...

Ռոբերտ Քոչարյանի երազը

Ռոբերտ Քոչարյանի երազը

Ինքը ռուսական ՌԲԿ-ին ու հայկական ԲՀԿ-ին հարցազրույց է տալիս: Թեման՝ իրանա-պարսկական հակամարտությունն է ու դրա հետևանքները արցախա-ղարաբաղյան տարածաշրջանի վրա:

«Ես ներողություն եմ խնդրում հայերեն խոսելու համար, քանի որ Ռուսաստանը իմ սրտում առանձնահատուկ տեղ ունի: Ո՜նց ա դզում, որ Ռուսաստանը «ռ» տառով է սկսվում, մաշալլահ»:

«Ինչպես կգնահատեք ներկայիս իրավիճակը»,- հարցնում է ԲՀԿ-ի առաջատար լրագրող Նաիրա Զոհրաբյանը:

«Դե, գիտեք, ես հլը կոմունիզմի վախտվանիցը ակտիվ քայլեր էի կատարում: Ի՞նչ էր կոմունիզմը. դա սոցիալիզմն էր՝ պլյուս ամբողջ երկրի էլեկտրիֆիկացիան: Երբ ես իննասնըութ թվին եկա Հայաստան, այլ բանաձև կիրառեցի. Հայաստանը դա բիզնեսն էր՝ պլյուս ամբողջ երկրի կրիմինալիզացիան: Դա երկիրը հանեց ճգնաժամից, շատ էֆեկտիվ էր, իմ տանեցիների օրինակով կարամ ասեմ, որ ժողովուրդը հարստանում ու բարգավաճում էր: Իսկ հիմա երկիրը տանում են կործանում: Սա ի՞նչ է, Հայաստանը դարձրել են թավիշ՝ պլյուս ամբողջ երկրի սորոսիզացիան: Աբսաալյուտնո նեդապուսծիմա»:

«Իսկ դուք ո՞ւմ հետ եք համագործակցելու»,- հարցնում է Մարգարիտա Սիմոնյանը:

«Մի րոպե, դուք «Russia Today»-ից» չե՞ք»,- հարցնում է ինքը:

«Այո»,- պատասխանում է Մարգոն:

«Մի րոպե, դա Կրեմլինը չի՞»,- չի հանգստանում ինքը:

«Իհարկե»,- ասում է Մարգոն:

«Օօ՜»,- հալված բացականչում է ինքը և խոնարհվում Մարգոյի առջև,- «Կներեք, միանգամից չճանաչեցի, օ՜, մի քիչ լցվել եք, օօօօ՜»,- էքստազի մեջ ընկած, ասում է ինքն ու մինչև գետինը խոնարհվում:

«Վայ, պետք չէ, պետք չէ»,- շոյված, ասում է Մարգոն: «Պետք չէ, որ ձեզ էլ Միստր Դնո ասեն»:

«Հա, շնորհակալ եմ, որ պատվել եք ձեր ներկայությամբ: Գիտե՞ք, իմ պաշտոնավարման տարիներին ոչ մի բանից խաբար չէի: Ով ա Սորոսը, Սևանը լիճ ա, թե հյուրանոց, Չարենցը փողոց է, թե հազար դրամանոց, խալադիլինիկում ինչ կա: Մենակ երկու բան գիտեի. Կենտրոնական բանկի տեղն ու Պուտինի հեռախոսի համարը:  Օօօ՜, որ տեսնեք, կբարևեք»,- ասում է ինքը:

«Կբարևեմ, կբարևեմ, բայց դուք հարցիս պատասխանեք. թեժ աշուն է սպասվում, ո՞ւմ հետ եք պատրաստվում համագործակցել»,- հարցնում է Սիմոնյանը:

«Ձեր հարցի պատասխանն այստեղ է՝ այս հեռուստացույցում ու մեկ էլ այս ծելեվիզրում»,- ասում է ինքը և միացնում հեռուստացույցը: Միացնում է ինչ-որ ալիք, որտեղ դաշնակները դալանի տակ Գառնիկ Իսագուլյանին են տփում՝ ներման խնդրագիր չներկայացնելու և ՀՅԴ չվերադառնալու համար: «Ըհը, սրանք իմ ռազմական թևն են, էն ծեծ ուտողն էլ՝ իմ հակահետախուզական»:

Փոխում է ալիքը. իսկ այնտեղ Գագիկ Ծառուկյանը պահանջում է, որ այսուհետ ԲՀԿ բոլոր երիտասարդները, բացի դրես-կոդից, նաև գլուխ-կոդ պահեն: «Սա էլ իմ ֆինանսական թևն է»:

Նորից է փոխում ալիքը. Արթուր Վանեցյանը ականջը դրած դռան անցքին, ինչ-որ բան է գաղտնալսում. «Սա իմ ռուսական թևն է»:

Պուլտի կնոպկան սեղմում է, հաջորդ ալիքն է բացվում, իսկ այնտեղ Աննա Հակոբյանը դիվերսիոն գործողություն կատարելով, գրավում է Աշաղլու բարձունքը: Ինքը սփրթնած փոխում է ալիքը, որտեղ Նիկոլ Փաշինյանը ներկա է նախադեպը չունեցող նախադեպի բացման արարողությանը:

Գժված միացնում է 5-րդ ալիքը, իսկ այնտեղ իրեն են ցույց տալիս՝ դատարանում, ճաղերի ետևում: «Սա էլ իմ ապագա թևն է»,- հոգոց է հանում ինքը:

Արթնանում է Պարսկահայաստանում:

«Չորրորդ իշխանություն», թիվ 25, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ