Նախկին ՕԵԿ-ական, նախկին ՀՀԿ-ական, իսկ այժմ քոչարյանական Հովհաննես Շահինյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին՝ հայտարարել է. «Սարգիս Քլոյանը 2008թ.-ին «մոլոտովյան շիշը» շպրտում էր 18-20 տարեկան ոստիկանների վրա»:
Ուղղակի հիշեցնենք, որ Սարգիս Քլոյանը մարտի 1-ին քոչարյանական վարչախմբի ուժային գործողությունների արդյունքում սպանված Գոռ Քլոյանի հայրն է:
Զարմանալու բան չկա. միայն քոչարյանականները կարող են որդեկորույս ծնողի հանդեպ այսպիսի վարքագիծ դրսևորել: Եթե իրենց «հերոսը» ժամանակին հայտարարում էր, որ մի բարևի համար սպանված Պողոս Պողոսյանը ողջ լիներ, իրեն ասելու բան կունենար, իր ֆանատն էլ այսպիսի բան պիտի ասեր: Ուրիշ ի՞նչ էիք սպասում:
Մարտի 1-ի գործով հազարավոր տեսանյութեր, փաստաթղթեր, զեկուցագրեր, վկայություններ կան. ոչ մի տեղ չի նման փաստ չկա, որ Սարգիս Քլոյանը «մոլոտովյան շիշ» է շպրտել ոստիկանների վրա:
Նման բան գոնե մենք չենք հիշում: Փոխարենը հիշում ենք, թե այս նույն Հովհաննես Շահինյանը 2008թ. նախագահական ընտրություններում ինչ «հերոսություններ» է արել: Ուղղակի ներկայացնում ենք 2008թ. փետրվարի 19-ին «Ա1+»-ի հրապարակումներից մեկը, որը վերնագրված է՝ «Բանդան ղեկավարում էր Հովհաննես Շահինյանը»: Այսպիսի հրապարակումները շատ-շատ են, որտեղ հոլովվում է Հ. Շահինյանի անունը:
«Այսօր ժամը 19.30 ի սահմաններում «Ա1+»-ը ահազանգ ստացավ, որ 4/26 տեղամասում Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց ծեծի են ենթարկել և դուրս հանել տեղամասից: Տեղամասում մեզ դիմավորեց հանձնաժողովի նախագահը և տեղեկացրեց, որ ժամը 19-ի սահմաններում Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձինք դուրս են եկել և այլևս չեն վերադարձել: ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի և մյուս հանձնաժողովականներն ու վստահված անձինք վստահեցնում էին, որ իրենք տեղամասի ներսում ոչինչ չեն լսել:
Ի դեպ, մեզ հետ ահազանգով տեղամաս էին ժամանել նաև դիտորդներ ԱՊՀ, ԵԱՀԿ և ԵԽԽՎ առաքելություններից: Նրանք սակայն տեղում ոչինչ չհայտնաբերելով` զրուցել էին իրենց պատկերացմամբ` ընդդիմադիր ՕԵԿ-ի հանձնաժողովի անդամի և վստահված անձի հետ, որոնք հերքել էին ծեծի կամ որևէ խախտման փաստ, զրուցել էին նաև տեղամասի տարածքում հերթապահություն իրականացնող ոստիկանների հետ, որոնք բնականաբար ևս հերքել էին ծեծի փաստը:
Ավելին, ժամը 20.00-ին, երբ փակվեց ընտրական տեղամասը, առանց Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց սկսեցին ամփոփել քվեարկության գործընթացը: 20.10-ից տեղամաս ժամանեց ՀՀ նախկին վարչապետ, Տեր-Պետրոսյանի շտաբի անդամ Հրանտ Բագրատյանը՝ նախագահի թեկնածուի վստահված անձի հետ: Հանձնաժողովի նախագահը համառորեն չէր բացում դուռը և չէր լսում Բագրատյանին: Նա նաև հրաժարվում էր մեզ դուրս թողնել տեղամասից՝ վստահեցնելով, որ նախ մենք մտել ենք և իրավունք չունենք դուրս գալ, ապա, երբ մենք իրազեկեցինք հանձնաժողովի նախագահին մեր իրավունքների մասին, պատճառաբանեց, որ եթե դուռը բացի, կարող են «լցվել ներս»:
«Լցվողները» 3 հոգի էին, որոնցից պաշտպանվելու նպատակով հանձնաժողովի նախագահը ահազանգեց ոստիկանություն, որ մի «100 հոգի շրջապատել են իրենց»: 5 րոպե անց ոստիկանության մեծ ջոկատ՝ 5 ավտոմեքենայով, ընդ որում մեկը՝ ԵՐԱԶ, ժամանեցին դեպքի վայր՝ կարգի հրավիրելու իրենց սահմանադրական իրավունքները պաշտպանել փորձող 3 հոգու: Նրանց համար էլ անսպասելի էր այն, ինչ տեսան տեղում՝ 3 հոգի և երկու լրագրող: Ի դեպ, մինչ մեր տեղամասից դուրս գալը, մենք փորձեցինք ԿԸՀ-ից պարզաբանում ստանալ, թե ինչու մեզ թույլ չեն տալիս դուրս գալ տեղամասից: Եվ երբ մեր բջջայինի վրա զանգ եկավ, և մեզ խնդրեցին փոխանցել հանձնաժողովի նախագահին, պարզվեց, որ զանգահարողը ոչ թե ԿԸՀ-ից էր, այլ Հրանտ Բագրատյանը, որը այլ ելք հանձնաժողովի նախագահի հետ խոսելու չէր գտել: Այս փաստը ԵԱՀԿ և ԱՊՀ դիտորդական առաքելությունը որակեց որպես ճնշում հանձնաժողովի վրա և գրանցեց «Ա1+»-ի լրագրողի և օպերատորի անունները, որպես «իրավախախտներ» և խոստացան, որ մեր անունները կզետեղվեն իրենց զեկույցներում: Իսկ երբ մենք հարցրինք, թե իրենց արդյոք չի՞ հետաքրքրում, թե որտեղ են Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձինք, Անդրեյ Սմիրնովը ԱՊՀ դիտորդական առաքելությունից և Մոսկովկովա Տատյանան ԵԱՀԿ առաքելությունից պատասխանեցին, որ ծեծի փաստ իրենք չեն հայտնաբերել, դա եղել է կեղծ ահազանգ, ոստիկաններն էլ հերքել են ծեծի փաստը, իսկ մեր գործունեությունը նրանց թվաց ակնհայտ խոչընդոտում:
Մենք դիտորդներին ներկայացնում ենք այն մարդկանց դեմքերը, որոնք ծեծի են ենթարկվել: «Ա1+»-ը նրանց հետ զրուցեց Արաբկիրի Տեր-Պետրոսյանի շտաբում: Նրանք պատմեցին, թե ինչպես են մի քանի ավտոմեքենաներով, մոտ 40 ջիպ ավտոմեքենաներով լցվել տեղամասի բակ և ծեծի ենթարկել Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձին և դիտորդին, ներսում գտնվող դիտորդին էլ դուրս են հրավիրել և բառացի ասել՝ «Տեր-Պետրոսյանի մարդիկ ստեղ անելիք չունեն, էլ հետ չգաք»: Տեղամաս ներխուժած և վստահված անձանց ծեծի ենթարկած «բանդան», ըստ տուժողների, «ղեկավարել է անձամբ Արաբկիրի թաղապետ, ՀՀԿ խորհրդի անդամ Հովիկ Շահինյանը»:
Ի դեպ, դիտորդները, որոնք ամբողջ օրվա ընթացքում հետևել էին ընթացքին, մեզ հետ զրույցում վստահեցրին, որ «1200 ձայնից 800-ը Տեր-Պետրոսյանի օգտին են քվեարկված, դրա համար են խառնվել»:
«Կատարվածը այլանդակություն է, այն սկսվեց 6.30-ից, երբ հանձնաժողովի սեյֆերը բացված էին, առանց հանձնաժողովի անդամների, այլանդակությունը շարունակվեց, ամբողջ ընթացքում Ջիպեր կային, որոնք պտտվում էին տեղամասից տեղամաս, լցնում, կեղծում, ահաբեկում, և գագաթնակետը 4/26-ն էր, երբ 60-70 ջիպով հարձակվել էին տեղամասի վրա, դուրս հրել բոլոր, ոչ միայն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց, ծեծել-ջարդելով, գետնին արյունլվա պառկեցնելով, ահաբեկելով շարունակել իրենց գործը: Ոստիկանությունը դեռ գործ չի հարուցել: Սա գռեհկության, չոբանության արտահայտություն էր, որ այստեղի խուլիգանը հավաքված՝ լակոտների կրիմինալի հետ խանգարում են ամբողջ պրեցեսը»,- այսօր հայտարարեց Արաբկիրի Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետ Արամ Մանուկյանը»:
Հ.Գ. Կարծում ենք, այստեղ մեկնաբանելու բան չկա: