...

Որ Կայենները հեռու են Աբելներից

Որ Կայենները հեռու են Աբելներից

Սիրելի՛ ընթերցողներ, ձեզ ենք ներկայացնում հայտնի ռեժիսոր և սցենարիստ Ռոման Բալայանի նամակը Հրանտ Մաթևոսյանին։ Գրողի «Հաց և բառ» («Хлеб и слово») ռուսերեն ժողովածուն լույս էր տեսել 1974-ին։ Եվ ռեժիսորը, 1975-ին շնորհավորելով Հ․ Մաթևոսյանի ծննդյան տարեդարձը, գրում է նրա ստեղծագործության մասին, Հայաստանի և հայերիս մասին։ Կարդանք առանց ծամածռվելու, որովհետև Հայաստանը միայն «ջինսավոր Երևանը» չէ։   

   13.02.1975 թ․  
    Կիև

Թանկագի՛ն Հրանտ,

կարդացի Ձեր «Հաց և բառ»-ը։ Հաճելիորեն ապշած եմ «Սկիզբը» նովելից։ Եթե չեմ սխալվում, սա ժողովածուի լավագույն գործն է։ Սա, երևի, շատ մեծ Մաթևոսյանի «սկիզբն» է։ Խորաթափանցության և զգացմունքի ուժով, տրամադրությունների երանգով՝ անասելի լավ է։ 

Եվ հենց այս սկզբունքներով ավելի ուժեղ է, քան իմ պաշտելի «Գոմեշը»։ 

Ավելի ուժեղ է, որովհետև սա ապրված ճշմարտություն է՝ Ձեզ հարազատ, որովհետև սա նման է ընկնող աստղի հետքին, որ տեսել ես։ Եվ հիշում ես հավերժ։

Ինչ-որ տեղ՝ չորրորդ էջում, թվում է, որ գործի ռիթմն անհարկի դանդաղեցված է, բայց հետո մեկ էջ էլ ես կուլ տալիս, հպատակվում ես և հասկանում․ այս դանդաղկոտ տոնը նույնն է, ինչ տղեկի ձվերում սերմի դանդաղ, տանջող հասունացումը։

Նովելում հոտ կա։ Ուռա՛։

Աթարի, ձիու թրիքի, մանկական կապույտ, միզաթաթախ, ռեզինով վարտիքի հոտն է, և դա զիլ է։ Սա է՛ Հայաստանը։ Ջինսավոր Երևանից դուրս։ Ավա՜ղ․․․

Հոտած, գաղջ, շնչահեղձ, ինչպես մեծ «հրեական» ընտանիքը, որ պահպանվել է միայն փրկիչ սխտորն օգտագործելու շնորհիվ։ 

Շատ ու շատ հուզեց ինձ նովելը։

Մյուս վիպակում հոյակապ հատված է, երբ Աղունը հիշում է կյանքը սկեսուրի մոտ՝ գոմում՝ կովերի, ոչխարների կողքին, նրանց թրիքի գոլորշին․ ի՜նչ ցավ ես զգում այս հայուհու՝ աղջկական բախտի համար։ Իսկ սա շրջան է․․․

Ինչքա՜ն անթաքույց է, կեղտոտ ու զիլ։

Ինչո՞ւ ենք մենք այսքան աղքատ, Հրա՛նտ։ Գուցե շատ է շեղումը և շեղվածները։ Այնքա՜ն քիչ են հայերը և այնքա՜ն ցրված փոթորիկներից։

Իսկ գուցե սա ելք է հայերի համար, որ Կայենները հեռու են Աբելներից, հը՞։

Հարգանքով և նախանձով՝  Ռոման Բալայան

Հ․Գ․ Ռոման Բալայանի ստեղծագործությունը, ցավոք, մեր երիտասարդ ընթերցողներին գրեթե ծանոթ չէ։ Այնինչ, խորհրդային տարիներին նրա ֆիլմերը շատ հայտնի էին։ Բնականաբար, այսօրվա սերիալային կինոն չէր։ Մտածելու տեղիք տվող, յուրահատուկ էսթետիկայով նկարներ էին։ Ահա դրանցից մի քանիսը՝ «Թռիչքներ երազում և արթմնի», «Պահպանի՛ր ինձ, իմ թալիսմա՛ն», «Երկու լուսին, երեք արև», «Մցենսկի գավառի լեդի Մակբեթը»։ Եթե դիտեք, չեք զղջա։         

ՎԱՐԿԱՆԻՇ

   1918 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ