...

Չորս պատճառ, թե ինչու այս շարժումը կարող է հասնել հաջողության

Չորս պատճառ, թե ինչու այս շարժումը կարող է հասնել հաջողության

Իշխանությունները լրջորեն վախեցել են «Սրբազան շարժումից», և ճիշտ են արել․ Նիկոլ Փաշինյանի կառավարման 6 տարիների ընթացքում ձևավորված ընդդիմադիր շարժումներից որևէ մեկը հաջողության հասնելու ավելի մեծ շանսեր ու իրական հնարավորություն չի ունեցել։ Եվ սա մի քանի կոնկրետ պատճառներ ունի։

«Սրբազան շարժում» անվանումը, հասկանալի է, պայմանավորված չէ միայն նրանով, որ առաջին շարքում Սրբազանն է (եթե բողոքի ակցիաները ղեկավարողը, օրինակ, մասնագիտությամբ բժիշկ լիներ՝ հաստատ չէին ասի «Առողջապահական շարժում»)։ Բայց ակնհայտ է, որ շարժման թիկունքում Եկեղեցին է, ու իշխանություններին ամենաշատը հենց դա է վախեցրել։ Եվ ահա, թե ինչու։

Ինչի՞ շնորհիվ է Նիկոլ Փաշինյանը կարողանում պահպանել իշխանությունը։ Ճիշտ է, առավելապես ճարտար լեզվի և էժան պոպուլիզմի շնորհիվ։ Նա կարողանում է գեղեցիկ ձևակերպումներով մարդկանց ուղեղները լվանալ և համոզել, որ այսօրվա զոհողություններն ապագա երջանկության համար են։ Ամենայն հարգանքով, բայց մեր Եկեղեցին հարյուրամյակներ շարունակ մոտավորապես նույն բանն է արել, ընդ որում՝ այդ ասպարեզում և՛ անհամեմատ ավելի ահռելի փորձ ունի, և՛ ինստիտուցիոնալ հիշողություն ու կառույցներ, և՛ իր հանդեպ հարյուրամյակների ընթացքում վաստակած պատկառանք, իսկ ցանկացած հոգևորական էլ, վստահաբար, որոշակի հռետորական ձիրք ունի, որովհետև առավելապես դրանից է կախված եղել իր հոգևոր ծառայության հաջողությունը։ Պարզ ասած՝ Նիկոլն իր պոպուլիզմով դեռ շատ հաց ու պանիր պիտի ուտի, որ կարողանա «լեզվակոխ անել» հոգևորականներին։ Այսպիսով՝ առաջին պատճառն այն է, որ Նիկոլի «պոպուլիստական խոփը» դեմ է առել շատ ավելի հզոր, ինստիտուցիոնալ «քարի»։

Երկրորդ պատճառը Եկեղեցու նկատմամբ հարյուրամյակներով ձևավորված պատկառանքն է, որը հասարակության մեծամասնության համար վերածվել է չգրված օրենքի։ Օրինակ՝ ճանապարհային տեսուչները, որպես կանոն, չեն տուգանում հոգևորականներին (այդպես էր անգամ խորհրդային տարիներին), կամ երբ եկեղեցու բակում, որևէ արարողության ժամանակ հոգևորականը ներկաներին ասում է «մի քիչ ետ կանգնեք», որևէ օլիգարխ կամ քրեական հեղինակություն չի ասում «արա՛, դու էդ ո՞վ ըլար, որ․․․» և այլն, սուսուփուս ետ է քաշվում։ Ընդ որում՝ երբեմն դա արվում է ենթագիտակցական մակարդակով, հավատքի հետ էլ առանձնապես կապ չունի, որովհետև այդպես են վարվում և՛ հավատացյալները, և՛ աթեիստները։ Դա զգացմունքային ոլորտ է, բանականությունն այդտեղ որևէ դեր չի խաղում։ Օրինակ՝ մարդիկ գիտեն, չէ՞, որ ֆիլմերում ոչ մեկն իսկապես չի մեռնում, նրանք դերասաններ են, արյան փոխարեն կետչուպ է և այլն, բայց միևնույն է՝ նայում են այդ ֆիլմերը, հուզվում, ապրումներ ունենում․․․ Նույնն էլ այս դեպքում է։

Երրորդ պատճառն այն է, որ այս շարժման դեպքում «առաջնորդին մեկուսացնելով» ալիքը մարել չի ստացվի։ Բագրատ Սրբազանին կալանավորեն՝ որևէ այլ թեմի առաջնորդ կշարունակի նրա անելիքը, հետո՝ երրորդը, չորրորդը, և այսպես շարունակ։ Առավել ևս՝ որ մինչև վերջ հստակ էլ չէ, թե արդյո՞ք հենց նա է շարժման իրական առաջնորդը։

Չորրորդ պատճառն էլ բավականին հաջող ընտրված մարտավարությունն է՝ այսպես կոչված «չակնկալիքների պայքարը»։ Շարժումն իշխանություններից որևէ բան չի պահանջում․ ոչ խորհրդարանում իմպիչմենթի գործընթաց է պահանջում, ոչ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ոչ էլ անգամ վարչապետի հրաժարական («մեկ ժամ ժամանակ տալուց» հետո այլևս այդպիսի պահանջ չի հնչում)։ Պարզ ասած՝ քայլ անելու հերթը զիջվել է Նիկոլին, ինչ ուզում է՝ թող անի։ Իսկ նա ոչ կարող է ձևացնել, թե ամեն ինչ նորմալ է, ոչ էլ կարող է ինչ-որ ողջամիտ քայլ անել, ինչ էլ անի՝ սխալ է լինելու։

Այստեղից էլ՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանական թիմի վատ քողարկված խուճապը։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   4412 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ