Ցավոք, նույնիսկ այս խայտառակ պարտությունը, թվում է, մեզ դաս չեղավ:
Մեր հանրության մի մասը ողբում է, մյուսը՝ ընդդիմություն կոչվածը, բերանը բացել և գոռում է՝ պահանջելով իշխանության հեռացում, իսկ իշխանություն կոչվածը իմաստակություն է անում՝ փորձելով արդարացնել սեփական աղետալի ձախողումը:
Մի բան պարզ է. թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը իրար արժանի են: Եվ նույնչափ վտանգավոր են, որովհետև արկածախնդիր են: Արկածախնդրության վառ օրինակները շատ են: Հիշենք միայն սրանց պահվածքը պատերազմից առաջ: Հիմա էլ հռետորաբանությունը գրեթե նույնն է, հիմա էլ են փորձում սին հույսերով գրավել առանց այդ էլ խիստ զգացմունքային հասարակության սիրտը: Հռետորաբանությունից նոր աղետ մեկ քայլ է: Կրկնում եմ՝ վտանգավոր են բոլոր առումներով:
Քաղաքական չեզոք հայացքներ ունեցողներին վերջին օրերին անհանգտացնում է, թե ովքեր են Հայաստանի անունից բանակցելու հետպատերազմյան այս բարդագույն շրջանում: Անշուշտ, կարևոր է: Սակայն ավելի կարևոր է որոշում ընդունողի դերը:
2,5 տարի իշխանության եկած (օրինակարգ ճանապարհով) ուժը դրսևորել է իրեն այնպես, որ վստահության պաշար չունի: Այդ ուժը դանդաղկոտ է, մակերեսային, գլխավորն ու երկրորդականը չտարբերակող, բայց բավականին ամբարտավան: Մարդիկ տառապում են մեծամոլության բարդույթով, ավելի ճիշտ՝ աննախադեպության: Սրանց ոչմիթիզական հոխորտանքի արդյունքը արդեն տեսանք: Ուրեմն ճակատագրական հարցերում ինչպե՞ս կարող են որոշումներ ընդունել:
Ընդդիմություն հորջորջվածների մեծամասնությունը կա՛մ 98-ից իշխանությունը զավթածներն են, կա՛մ նրանց արբանյակները: Շատ լավ գիտենք, թե ինչ էին անում որոշումներից խուսափելու և երկիրը քայքայելու համար:
Գիտեմ՝ դժվար է, բայց պետք է լուծում տալ այս խնդրին:
Զարուհի Գաբրիելյան