք են բերվել պաշտոնական դիրքի օգտագործման և չարաշահման հետևանքով:

Այսօրվա մեր հերոսը քոչարյանասարգսյանական դարաշրջանի առավել օդիոզ և հայտնի գործարարներից մեկն է՝ Գագիկ Բեգլարյանը, նույն ինքը՝ «Չորնի Գագոն», նույն ինքը՝ Երևանի նախկին քաղաքապետն ու տրանսպորտի և կապի նախկին նախարարը: 

Նա իր ռազմահայրենասիրական գործունեությունը սկսել է 1993 թվականից: 2002-2008թթ. եղել է Կենտրոն համայնքի թաղապետ  և վերընտրվել է երկու անգամ (2005թ. և 2008թ.): 2009-2010թթ. եղել է Երևանի քաղաքապետ, իսկ 2012-ին՝ տրանսպորտի և կապի նախարար:

Բավական բարդ գործ է պարզել, թե ինչ կարողություններ է կուտակել Գագիկ Բեգլարյանն իր պաշտոնավարման տարիներին: Կարելի է վստահաբար ասել, որ շատ, այնքան, որ նրան կարելի է համարել Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը:

«Չոռնի Գագո» մականվամբ հայտնի այս պաշտոնյայի մեծ կարողության մասին մեկ անգամ չէ, որ մամուլը գրել է:
Նրա ունեցվածքի մասին լրատվամիջոցների տարբեր հրապարակումներից հայտնի է, որ առանձնատներ ունի Սևանում, Ծաղկաձորում, տարածքներ` Երևանի կենտրոնում, սրճարան ունի Աբովյան փողոցի վրա, նրան է պատկանում Օղակաձև զբոսայգում գտնվող «Մուզ» սրճարանը, Խանջյան փողոցի վրա գտնվող «Ֆիեստա» բարը, «Օպերայի» սրճարաններից մեկը։ Բեգլարյանն ունի նաև բենզալցակայան, տներ` Հյուսիսային պողոտայում, Դուբայում:

Վերոնշյալ տարածքների առումով վստահ ենք, որ գրանցված են Գագիկ Բեգլարյանի դրածոների անուններով, բայց վերջնական վստահության «ձայնը» պատկանում է Հայաստանի իրավապահներին, որոնց մնում է պարզապես ստուգել մեր հրապարակած փաստերի իսկությունը:

Թավշյա հեղափոխությունից հետո միլիոնատեր նախկին պաշտոնյան քրեական գործով վկայի կարգավիճակ ունի: Քննչական կոմիտեում հարցաքննվել է որպես վկա «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի մասով հարուցված քրեական գործի շրջանակներում:

«Հյուսիս-հարավի» շինարարությունը հենց հանրապետական նախկին պաշտոնյա Գագիկ Բեգլարյանի ղեկավարման օրոք է մեկնարկել։ Հավելենք, որ «Հյուսիս-հարավի» գործով մեղադրյալների թիվը 15-ի է հասել:

«ՉԻ»-ին պարզել է, որ մասնավորապես մայրաքաղաքի Սարյան փողոցի և Մաշտոցի պողոտայի հատման  մասում բարեկարգված այգում կառուցված սրճարանում 30 տոկոս մասնաբաժին ունի Գագիկ Բեգլարյանի որդին՝ Հրանտ Բեգլարյանը:

Հանրապետական նախկին պաշտոնյան կարողացել է նաև իր ձեռքը գցել «Գումի» շուկան, «Մետաքս» գործարանը, Ծաղկաձորի «Նարեկ» հանգստյան տունը:

Բայց նրա խիստ բեղմնավոր գործունեության գագաթնակետը դարձավ ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի հետ համատեղ բիզնեսը:

2017 թվականին Արաբկիր վարչական շրջանում բացված  «Ռիո մոլ» առևտրաժամանցային կենտրոնը, պարզվում է համատեղ բիզնես ծրագիր է: 

«Ռիո»-ն առևտրաժամանցային կենտրոնների ռուսական ցանց է, որը ներառված է 2005թ. հիմնադրված «Տաշիր» ընկերությունների խմբում։

Ընդհանուր 24 հազ. քառ.մ. տարածք զբաղեցնող «Ռիո»-ի տեղում եղել է «Արաբկիր կահույքի ֆաբրիկան»: Այն ամենամեծ արտադրամասն է եղել Երևանում: Հենց կահույքի արտադրամասի պատերի վրա էլ կառուցվել է խոշոր առևտրի կենտրոնը: Իսկ իր պաշտոնավարման ընթացքում Գագիկ Բեգլարյանը կարողացել է էժան գներով սեփականաշնորհել «Արաբկիր կահույքի ֆաբրիկան»:

Եվ այսօր Սամվել Կարապետյանին պատկանող «Ռիո մոլ» առևտրի կենտրոնում  մասնաբաժինն ունի նաև Գագիկ Բեգլարյանը:

Բացի այդ, Սամվել Կարապետյանը Գագիկ Բեգլարյանի որդու հարսանիքի քավորն է: 

«ՉԻ»-ի տեղեկություններով՝ «Ռիո» հիպերմարկետի տարածքը Գագիկ Բեգլարյանի սեփականությունն է:

Առևտրի կենտրոնի հարակից տարածքը ևս նրանն է: Տարածքը, որը մոտ 4-5 հեկտար է զբաղեցնում, այժմ ցանկապատված է: 

Մենք կարող ենք գրել՝ շարունակելի, բայց իրավապահ մարմիններին սա էլ շատ, թող սկսեն հետաքննել, ընթացքում նոր տեղեկություններ կհաղորդենք:

«Չորրորդ իշխանություն», թիվ 9, 2019

ՎԱՐԿԱՆԻՇ

   2078 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ