...

Նորից հին «պլաստինկան» են միացրել

Նորից հին «պլաստինկան» են միացրել

Եվ մինչ Ադրբեջանի իշխանությունները հայտարարում են ավտոբուսային երթուղիները դեպի Շուշի բացելու մասին, մեր խորհրդարանում էլ բացվում է նոր «կռիվ-ղալմաղալ» եթերաշրջանը:

Սկսվեց նրանից, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն իր ելույթում Ռուբեն Ռուբինյանի՝ Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մասին ակնարկեց, թե տենց բաներ են ասում խորհրդարանում, Ռուբինյանը հզոր հակահարված հասցրեց՝ սպառնալով մի ուրիշ ձևի խոսել իրեն ազդեցության գործակալ համարողների հետ: Հետո՝ վեճ, հետո՝ հարաբերությունների պարզում, հետո՝ ընդմիջում, իսկ հիմա էլ պարզում են, թե ով ինչ չափով է թուրքերի հետ գաղտնի բանակցել: 

Մեզ այս պղպղջակային սերիալում մի բան է հետաքրքրում. «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները՝ բացի թուրք-մուրք գործակալ երգելուց, ուրիշ երգ չգիտե՞ն: Հասկացանք, այս իշխանությունների մասով ինչ ասվելու էր, ասվել է, գիտենք՝ ինչ են իրենցից ներկայացնում, ենթադրում ենք, թե ինչ նոր փորձանքներ կարող են բերել, բայց քոչարյանականները ուրիշ ասելիք չունե՞ն: Գնացել եք, խորհրդարանական մանդատները վերցրել, որ մենակ թուրք գործակալների մասին մուղամներ տա՞ք: Թե՞ դա է ամենահարմար թեման: Անշառ, հայրենասիրական, ոչ պատասխանատվություն է պետք, ոչ մի բան: Բացի թամաշաներ սարքելուց, առայժմ ուրիշ ոչ մի բանով աչքի չեն ընկել:

Ասելիք չունեն, որովհետև իրենց հիմնական գործն արել են. գրկել են խորհրդարանական մանդատները, գրավել ընդդիմադիր դաշտը, դրանից ավելին իրենց պետք չի: Լավ է անում Արթուր Դանիելյանը, որ դրել, Քոչարյան է տշում ֆեյսբուքում: Որովհետև Նիկոլին արժանի ընդդիմություն է: Իրար լավ գտել են, քաղաքական դաշտում կլոունադայով են զբաղված:

Ախր մենակ իշխանությունների հասցեին չեն այդպես խոսում: Ով իրենց դուրը չի գալիս, միանգամից թուրք-սորոս գործակալ են անվանում: Բայց հենց սկսում ես մի քիչ տնտղել, պարզվում է, թուրքական ազդեցության գործակալ եթե կա, ապա պետք է հենց իրենց շարքերում փնտրել (երիտթուրքերի գործակալների մասին չի խոսքը), որ ամենամեծ գրանտակերները հենց սրանց շարքերում են նստած: Փոխեք ձեր «պլաստինկան», լիքը ուրիշ թեմաներ կան:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1241 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ