...

Ղարաբաղի փրկություն բանալին․ ուշ, բայց ոչ ուշացած

Ղարաբաղի փրկություն բանալին․ ուշ, բայց ոչ ուշացած

Հոկտեմբերի 8-ին 49 կողմ, 18 ձեռնպահ և 2 դեմ ձայներով Ժնևի քաղաքային խորհուրդն ընդունեց Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու, Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը ճանաչելու և Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում սառեցնել պարտադրելու մասին բանաձևը: «Ժնևի քաղաքային խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ որպես նրանց անվտանգության երաշխավորման միակ հնարավորություն»,- նշվում էր բանաձևում: Մասնավորապես այս նախադասության ներառումը հիշյալ բանաձևին բովանդակային հնչեղություն է հաղորդում, քանի որ այսպիսով կիրառվում է «անջատում՝ հանուն փրկության» դոկտինը։ Այսպիսով Ժնևի քաղաքային խորհուրդը արձանագրեց հիշյալ դոկտրինը ԼՂ խնդրի կարգավորման մեթոդաբանություն ներառելու անհրաժեշտության մասին։ 

Թեև սեպտեմբերի 27-ին սկսած պատերազմի հաջորդող օրերին ՀՀ իշխանությունները բարձրացրին ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի անկախության հնարավոր ճանաչման հարցը, սակայն մինչ այս պահը ձեռնպահ են մնում ճանաչումից։ Իր հարցազրույցներում ԼՂՀ անկախության ճանաչման հարցը միջազգային հանրության կողմից բարձրացրել է նաև վարչապետ Փաշինյանը։ Մասնավորապես La Republica-ին ասել էր․ «Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է ցեղասպանության սպառնալիքի ներքո, ուuտի այս սպառնալիքը կանգնեցնելու տարբերակը միջազգային հանրության և եվրոպական երկրների կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելն է»: 

Նախօրեին էլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ ողջ հայության ներուժը պետք է կենտրոնացնել «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքի կիրառմանը հասնելու համար։ «Անջատում հանուն փրկության» սկզբունքը, որը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսևորումն է, իրավունք է տալիս առանձին խմբերին, ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված նույն հետևանքներին։ Հատկապես սա պիտի դրվի Ղարաբաղի հարցի կարգավորման մեր հայեցակարգի հիմքում և վարձկան-ահաբեկիչների ներգրավվածությունը ընթացիկ պատերազմին, Թուրքիայի և Ադրբեջանի ահաբեկչական գործելակերպը նման միջազգային ըմբռնման հասնելու իրական հնարավորություն է տալիս»,- գրել էր Փաշինյանը։ 

Նկատենք, որ հիշյալ դոկրինի /remedial secession-դարմանող, փրկիչ անջատողականություն/ կիրառմաբ ԼՂՀ-ի անկախության ճանաչման «պատեհ առիթ» էր նաև 2016-ի ապրիլյան քառօրյան։ Հայաստանը և Արցախը ադրբեջանական վայրագությունների հարցը միջազգային հարթակում բարձրացնելու հնարավորություն ունեին, որից, սակայն, չօգտվեցին: Հայաստանը կարող էր դիմել ՄԱԿ-ի ռասսայական խտրականությունների հանձնաժողով, իսկ ԼՂՀ-ն՝ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդին, որին դիմելու համար, նկատենք, ամենևին պարտադիր չէ լինել ճանաչված պետություն։ 

Երկաթը պետք էր տաք-տաք ծեծել 

Հիշեցնենք, որ դեռևս 2016-ի դեկտեմբերին Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «ԼՂ հակամարտության կարգավորումը և «Անջատում հանուն փրկության սկզբունքը» թեմայով ֆորում-քննարկում, որի ժամանակ ուշագրավ ելույթ ունեցավ միջազգային իրավունքի մասնագետ ֆրանսահայ Րաֆֆի Գալֆայանը։ Նա նշեց, որ խնդրո առարկա սկզբունքի կիրառումը կարող է նպաստել ԼՂՀ անկախության հռչակագրի միջազգային ճանաչմանը, ապա հավելեց, որ իր ստեղծման ակունքներում ինքնորոշման իրավունքը չի նախատեսել որևէ երկրի տարածքի անջատում. «Այն մասնավորապես իրենից ներկայացրել է պետության կողմից մարդկանց խմբի որոշակի իրավունքների ու անվտանգության ապահովում: Կարևոր է նշել այն հանգամանքը, որ հիշյալ սկզբունքը չէր կարող կիրառվել տվյալ երկրի իշխանությունների համաձայնության բացակայության պարագայում: Սակայն, ժամանակի ընթացքում այս սկզբունքը լրացվել է և ի հայտ է եկել ոչ միայն ներքին, այլև արտաքին ինքնորոշման սկզբունք, այն է՝ անջատում տվյալ երկրից»: Այս համատեքստում պետք է վկայակոչել Կոսովոյի անկախացումը։

Ընդգծենք, որ երբ /2010 թ․-ին/ Միջազգային դատարանը օրինական ճանաչեց Կոսովոյի անկախության հռչակագիրը, ի պատասխան Սերբիայի հարցման, որպես Կոսովոյի անկախության հիմք նշել էր հետևյալը` անկախություն հռչակելիս Կոսովոն ուժ չի կիրառել իր ավելի քան տասնամյա միջանկյալ կարգավիճակի ընթացքում, ապացուցել է իր պետական կենսունակությունը: 

Միջազգային դատարանի կողմից առաջ քաշված 4 հիմնական չափորոշիչները հետևյալն էին․

♦ Առաջին՝ մարդկանց խումբը պետք է նույնականացվի տվյալ երկրի տարածքում։

♦ Երկրորդ՝ մարդկանց խումբը պետք է բնակվի տվյալ երկրի որոշակի տարածքում։ (Հատուկ շեշտենք, որ արցախահայությունը չէր կարողանա օգտվել իր արտաքին ինքնորոշման իրավունքից, եթե սփռված լիներ ողջ Ադրբեջանի տարածքով)։

♦ Երրորդ չափորոշիչը  տվյալ տարածքում մեծամասնություն կազմելու հանգամանքն է, չորրորդն էլ այն է, որ արտաքին ինքնորոշման իրավունքը կարող է կիրառվել, երբ խախտվել են տվյալ մարդկանց խմբի ֆունդամենտալ իրավունքները, վտանգի տակ է նրանց կյանքի, գոյության իրավունքը։  

Ֆրանսահայ մասնագետը նշել էր նաև, որ որպես ինքնորոշման իրավունքի պայման միջազգային պրակտիկայում մատնանշվում է նաև համայն հայությանը քաջածանոթ «ցեղասպանություն» եզրույթը: 

Ակնհայտ է, որ հիշյալ բոլոր հիմնական չափորոշիչները, որոնց հղում անելով հնարավոր է հասնել ԼՂՀ-ի «փրկիչ անջատմանը», առկա էին և են ինչպես 2016-ին, այնպես էլ այժմ, երբ թշնամին՝ ի դեմս Ադրբեջան-Թուրքիա տանդեմի, խախտելով միջազգային իրավունքի, «պատերազմ վարելու»  մի շարք նորմեր, և արցախահայությանը սպառնում է ցեղասպանությամբ։

Հեղինե Մանուկյան  

Հ․Գ․ Միջազգային մարդասիրական իրավունքի փաստաթղթերը, մասնավորպես Ժնևյան կոնվենցիան՝ կից արձանագրություններով, որոնք, ի դեպ, վավերացրել է նաև Ադրբեջանը, արձանագրում են զինված հակամարտությունների, պատերազմների «կանոնները»։ Օրինակ՝ սահմանի մյուս կողմում հայտնված թե՛ ռազմագերիների, թե՛ քաղաքացիական անձանց նկատմամբ պետք է ցուցաբերվի մարդասիրական վերաբերմունք, պետք է նվազագույնի հասցնել քաղաքացիական բնակչության շրջանակներում և որոշ խմբերի շրջանակներում մահերը կամ նրանց հիմնարար իրավունքների խախտումը, հարգանք ռազմագերիների արժանապատվության նկատմամբ, հարգանք անձնական կյանքի նկատմամբ /խոսքը վերաբերում է նվաստացված վիճակում գտնվողների վերաբերյալ վիդեոները, նրանց պատկերը, փաստաթղթերը ցույց տալուն/։ 

Թե 2016-ին, թե այժմ, թշնամին ցնցում ու «փայլում» է իր վայրագություններով, որոնք անթիվ-անհամար են։ Օրինակ՝ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեսանյութերը, թե ինչպես են հայ գերիներին կրակահերթով սպանում, ընդ որում՝ դաժանաբար, արժանապատվությունը նսեմացնելու եղանակով, ձեռքերը մեջքի հետևում կապած վիճակում։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ