Վահան Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մարգարիտա Սիմոնյանին այն հայհոյողները, ովքեր կարողանում են զսպել զգացմունքները, որ ողջախոհության սահմանը չանցնեն, հենց այս պահին թող պատկերացնեն, որ Թուրքիայի սահմանից հանվում են ռուսական սահմանապահները, ի՞նչ է լինում Հայաստանի հետ։
Բայց հայ-ռուսական հարաբերությունները միայն ռազմականը չի՝ Ռուսաստանը Հայաստանի համար 1 տնտեսական գործընկերն է, տարեկան 100 հազար հոգի գնում է Ռուսաստան աշխատելու, Ռուսաստանը էժան գազ է տալիս և այլն, և այլն։ Եթե շատ չզոռեն, ինչպես Սաակաշվիլին, բանակը չի հանի, բայց հազար գործիք ունի հակազդելու, որ հպարտների վրա չի ազդելու, բայց հազարավոր խեղճ մարդիկ են տուժելու»։
«ՉԻ». Ժողովուրդ ջան, ուրեմն՝ այսպես ենք պայմանավորվում: Սրանից հետո, որ ինչ-որ չորրորդ սորտի անձնավորություն հայհոյի ձեզ, ձեր պետությանը, թուք ու մուր տեղա իշխանությունների հասցեին, ծաղր ու ծանակի ենթարկի հասարակությանը, հանկարծ ծպտուն չհանեք, եթե նա ռուսական պետական ինչ-որ հեռուստատեսության ղեկավար է: Սսկվեք, վեր ընկեք տեղներդ, կուլ տվեք այդ վիրավորանքները, կամ չտեսնելու տվեք, միայն թե ռուսական զորքերը Հայաստանից չհեռանան, թե չէ՝ կորած ենք:
Որ ռուսական ինչ-որ գործակալ մեր մասին նվաստացուցիչ մտքեր հայտնի, էլի լուռ մնացեք, որ գազը չթանկանա: Ընդհանրապես, այդ պատվի զգացում, արժանապատվություն, հպարտություն... այդ թիթիզ բաները մի կողմ դրեք, հլու-հնազանդ, ստրուկի պես արեք այն ամենը, ինչ ասում են ձեզ հյուսիսից:
Վազգեն Մանուկյանի աներձագ ջան, քո մեսիջները ճիշտ ենք, չէ՞, ժողովրդին հասցնում: Բավարարված ե՞ս: Ուզո՞ւմ ես, տակն էլ գրենք՝ Շնորհավոր Սուրբ Ծնունդ ու Ամանոր:
Մեր կողմից միայն այն ավելացնենք, որ եթե CNN-ի ղեկավարը մեզ հայհոյի, էլի ձայն չհանեք, մեկումեջ օգնություն է, բան է, տալիս են, կկտրեն դա, չինական «Սինհուա» գործակալության շեֆի քֆրտոցներին էլ չարձագանքեք, կյանք է, մի օր, մի տեղ մի չինացու հետ «կռաստվենք»: Համ էլ՝ մեզ զենք-մենք են վաճառում: Դե, BBC-ի նախագահի մասով ընդհանրապես չենք խոսում. ավել-պակաս խոսի, թուշը դեմ տվեք, թող մի հատ էլ ապտակի, միայն թե բրիտանական սուզանավերը հայկական բարձունքներին չխփեն:
Հ.Գ. Բայց Վանո Սիրադեղյանն ինչ լավ է ասել. «Անկաշկանդ որոճացե՛ք ձեր տխմար մտքերը աշխարհի համաժողովներում, դուք անխոցելի եք։ Ոչ պատասխանատվություն է պետք, ոչ հոդաբաշխ լեզու, ոչ առավել ևս՝ ուղեղ, որովհետև ամեն ինչի դեմ մի «սպանիչ փաստարկ» ունեք, որ կրկնում եք անցյալ, ներկա ու ապագա ժամանակներով՝ «Բա որ մեզ մորթել են», «Բա որ մեզ մորթում են», «Բա որ հանկարծ մորթեն»… Իրոք, անասնական մտահոգություն»: