...

«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ

«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ

Բարի երեկո, եթերում «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղն է: Այսօր մեր խաղին մասնակցում է ԲՀԿ-ի առաջին լեդի Նաիրա Զոհրաբյանը:

-  Բարև:

-  Եթե պատրաստ եք, սկսենք խաղը: Հիշեցնեմ, որ 5 հարցի ճիշտ պատասխանելու դեպքում կշահեք առնվազն 5000 դրամ, 10 հարցի դեպքում՝ 100000, իսկ գլխավոր մրցանակը 1 միլիոն դրամն է: Պատրա՞ստ եք:

-    Բայց մինչև խաղը սկսելը կցանկանայի նշել է, որ այսօր իմ մասնակցությունը հեռուստախաղին չէր լինի, եթե չլիներ Գագիկ Ծառուկյանը: Հենց նրա շնորհիվ եմ ես կայացել, փորձ և գիտելիքներ ձեռք բերել, Ծառուկյանը մեր ալֆան ու օմեգան է, նա լավագույնն է, ինչ որ կարող է տալ այս աշխարհը: Նա աշխարհի....

- Լավ, լավ, տիկին Զոհրաբյան, մեր ժամանակը սուղ է, միլիոնատեր կարելի է դառնալ ոչ միայն Ծառուկյանի, այլ նաև՝ մեր խաղի շնորհիվ: Եվ այսպես, սկսում ենք «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղը Նաիրա Զոհրաբյանի հետ: Հարց 1-ին. ինչպե՞ս է կոչվում կովերի խումբը. ա) հոտ, բ) նախիր, գ) կլան, դ) խմբակցություն:

-    Հոտը չի, քանի որ հոտը դուխիի դեպքում է լինում: Իմիջիայլոց, դուխիս վերջանում ա, իսկ ես մեր Առաջնորդին շատ եմ սիրում: Նա արտակարգ անձնավորություն է, շռայլ:

- Գուցե հարցի՞ն պատասխանեք:

- Հա, եկեք օգտվենք զանգ ընկերոջից հնարավորությունից: Զանգում ենք Արմեն Աշոտյանին: Ալո, Արմեն, բարև, կյանք: Լսի, ձեր խմբակցությունը ո՞նց էր կոչվում. կլա՞ն, նախի՞ր, թե՞ խմբակցություն: Հա, գիտեմ, արդեն ներել ես: Ո՞րն ա ճիշտ: Խմբակցությո՞ւնը: Մերսի, քո մասին լավ ստատուս կգրեմ: Տարբերակ «դ»՝ խմբակցություն:

-    Ճիշտ է, 100 դրամը ձերն է, հաջորդ հարցը: Ի՞նչ են տղամարդիկ սովորաբար կանանց նվիրում մարտի 8-ի կապակցությամբ. ա) ոսկե շղթա, բ) ծաղիկներ, գ) սպիտակ «Նիվա», դ) մանդատ:

-  Ես մենակ մի տղամարդ գիտեմ: Դա Գագիկ Ծառուկյանն է: Բայց ինքը ինձ «Նիվա» չի նվիրել, ես սպորտսմեն մարդ չեմ: Չէ, եկեք 50-50 տարբերակից օգտվենք: 

-    Հանում ենք 2 տարբերակը. մնացին բ և դ տարբերակները:

- Բայց էս ո՞նց եղավ: Մանդատը ես ստացել եմ ծնունդիս առթիվ, բայց պարոն Ծառուկյանը ինձ ոչ մի անգամ ծաղիկներ չի նվիրել: Հաստա՞տ ոսկե ցեպը չի:

- Դե, համակարգիչն արդեն հանել է այդ տարբերակը: Եվ այսպես...

- Դե, երևի ծաղիկներ: Էժանագին բան է, երևի դրա համար էլ Առաջնորդս ոչ մի անգամ չի նվիրել ինձ: 

-    Եվ նորից ճիշտ է, 200 դրամը ձերն է, հաջորդ հարցը: Ինչպե՞ս են անվանում մշակույթը, գիտությունը հովանավորող մարդուն. ա) օլիգարխ, բ) «ավտարիտետ», գ) մեկենաս, դ) կուլտուրիստ:

-    Իհարկե՝ մեկենաս:

-    Այդ ինչո՞ւ:

-    Որովհետև իմ կուռքը ինձ մեքենա է նվիրել: Դրանով ինքն իմ գիտությունն ու մշակույթն է հովանավորել: Պարզ գրած է՝ իմ մեկենաս: Պատասխան՝ մեկենաս:

-    Զարմանալի է, բայց դա ճիշտ պատասխանն է, 500 դրամը ձերն է: Հաջորդ հարցը. հայոց ո՞ր թագավորն է օլիմպիական չեմպիոն դարձել. ա) Տրդատ Ա, բ) Գագիկ Բ, գ) Արշակ Գ. դ) Վարազդատ:

-    Սրանից հեշտ հա՞րց: Իհարկե՝ տարբերակ «բ». Գագիկ Բ:

-    Ինչպե՞ս դա կհիմնավորեք:

-    Որովհետև Գագիկ Ծառուկյանը թագավոր մարդ է, ու իմ համար ինքը միակ չեմպիոնն է: Գագիկ Բ. նշանակում է՝ Գագիկ Բարգավաճ: Տարբերակ «բ», ստեղ հարց չկա:

-    Ցավոք, դա սխալ պատասխան էր: Ճիշտ տարբերակը Վարազդատն էր: Դուք այս խաղից հեռանում եք պարտված:

- Ուրեմն, լսի, ինչ եմ ասում: Սա ասում եմ՝ որպես Նաիրա Զոհրաբյան: Ես պարտվող չեմ, ով էլ կասկածի, լսում ե՞ս, թքեմ վրեդ, այ եզի կոտոշ, մազերդ հատ-հատ կպոկեմ, դեմդ լցնեմ, այ նախիրի ոջիլ, կբռնեմ.... 

-    Հոպ, հոպ, թողեք մազերս, մեր հաղորդումն ավարտվել է, ցտեսություն, հաջող, վերջ, գնացեք այստեղից, մինչ նոր հանդիպում, հասկացանք, լավ մնացեք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   87222 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ