Բագրատ Սրբազանը հայտարարել է, թե առաջիկայում համառ օրեր են լինելու, և կոչով դիմել է ուսանողներին․ «Եղունգները կտրե՛ք, աղջիկներ։ Տղաներ, չսափրվեք, հետո՛ կսափրվեք, մորուքները մեծացրե՛ք։ Բազուկները զորացրե՛ք, բայց ամենակարևորը՝ հոգիներդ տաք պահեք։ Հա՛, կոշիկներն էլ կտափակեցնեք»։
Այ սա ուրիշ բան, սա արդեն գործողությունների իրական ծրագիր է։ Ընդ որում՝ ունիվերսալ ծրագիր։ Որովհետև եթե բոլոր հարցերը պիտի լուծվեն ձեռնամարտով՝ ապա բազուկները զորացնելն ու տափակ կոշիկներ հագնելն իսկապես անգնահատելի խորհուրդ է, իսկ եթե սա ոգեղեն պայքար է, ու այդ պայքարում հաղթելու է Ոգով Արին ու Էութեամբ Ճշմարիտը՝ դարձեալ խորհուրդը տեղին է, որովհետև եղունգները կտրելով՝ աղջիկները, անկասկած, է՛լ ավելի են մոտենալու Ճշմարտությանը, իսկ երկար մորուքներն ու տափակ կոշիկները զորեղ բազուկներով պատանիներին հեռու են պահելու ամենայն չարից ու գայթակղություններից նորա։
Ըստ այս ծրագրի՝ Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, եղունգները կտրած աղջիկներին տեսնելուն պես հրաժարական է տալու, իսկ եթե տեսնի, որ մոտակա ջիմ-ում բազուկները զորացնող ուսանողներն էլ սափրված չեն՝ վազելով գնալու է կանգնի գնդակահարության պատի տակ։
Հ․Գ․ Դե իհարկե, իշխանափոխության համար ամեն ինչ կարևոր է՝ եղունգները, բազուկները, մազածածկույթը, կոշիկները․․․ Մի խոսքով՝ ամեն ինչ, բացի ուղեղից։ Կարևորը՝ հանկարծ ուղեղներդ չաշխատեցնեք, մնացածը՝ ինչ ուզում եք արեք։ Ուր ուզում եք՝ այցելեք․ գեղեցկության սրահ, պեդիկյուր, «Տափակ կոշիկների աշխարհ» խանութ-սրահ, բազուկների զորացման օնլայն դասընթացներ․․․