...

Նիկոլ Փաշինյանի երազը

Նիկոլ Փաշինյանի երազը

Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Ներկա են ներկաներն ու նախկինները: «Ուզում եմ հայտնել, որ օպերատիվ-տակտիկական հմուտ գործողությունների արդյունքում լուրջ ստրատեգիական ձեռքբերում ենք ունեցել Սյունիքում. կալանավորվել են հակառակորդի 8 համայնքապետ, 3 դպրոցի տնօրեն և մի մանկապարտեզի վարիչ»,- հպարտորեն եզրափակում է ինքը:

Ներկաները ծափահարում են, նախկինները գետնին են նայում, ինքը շարունակում է. «Այժմ խոսքը տանք ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատարի ժամանակավոր պաշտոնակատարին, որը կզեկուցի իրավիճակը Գեղարքունիքի մարզում»:

«Հայտնում եմ ձեզ,- սկսում է ԳՇ ԺՊ-ի ԺՊ-ն,- որ մարզի մի շարք հատվածներում թշնամուն ծանր հարվածներ են հասցվել: Մասնավորապես, մեր զինվորները Վերին Շորժայի վերևում բահերով կոտրել են թշնամու զրահամեքենայի դեմի պարբրիսը, ինչի հետևանքով պարբրիսը դարձել է ոչ պիտանի: Իսկ Կութիի պոստերում դասակի հրամանատարներից մեկը քարով խփել, բացել է պոստ ներխուժած հակառակորդներից մեկի ճակատը»:

«Պատրաստեք հրամանագիր՝ դասակի հրամանատարին հերոսի կոչում տալու համար»,- կարգադրում է ինքը. «Եթե կան հարցեր, մտքեր, խնդրեմ»:

Ձեռք է բարձրացնում Իշխան Սաղաթելյանը: «Ասեք, պրն Սաղաթելյան: Մենակ թե կանգնեք աթոռին, որ երևաք»: 

Իշխան Սաղաթելյանը այդպես էլ անում է և հարցնում. «Մեծարգո պրն վարչապետ, իսկ էն ջեբի փողը, որ 50 հազարից դարձրել եք 250 հազար, ո՞ր ամսից եք վճարելու»:

«Հարցին պատասխանելու համար խոսքը տրվում է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին»: 

«Հարգելի պրն Սաղաթելյան, ես կկարգադրեմ մեր պարգևավճարների բաժնի պետին պատրաստել այդ հարցի պատասխանը և առաջիկա 23 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ձեզ ուղարկել»,- ասում է Էկոնոմիկայի նախարարը:

«Կարելի՞ է»,- այս անգամ ձեռք է բարձրացնում Վահե Հակոբյանը:

«Ասեք»:

«Հարգարժան պրն վարչապետ, իսկ էդ 250 հազ. դրամը, որը մեզ պետք է ամսական հատկացնեք, չե՞ք պատրաստվում ավելացնել, հաշվի առնելով դրամի արժեզրկումը: Ըտենց տակ ենք տալիս»:

«Պարզաբանման համար խոսք ունի ասելու ՀՀ ԿԲ նախագահը»,- արձագանքում է ինքը:

«Պրն Հակոբյան, համաձայն ՀՀ սղաճի մասին օրենքի, աշխատավարձերի և հավելավճարների ինդեքսացիան ենթարկվում է սուբլիմացիայի տարին 2 անգամ, այդ սանդղակով էլ շարունակելու ենք վճարել»,- բացատրում է ԿԲ նախագահը:

«Բան չհասկացա, բայց շնորհակալություն»,- ուսերը թոթվում է Վահե Հակոբյանը:

«Պրն Հակոբյան, ջեբի փողի մասին մտածելու փոխարեն ձեր մասին մտածեք»,- զայրացած ասում է ինքը: - Հեսա, «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ ես նպատակ եմ դրել ձեզ զրկել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից ու նույնիսկ դրա համար ունեմ ռուսների դաբրոն: Իսկ քանի որ ես վերջին ընտրություններում ստացել եմ «ժողովրդի» մեծամասնության մանդատը, հենց տենց էլ կանեմ: Պրն Սաղաթելյան, դուք արդեն կարող եք իջնել աթոռից ու նստել»:

Արթնանում է Արծրուն Հովհաննիսյանի լայվից:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1437 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ