...

Ո՞ր ախմախն է 5 հազար երիտասարդի գլուխ ուտում՝ գիտակցելով պարտության անխուսափելիությունը

Ո՞ր ախմախն է 5 հազար երիտասարդի գլուխ ուտում՝ գիտակցելով պարտության անխուսափելիությունը

Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ վերաբերմունքը հոգեկան առողջության թեստ է:

Պարտությունից հետո մեզ անհրաժեշտ էր անցյալի սթափ վերլուծություն, փաստերի վրա հիմնված գնահատական և երկրի համար հեռանկար բացելու գործողությունների իրատեսական ծրագիր: Այս ամենը, իհարկե, պահանջում էր հասունություն և պարկեշտություն: Միայն հասուն և պարկեշտ մարդը կարող է հանուն գործի, հանուն կարևոր նպատակի մոռանալ սեփական հավակնությունների մասին, ընդունել անգամ շա՜տ չսիրած ընդդիմախոսի ճշմարտացիությունը, սովորել նրանից և գնալ առաջ: Միայն պարկեշտ մարդն է ընդունակ հրաժարվելու այն պաշտոնից, որին ինքն արժանի չէ, քանի որ իր գիտելիքներն ու հմտաությունները բնավ չեն համապատասխանում դրան: 

Ուստի ի՞նչ պետք է աներ իշխանությունը համարյա մեկ տարի առաջ՝ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ստորագրելուց հետո: Եթե պարկեշտության գեթ մեկ կաթիլ ունենար, պետք է հայցեր հասարակության ներողամտությունը, խոստովաներ, որ պարտվել է ոչ միայն ռազմական, այլև դիվանագիտական դաշտում, և հեռանար: Չարեց:

Ի՞նչ պետք է աներ իրեն ազգային հռչակած ընդդիմությունը: Պետք է խոստովաներ, որ իր մտավորականության, իր քաղաքական առաջնորդների 20-ամյա հաշվարկը սխալ էր, որ 1997 թվականին Արցախյան խնդրի նպաստավոր լուծումից հրաժարվելը հանգեցրեց Հայաստանի թուլացմանը և բարձրացրեց պատերազմի հավանականությունը: Չարեց: Փոխարենը աղմուկ-աղաղակով բարձրացրեց ազգակործան իշխանության վարկանիշը:

Եվ երկուստեք՝ թե՛ իշխանությունը (հատկապես իշխանությունը), թե՛ ընդդիմության ամենաաղմկոտ հատվածը պայքարի նոր ռաունդ հայտարարեցին ընդդեմ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, այսինքն՝ ընդդեմ բանականության կամ ողջախոհության: 

Եվ այսպես, պարտությունից հետո սրանց բոլորի հիմնական ապացուցելիքն այն էր, որ պատերազմն անխուսափելի էր, իսկ մենք չհաղթեցինք, քանի որ դավաճաններ ունեինք: 

Հանուն ճշմարտության՝ առանձնացնենք ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներին: Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ եթե ինքը նախագահ լիներ պատերազմ չէր լինի, սակայն չբացատրեց, թե ինչու: Սերժ Սարգսյանն ավելի հեռուն գնաց՝ պնդելով, որ երբեք ոչմիթիզական չի եղել, որ երկարաձգել է իր իշխանավարումը Արցախյան հարցին խաղաղ լուծում տալու համար: Հավելենք, որ Ռոբերտ Քոչարյանն ու իր որոշ զինակիցներ սկսեցին գործածել «արժանապատիվ խաղաղություն» ձևակերպումը, որից հրաժարվում էին մոտ 20 տարի, քանի որ այն զուգորդվում էր Լ. Տեր-Պետրոսյանի հետ:

Նիկոլ Փաշինյանի մտքի գոհարներն անսպառ են, և դժվար է առանձնացնել ամենաարտառոցը: Թերևս նորից հիշեցնենք դավաճան չկոչվելու պատճառաբանությունը, որն ավելի են զարգացրել նրա ջերմ պաշտպանները՝ ասելով՝ ո՞ր ախմախն է առանց պատերազմի հող հանձնում: Նշենք, որ նման ախմախության պատասխանը գտնել գրեթե անհնար է: Ուստի հարց տանք՝ ո՞ր ախմախն է 5 հազար երիտասարդի գլուխ ուտում՝ գիտակցելով պարտության անխուսափելիությունը:

Փաստը, սակայն, մեկն է. պատերազմից կարելի էր և պետք էր խուսափել: Հանցագործություն էր հենց պատերազմը: Ն. Փաշինյանը մի ամբողջ ազգ պատերազմի տարավ դավաճան չկոչվելու համար, իսկ ավելի ճիշտ՝ հերոսանալու նկրտումներով, ի հեճուկս ՀՀ առաջին նախագահի: Բանականության, ողջախոհության և պետության դեմ հանցագործություն է սա չընդունելը, որովհետև այսպիսի հակատրամաբանությամբ երկիրը տանելու են նոր աղետների:

Զարուհի Գաբրիելյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5103 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ