...

Նիկոլի հետին միտքը ուշացել է

Նիկոլի հետին միտքը ուշացել է

Երեկ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հայտարարեց, որ մտադիր են այս տարվա հոկտեմբերին համաժողովրդական հանրաքվեով ընդունել նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ. «Ի վերջո կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի»:

Այս հայտարարության համար շատերը կհիշեն «հայի հետին խելքը» արտահայտությունը, բայց շատ ավելի դիպուկ է ֆրանսիական L'esprit d'escalier արտահայտությունը՝ «աստիճանավոր խելք»: Այսինքն, երբ մարդը աստիճանից աստիճան է անցնում, հետո նոր սկսում է մտածել: 

Հիմա Նիկոլ Փաշինյանը, աստիճանից աստիճան անցնելով, հանկարծ նոր հիշել է կիսանախագահական կառավարման համակարգի մասին: Իրեն պատային վիճակի մեջ է գցել ու նոր հասկացել խորհրդարանական կառավարման վտանգների մասին: 

Դեռ 1994 թվականին, այսինքն՝ 27 տարի առաջ, Լևոն Տեր-Պետրոսյանը պետության կառավարման մոդել ընտրելու վերաբերյալ իր ելույթներից մեկում ասել էր. «Ոչ ոք չի կարող ժխտել, իհարկե, խորհրդարանական համակարգի կենսունակությունը, սակայն ոչ ոք չի կարող ժխտել նաև, որ խորհրդարանական համակարգը կենսունակ է միայն այն պետություններում, որտեղ պատմականորեն ձևավորված են մեկ կամ առավելագույնը երկու-երեք լուրջ, զանգվածային կուսակցություն, որոնցից յուրաքանչյուրն ընդունակ է կազմել խորհրդարանական մեծամասնություն և դրա շնորհիվ ապահովել կառավարության արդյունավետ գործունեությունը։ Իսկ խայտաբղետ, բազմակուսակցական խորհրդարանների ընտրության դեպքերում խորհրդարանական համակարգը հանգեցնում է թույլ կոալիցիոն կառավարությունների ձևավորմանն ու հարատև ներքին ցնցումների, որոնք շատ հաճախ ավարտվում են պետական հեղաշրջումներով և բռնատիրությամբ, կամ ոչ հազվադեպ՝ նաև օտար միջամտությամբ։

Խորհրդարանական համակարգի հաստատման դեպքում, իմ խորին համոզմամբ, Հայաստանին սպասում է, ահա, այս տխուր և ազգակործան (ազգակործանն էլ է ասել.- խմբ.) ճակատագիրը, որովհետև մեզ մոտ մեկ կամ երկու-երեք լուրջ զանգվածային կուսակցություններ կարող են ձևավորվել լավագույն դեպքում միայն տասնյակ տարիներ հետո»։

20 տարի անց, Սերժ Սարգսյանը վերցնում ու փոխում է կառավարման համակարգը՝ կիսանախագահականը վերածում խորհրդարանականի: Սերժ Սարգսյանը սխալներ շատ է արել, բազմաթիվ թերություններ է ունեցել, բայց իր ամենամեծ սխալը իր և Հրայր Թովմասյանի մոգոնած այս Սահմանադրությունն էր, որի ձեռքը հիմա մենք բոլորս կրակն ենք ընկել: 

Իսկ Նիկոլ Փաշինյանը 2015-ին ոչ միայն դեմ չարտահայտվեց Սերժ Սարգսյանի դեմ տված Սահմանադրությանը, այլ նաև դրա դեմ պայքարելը համարեց «կեղծ օրակարգ» և որևէ կերպ չաջակցեց հանրաքվեին «ոչ» ասող ուժերին, որոնք հիմնականում իր երբեմնի գործընկերներն էին: 2018-ից հետո բանական, նորմալ քաղաքական ուժերը իրեն կոչ արեցին փոխել սահմանադրությունը և վերադառնալ կիսանախագահական համակարգի: Ասաց՝ չէ, ի՞նչ եք ասում, «խորհրդարանական կառավարման համակարգը բխում է մեր երկրի շահերից», իսկ ահա կիսանախագահականը «ձախողված և անպատասխանատու համակարգ է»: Ինչի՞ փոխեր, Օլիմպոսի գագաթին էր, 90 տոկոս վարկանիշով, ի՞նչ պրոբլեմ ուներ, շատ հարմար կառավարման համակարգ էր ժառանգել Սերժ Սարգսյանից:

Էս քանի օրը քոչարյանամիշիկական որոշ դեմքեր նորից ծլվլում են, թե Նիկոլը Տեր-Պետրոսյանի պրոյեկտն է: Հիմա այսքանից հետո ո՞ւմ պրոյեկտն է. Տեր-Պետրոսյանի՞, թե՞ Սերժ Սարգսյանի, որի ստեղծած սահմանադրությանը դեմ չի եղել, որից իշխանություն է ժառանգել, ու որի սահմանադրությունը ատամներով պահել է: Հիմա դանակը եկել, հասել է իր կոկորդին, թե բա՝ անցնենք կիսանախագահական համակարգի, ոնց որ թե այս «Սահմանադրությունը բազմաթիվ ճգնաժամային ռիսկեր է ստեղծում»: Կասի, իհարկե կասի: Հույսն այն է, որ մինչև հոկտեմբեր ձգի, հոկտեմբերին էլ կասի՝ չէ, եկեք բացարձակ նախագահական կառավարման համակարգի անցնենք, հարցը մյուս տարվա մարտին քննարկենք: Հետո մյուս տարվա մարտին էլ ասի՝ չէ լավ, ոնց որ կա, թող մնա: Այստեղ միամիտ մարդ չկա, բոլորն էլ հասկանում են, որ կառավարման մոդելների մասին խոսում է միայն ժամանակ շահելու համար: Ուշ է, դա վաղուց պետք էր անել, իսկ հիմա պետք է մտածել աստիճաններից չընկնելու մասին:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ