...

Մարգոյի ամոթը

Մարգոյի ամոթը

Նախկին ռեժիմի ագիտպրոպը աշխատում է բոլոր ուղղություններով ու «արտադրական ամբողջ ծավալով»` ներգրավելով նաև միջազգային գործընկերներին: Նիկոլ Փաշինյանից «հոգեկան հիվանդ», «դավաճան», «սեփական պատմությունն ուրացող», ԼԳԲՏ քարոզիչ ... կերտելու հարցում չի բավարարվում տեղական արտադրության «կերտիչներով» և որոշել է օգտագործել նաև հանրահայտ Մարգարիտա Սիմոնյանի «արտադրական հոսքագծերը»:

Պուտինի «լրատվական սրճեփն» ու «Միջազգային սղոցարան»-ի գլխավոր փայտահատ Տիգրան Քեոսայանի կինը, ինչպես հայտնի է, ֆեյսբուքյան իր հերթական գրառման մեջ մեջբերում է արել Նիկոլ Փաշինյանի` 2005-ին տպված «Մոռանալ նախնիներին» հոդվածից, ու...իր նախատատի անունից թքել Փաշինյանի աչքերի մեջ: Վերջում էլ ռուսերեն գրել` АМОТ: Պատկերացնո՞ւմ եք, տիկինը 15 տարի սպասել է, 15 տարի եփվել է վիրավորանքից, 15 տարի զսպել իրեն, չի արտահայտվել, սպասել է, որ ՀՀ-ում հեղափոխություն տեղի ունենա, Սերժ Սարգսյանը հեռանա, Քոչարյանին մեղադրանք առաջադրվի, նրան միջնորդությամբ ժամանակավորապես ազատեն կալանքից ու նոր միայն հիշի 15 տարվա վաղեմության սույն հոդվածի մասին ու արձագանքի դրան: Ինչպիսի՜ օպերատիվություն: Ակնհայտ է, որ տիկին Մարգոն սեփական նախաձեռնությամբ չի հիշել այդ հոդվածի մասին, նրան պարզապես օգնել են հիշել: Թե ով կամ ովքեր` դժվար չէ կռահելը:

Հոդվածի կոնտեքստից ինչ-որ «կրիմինալ» հատված կտրելու ու դրա շուրջ լալահառաչ դատողություններ անելու` տիկին Մարգոյի փորձը շատերի մոտ դեժավյու առաջացրեց: Ընթերցողը հավանաբար հիշեց, որ նման մի դեպք էլ տեղի է ունեցել 2018-ի մայիսի 1-ին, երբ ԱԺ-ն պետք է վարչապետ ընտրեր Փաշինյանին: Վերջինիս մեկ այլ` 2001-ին գրված հոդվածից այդ օրը մեջբերում արեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Սերժ Սարգսյանի նախկին մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը: Նույն ինքը` «ՊՈԱԿ-ի Արիկի», ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանի, Միքայել Մինասյանի PR թիմի ղեկավարի զարմիկը: Այն նույն Արա Սաղաթելյանը, որին մի քանի ամիս առաջ լուսանկարել էին Մոսկվայում` իր 22 տարվա ընկեր Արթուր Վանեցյանի հետ փողոցով քայլելիս:

Այժմ կարճ ներկայացնենք, թե որն էր տիկին Սիմոնյանի մեջբերած հոդվածի ասելիքը: Այն, որ մեր նախնիները մեզ են ժառանգել այնպիսի պատմություն, որը լի է ցեղասպանություններով, ստորացումներով, դավաճանություններով և անբարոյականությամբ: Եվ ոչինչ չեն արել, որ մենք այսօր ապրենք ավելի արժանապատիվ ու ավելի հպարտ: Եվ ուրեմն` «եկեք ամեն ինչ իսկապես սկսենք զրոյից, կարծես Աստված հենց նոր ստեղծեց մեզ, ու մենք անցյալում ոչինչ չունենք»:

Մի կողմ թողնելով այն` արդյոք համաձա՞յն ենք հոդվածում շարադրված դատողությունների հետ, թե ոչ, տիկին Մարգոյին առաջարկում ենք 15-20 տարի հետ գնալ: Ընդամենը, և տեսնել, թե ինչ են իրենցից հետո թողել ոչ վաղ անցյալի նախնիները` իշխանության բոլոր երեք ճյուղերի ուզուրպացիա, ընտրակեղծարարության հարուստ ավանդույթներ, քաղաքական համակարգի այլասերում, մի քանի օլիգարխի կողմից մեջ-մեջ արված տնտեսություն` Բաղրամյան 26-ում նստած գլխավոր օլիգարխի անմիջական հսկողությամբ, կեղեքված, թալանված ընդերք, Սիմոնյանի ծննդավայր ՌԴ-ին հանձնված գույք` պարտքի դիմաց, սեփականության իրավունքից զրկված հարյուրավոր տնանկ քաղաքացիներ, աղքատություն, արտագաղթ, «Հոկտեմբերի 27», «Մարտի 1», Ապրիլյան պատերազմ` 100 զոհերով ու 800 հեկտար կորստով... Թեև տիկին Մարգոյի աչքերի մեջ նայելու հնարավորություն չունենք, սակայն նրան հեռահար մի երկու հարց հղենք` եթե իր նախատատը ողջ լիներ ու իմանար, որ Ցեղասպանություն տեսած հայ ժողովուրդն իր երկրում սեփական կառավարիչների կողմից ենթարկվել է նման կեղեքումների ու ստորացման, ի՞նչ կաներ: Վստահ ենք, որ տեղը տեղին ու ի խորոց սրտի կթքեր կեղեքիչների աչքերի մեջ` մինչ այդ արդեն իսկ թքած լինելով տիկին Մարգոյի աչքերի մեջ, որոնք տեսել են այս ամենը, բայց չտեսնելու են տվել և հենց այդ սիմուլյանտության համար էլ պարգևատրվել են: Բայց ոչ թե կույրերի համար նախատեսված ակնոցով, այլ` Մովսես Խորենացու մեդալով: АМОТ, հազար անգամ АМОТ:

Հեղինե Մանուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1554 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ