...

Եթե կեղծիքը պահանջված է՝ առաջարկներ միշտ կգտնվեն

Եթե կեղծիքը պահանջված է՝ առաջարկներ միշտ կգտնվեն

1997-98 թվականներին մեր գրեթե ողջ քաղաքական դաշտը գերադասեց ճշմարտության աչքերին նայելու փոխարեն հասարակությանը կերակրել ականջահաճո կեղծիքով, ու դրան հաջորդած ժամանակահատվածում Հայաստանում ինչ տեղի է ունենում՝ մեծ հաշվով, այդ շրջադարձային «ընտրության» հետևանքն է։ Այդ թվում՝ նաև այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Երևանի կենտրոնում։ Դե իհարկե, եթե գրեթե ողջ քաղաքական դաշտը՝ ընդդիմություն թե իշխանություն, որպես սեփական համակիրների ակտիվության գլխավոր մոտիվացիա ընտրել է ատելությունը, իսկ որպես հիմնական գործիք՝ սուտն ու կեղծիքը, քաղաքական գործընթացներն այլ տրամաբանություն ունենալ չեն կարող։

Ընդամենը երկու օրինակ բերենք։ Բագրատ Սրբազանն իր համակիրներին կոչ է անում քաղաքացիական անհնազանդության ակցիաներ անել ու փողոցներ փակել։ Ամենայն հավանականությամբ՝ նրա խորհրդականներից մեկն էլ (նման իրավիճակներում միշտ էլ բազմաթիվ խորհրդականներ են ծլում) Սրբազանին խորհուրդ է տալիս Երևանի բանուկ խաչմերուկներից մեկում ԱՊՊԱ բեմադրել ու այդպիսով անձամբ ճանապարհ փակել։ Դե հիմա մարդ է, նման իրավիճակներում ով ինչ ախմախ խորհուրդ ասես՝ կարող է տալ, բայց խնդիրն այն է, որ Սրբազանը ոչ միայն համաձայնվում է, այլև անձամբ ստանձնում գլխավոր դերը՝ վթար կեղծելով։ Մանրուք է, բայց շատ հատկանշական, որովհետև նախ՝ հասկանալի չէ, թե ինչո՞ւ Սրբազանը չէր կարող պարզապես մեքենան կանգնեցնել խաչմերուկում ու թողնել-գնալ, և երկրորդ՝ որքանո՞վ էր հարիր նման բեմադրությունը կեղծիքի դեմ պայքարող Ճշմարտությանը։

Երկրորդ օրինակը։ Տարբեր գույնի բերետավորներն իբր կարգուկանոն են հաստատում՝ բացելով ցուցարարների փակած ճանապարհները և ուժով հեռացնելով առավել ակտիվներին։ Թվում է՝ նորմալ է, դե հիմա մարդիկ իրենց գործն են անում, հասարակական կարգ են պահպանում․․․ Բայց՝ չէ․ տեսագրություններում հստակ երևում է, որ սրանք ոչ միայն ոհմակով հարձակվում են ինչ-որ մարդկանց վրա, այլև՝ այնպես, որ ոչ մեկը չնկատի, տապալում գետնին, կճղակներով տրորում, փորձում աչքը հանել, և այլն։ Այսինքն՝ փաստացի ոչ թե հասարակական կարգ են պահպանում, այլ ատելության մոլուցքով «սամասուդ անում» շեֆին բան ասողներին՝ այնպես, ինչպես կվարվեին իրենց անձնական թշնամիների հետ։ Պարզ ասած՝ «հասարակական կարգի պահպանումն» էլ է կեղծիք, իրականում Նիկոլ Փաշինյանը պարզապես կոպիտ ուժով վրեժ է լուծում իր դեմ բողոքողներից ու փորձում մարդկանց ահաբեկելով պահպանել սեփական իշխանությունը։ 

Բա ուրիշ ի՞նչ պիտի լիներ մի երկրում, որտեղ տասնամյակներ շարունակ քաղաքական գրեթե բոլոր ուժերը ժողովրդին կեղծիքներով են սնել՝ իբր «Ղարաբաղի հարց չկա, այդ հարցը լուծված է», «մեր բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է», «ռուսները նոր պատերազմ թույլ չեն տա»,  «փոխզիջման մասին խոսողներն ազգի դավաճաններ են», «Արցախը Հայաստան է, և վերջ», «նոր պատերազմ-նոր տարածքներ», «ինձ ընտրեք, որ Հադրութն ու Շուշին ետ բերեմ», «Ղարաբաղի հայաթափումը Հայաստանի իրական անկախության մեկնարկն է», «միակողմանի զիջումները հանգեցնելու են խաղաղության», և այլն։ Հետո՞ ինչ, որ հիմա կեղծիքը կենսակերպ դարձրածներն ու իրենց «օրվա հացը» միայն ժողովրդին խաբելով վաստակողները բարիկադների տարբեր կողմերում են հայտնվել։ Միևնույն է՝ բարիկադի որ կողմում էլ լինեն, նրանց իմացած միակ հնարքը կեղծիքն է, ու դրանից բացի այլ «գործիքակազմ» չեն կիրառելու։ Դրա համար էլ մի կողմը իր՝ հանուն լափի իշխանությունից կառչած մնալը ներկայացնում է որպես «պայքար հանուն Հայաստանի ինքնիշխանության», մյուս կողմը հանուն այդ նույն լափի իր պայքարը ներկայացնում է որպես «պայքար հանուն Ճշմարտության, հանուն Լույսի, հանուն մեր Ինքնության․․․»։ 

Այո, մեր հասարակությունը, ցավոք, ակնահաճո կեղծիքը գերադասել է ճշմարտությունից, իսկ նման հասարակությունները, որպես կանոն, կեղծիքից բացի ոչինչ չեն ստանում ու հաճախ ընդամենը խաղալիք են դառնում կեղծավորների ձեռքին։ Որովհետև ճշմարտությունը մերժելը դեռ որևէ ժողովրդի լավ տեղ չի հասցրել։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   607 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ