...

Չոռնի Գագոն գերի կընկնի, բայց չի հանձնվի

Չոռնի Գագոն գերի կընկնի, բայց չի հանձնվի

Տրանսպորտի և կապի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանից և նրան փոխկապակցված անձանցից ընդհանուր շուրջ 16,8 մլրդ դրամ արժեքով ապօրինի ծագման գույքն ու ակտիվները բռնագանձելու հայցադիմումը դատարանը վարույթ է ընդունել։ Համաձայն հայցադիմումի՝ դատախազությունը պահանջ է ներկայացրել դատարանին Բեգլարյանից և նրա հետ փոխկապակցված 3 անձանցից բռնագանձել Երևան քաղաքում գտնվող 33 բնակարանները, տարածքները, շինությունները, ավտոհանգրվանները։ Անշարժ գույքերից 11-ը գտնվում են Հյուսիսային պողոտայում, 7-ը՝ Խորենացի փողոցում, 3-ը՝ Արշակունյաց պողոտայում, 2 առանձնատները՝ Ազատության պողոտայում, 2 տարածքները՝ Թամանյան փողոցում, 2-ը (շինություն և ավտոկայանատեղի)՝ Տերյան փողոցում, ինչպես նաև Երևանի քաղաքի այլ վարչական շրջաններում գտնվող անշարժ գույքերը, Կոտայքի մարզում (համայնք Ծաղկաձոր) գտնվող 2 հողամասերը և Արարատի (համայնք Սիս) մարզում գտնվող 1 հողամասը։ Մնացածը չթվարկենք։

Ընդամենը երկու ամիս առաջ, ՀՀԿ երիտասարդական թևի ներկայացուցիչների «Ստոպ Նիկոլ» իրազեկման ցույցի մասնակիցները տեսել են «Մոսկվա» կինոթատրոնի մոտ գտնվող սրճարաններից մեկում նստած նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, այսինքն՝ իրենց կուսակցական ընկերոջը։ Ցույցը լուսաբանող լրագրողի՝ ձեր նախկին կուսակից ընկերների ցույցին չե՞ք միանալու հարցին Գագիկ Բեգլարյանը պատասխանել է. «Ոչ, ոչ, ոչ նախկին, ոչ ներկա»։ Լրագրողի տարակուսանքին՝ իսկ ինչո՞վ է զբաղվելու Բեգլարյանը, արձագանքել է կողքի սեղանին նստած, վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը՝ ասելով. «Բիզնեսով ա զբաղվելու»։ 

Այ սենց, փափուկ բարձը դնում են մարդկանց գլխի տակ ու եղած-չեղածը ձեռքից տանելու վարույթ են հարուցում։ Չնայած՝ Բեգլարյանը հեշտ հանձնվողներից չէ՝ գույքի իմաստով։ Թիմին գուցե հանձնի, բայց գույքի համար կռիվ կտա։ Ճիշտ էլ կանի, երեք հոգով 33 բնակարանի ու էլի շատ բաների տեր են դարձել։ Էդքանը բաշարել են, սրա տակից էլ դուրս կգան։ Չկասկածեք։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2057 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ