...

Օրենք արտաքին հետախուզական ծառայության մասին

Օրենք արտաքին հետախուզական ծառայության մասին

ՍԱՏԻՐԻԿՈՆ

Հաշվի առնելով, որ Հայաստանի հետախուզական բոլոր ծառայությունները զբաղվում են բացառապես ներքին հետախուզությամբ՝ նպատակ ունենալով բացահայտել և պատժել ՀՀ գործող իշխանությունների նկատմամբ անբարյացակամորեն տրամադրված չարանենգ անձանց, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ առաջիկայում Հայաստանում կստեղծվի առանձին կառույց՝ արտաքին հետախուզության ծառայություն (այսուհետ՝ ԱՀԾ)։ 

Խմբագրության տրամադրության տակ է հայտնվել այն օրենքի նախնական տարբերակը, որն էլ պիտի կանոնակարգի ԱՀԾ գործունեությունը։ Եվ այսպես։

Հոդվ․ 1․ ԱՀԾ-ն ՀՀ վարչապետին առընթեր կառույց է, որն իրականացնում է հետևյալ գործառույթները․

ա․ ՀՀ տարածքից դուրս՝ տվյալների հավաքագրում տարբեր ապրանքատեսակների, այդ թվում՝ անշարժ գույքի, թանկարժեք արդուզարդի, օծանելիքի և մոդայիկ շորիկների գների վերաբերյալ,

բ․ Պետության և (կամ) այն ներկայացնող անձանց կարիքների համար վերոհիշյալ ապրանքատեսակների ձեռքբերում, անհրաժեշտության դեպքում՝ նաև առաքում ՀՀ տարածք,

գ․ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց մերձավորների արտասահմանյան ուղևորությունների ժամանակ՝ վերջիններիս անվտանգության ապահովում, ճամպրուկների տեղափոխում, սրճարաններում և ռեստորաններում՝ հաշիվների փակում, այլ ծառայություններ։

Հոդվ․ 2․ Արտասահմանյան երկրներում Հայաստանի Հանրապետության դեմ թշնամական գործունեություն իրականացնող պետությունների հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվելու դեպքում ԱՀԾ աշխատակիցները զրկվում են պարգևավճարներից, իսկ թշնամական կառույցներից ստացվող աշխատավարձերից պարտավոր են հարկեր վճարել ՀՀ պետբյուջե։

Հոդվ․ 3․ Օտարերկրյա հատուկ ծառայությունների դեմ և (կամ) այլ բնութի հետախուզական օպերացիաներ իրականացնելիս ԱՀԾ աշխատակիցներին խստիվ արգելվում է․

ա․ Կրել սև ակնոցներ և «Դուխով» գրությամբ գլխարկներ,

բ․ Սուլել Հրագի երգերի մեղեդիները,

գ․ Թշնամական երկրների գործակալներին խնդրել «լայքել» Նիկոլ Փաշինյանի ելույթները։

Հոդվ․ 4․ ԱՀԾ ղեկավարը Արգիշտի Քյարամյանն է, մեկ շաբաթ անց՝ Ռուստամ Բադասյանը։

Հոդվ․ 5․ ԱՀԾ բարձրաստիճան պաշտոնյաներ կարող են դառնալ․

ա․ Վարչապետ Փաշինյանի անձնական վերահսկողության ներքո շիշ, ուսապարկ և այլ դյուրակիր առարկաներ բռնած անձինք,

բ․ Երեք և ավելի երկրների հատուկ ծառայությունների հետ արդյունավետ համագործակցության փորձ ունեցողները,

գ․ Սոցկայքերում կոնսպիրացիոն գործունեության առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ ունեցողները։

Հոդվ․ 6․ ԱՀԾ գործակալներին տրվում են բացառապես հայեցի ծածկանուններ։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1073 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ