Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ նիստում հայտարարել է. «Կրճատելով ամանորյա ոչ աշխատանքային օրերը՝ մարդկանց մեծ մասը տոներին կմնա Հայաստանում ու չի մեկնի արտերկիր: Ամանորի վեց-յոթ օրվա ընթացքում զբաղվում ենք որկրամոլությամբ, ու դա հակաքրիստոնեական է»:
«ՉԻ». Մարդը ճիշտ բան է ասում: Ավելին, մենք առաջարկում ենք, որ Ամանորին ընդհանրապես ոչ աշխատանքային օրեր չլինեն: Թե չէ Նոր Տարվա գիշերը զբաղվում ենք հարբեցողությամբ, շամպայն, կոնյակ-մոնյակ ենք խմում, ու դա Ժնևի կոնվենցիաների խախտում է:
Պետք է նաև հանգստյան օրերը՝ շաբաթն ու կիրակին, դարձնել աշխատանքային: Այդ դեպքում մարդկանց մեծ մասը կմնա ոչ թե Հայաստանում, այլ ընդհանրապես իր քուչից դուրս չի գա: Դրա արդյունքում կողքի խանութների ՀՆԱ-ն կաճի 142,1 տոկոսով:
Ամենաշատը պրն Քերոբյանի այս նոր գաղափարներից ուրախացել են խոզի գոճիները, որոնք ամեն տարի հարյուրներով հայ ազգի որկրամոլության զոհ էին դառնում: Ոչխարներն էլ են ողջունում որկրամոլության դեմ այս պայքարը: Էս ոնց որ իշխանությունները թազա ընտրազանգված են հավաքում:
Բայց ամենակարևորը, որ մեր հարգարժան նախարարը, պարզվում է, քրիստոնեական արժեքներ է դավանում: Այս տեմպերով շարունակի, հայ ազգին պարտադրելու է տարվա կեսը պաս պահել: