«Այսօր ժողովուրդը չի գնալու Փաշինյանի պես դեմագոգի հետևից, գնալու է հավասարակշիռ, քաղաքական գիծ ներկայացնող ուժի հետևից։ Մենք ենք այդ ուժը, Արթուր Վանեցյանն է այն լիդերը, որն այդ առաջարկով է հանդես գալիս։ Եթե նախկինը մենք ենք՝ Արթուր Վանեցյանով, ապա այո՛, մենք նախկին ենք, ու ոչ թե վերադառնալու ենք, այլ գալու»,- հայտարարել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի ժամանակ:
«ՉԻ». Խաչիկ Գալստյանը, մասնագիտությամբ քաղաքագետ լինելով, կարծես թուլություն ունի այնպիսի մարդկանց հանդեպ, որոնց ստիպել են քաղաքականությամբ զբաղվել: Տարիներ առաջ զբաղեցնում էր Գագիկ Ծառուկյանի խոսնակի պաշտոնը, հիմա Վանեցյանի մոտ է: Այս մի նախագծի ձախողման դեպքում ամենայն հավանականությամբ կհանգրվանի որևէ ռուսաստանաբնակ հայի մոտ, որը Հայաստանի ներքաղաքական կյանքին մասնակցելու ամբիցիաներ կունենա:
Հետաքրքիր է՝ ի՞նչ քաղաքական գիծ է ներկայացնում Վանեցյանը: Ո՞վ գիտի նրա քաղաքական հայացքների մասին: Լիբերա՞լ է, թե՞ պահպանողական, ձա՞խ, թե՞ աջ, իսկ միգուցե Քադիրովի պես գտնում է, որ Հայաստանի ապագան Ռուսաստանի կազմո՞ւմ է՝ մեծ ինքնավարությամբ և գեներալ-նահանգապետ Վանեցյանով:
Գալստյանը պետք է որ համաձայնի՝ դժվար է «նո քոմենթներով» հասկանալ՝ այդ մարդը ինչ է ուզում, ինչպես է պատկերացնում Արցախի հարցի կարգավորումը կամ նախկին հանցագործներին պատժելու հասարակական պահանջը: Երկու տարվա մեջ Վանեցյանը այնքան հաճախ է փոխել իր կողմնորոշումները, որ նրան դժվար է անգամ դեմագոգ, ստախոս կամ անսկզբունքային որակելը: Թերևս նա սկզբունքային սկզբունք չունեցող է:
Վանեցյանը ոչ հին է և ոչ էլ նոր: Վանեցյանը հետևանք է հեղափոխության, որը փորձեց դաստիարակել նախկին ռեժիմի սպասարկուներին, սակայն ձախողվեց իր առաքելության մեջ: