...

Նոր Վանեցյան 2-ը աղետ կլինի

Նոր Վանեցյան 2-ը աղետ կլինի

Գործող իշխանության բազմաթիվ սխալների, անհետևողականության և վրիպումների մեջ անկասկած առաջին հորիզոնականում կադրային քաղաքականությունն է: Այն գործողների իսկական աքիլեսյան գարշապարն է:

Կադրային քաղաքականությունը բոլոր իշխանությունների խոցելի հատվածն է, բայց հաջողված իշխանությունը   անհաջողից տարբերվում է նրանով, որ արագ գիտակցում է սխալ նշանակումները, վերանայում է դրանք և ձախողվածներին դուրս է թողնում համակարգից: Իսկ անհաջողներն անընդհատ աչք են փակում, նոր շանս են տալիս, իսկ երբ արդեն անհնար է լինում նույն պաշտոնին պահել ձախողված չինովնիկին, նրան հանում են ու մի նոր պաշտոնի նշանակում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 4-ի որոշմամբ Արգիշտի Քյարամյանն ազատվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից և նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ: Այստեղ պետք է հատուկ ուշադրություն դարձնել, որ մեծ համեստություն է Քյարամյանին ներկայացնել իբրև պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ: Բոլորին է հայտնի, որ Դավիթ Սանասարյանի լիազորությունների կասեցումից հետո հենց Քյարամյանն է արդեն մեկ տարուց ավել ղեկավարում այդ չափազանց կարևոր ծառայությունը:

Եվ ի՞նչ, մեկ տարուց ավել ղեկավարեց շատ մեծ լիազորություններով ծառայությունը, իսկ արդյունքը՝ զրո: Եվ հիմա, ընդունելու փոխարեն, որ երիտասարդի նշանակումը սխալ էր՝ հաշվի առնելով նրա պրոֆեսիոնալիզմը և հատկապես անձնական կապերը, ոչ մի նորմալ բացահայտում չարեց, հիմա էլ գործուղում են ԱԱԾ, որպեսզի մի հատ էլ ձախողի հարուցված առավել կարևոր քրեական գործերի ճակատագիրը: Լրիվ խորհրդային ձեռագիր, երբ կուսակցական գործչին լրիվ դուրս չէին թողնում պետական համակարգից, առավել բարձրաստիճաններին գործուղում էին արտասահման՝ որպես դեսպան, իսկ համեմատաբար շարքայիններին ուղարկում էին արհմիութենական աշխատանքի:

Հաշվի առնելով, որ ուժային կառույցները չեն գտնվում իշխանության ամբողջական տիրապետության ներքո՝ պետք էր հատուկ ուշադրության արժանացնել զրոյից ստեղծված պետական վերահսկողական ծառայությանը: Այն համալրել իսկապես ազնիվ, բանիմաց և նախկին իշխանությունների հետ չհամագործակցած անձանցով, իսկ ղեկավար նշանակել մեկին, ով և՛ հեղափոխական կլիներ, և՛ պրոֆեսիոնալ: Դժվար չէր նման մեկին գտնել:

ԱԱԾ ներկայիս պետը արդեն 7 ամիս է՝ պաշտոնավարում է: Նախկինների մեդիան, որ խոշորացույցի տակ է  պահում գործող կառավարության յուրաքանչյուր անդամի ցանկացած խոսք և գործ, հրապարակում անգամ նրանց աշխատասենյակում տեղի ունեցած պրիվատ խոսակցությունները, որևէ թթու խոսք չի ասում ԱԱԾ գործող տնօրենի վերաբերյալ: Գուրգեն Խաչատրյանի փախուստը պետք է լուրջ հարցեր առաջացնի Նիկոլ Փաշինյանի մոտ: Նոր Վանեցյան 2-ը չափազանց լուրջ հարված կլինի պետականությանը:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3171 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ