Սաստիկ ինքնամեկուսացած Նիկոլ Փաշինյանը բանակի 30-ամյակի առթիվ ուղերձ է հղել։ Եվ պատկերացրեք՝ մեծահոգաբար ընդունել է, որ բանակն այնուամենայնիվ ոչ թե իր օրոք է ստեղծվել, այլ 30 տարի առաջ։ Բայց, իհարկե, առիթը բաց չի թողել ու կրկին հիշատակել է 2018-ը՝ հայտարարելով, թե «2018 թվականից ՀՀ կառավարությունը սկսել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման գործընթացը»։ Հասկացա՞ք։ Ոչ թե շարունակել է, այլ սկսել։ Այսինքն՝ մինչև իր «թավշյա, ոչ բռնի»-ն որևէ կառավարություն նման բան չէր արել, ամեն ինչ իրենից է սկսվել։
Ամեն դեպքում՝ լավ է, իհարկե, որ բանակի 30-ամյակի մասին է խոսում, և ոչ թե երեքուկեսամյակի։ Բայց պետք է զգույշ լինել։ Նիկոլ Փաշինյանը խոստանում է «վերագնահատել բանակի անցած ճանապարհը» և «համակարգային բարեփոխումներ իրականացնել»։ Համաձայնվեք՝ փոքր-ինչ չարագուշակ է հնչում, որովհետև, համենայն դեպս՝ մինչև հիմա, ինչ «վերագնահատել» ու «բարեփոխել» է, ավտոմեքենաների առևտրով զբաղվողների բառապաշարով ասած՝ «հետագա շահագործման ենթակա չէ»։