Հաշվի առնելով առաջիկայում սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրությունները և դրանով պայմանավորված՝ բարձրաստիճան պաշտոնյաների ամենևին էլ ոչ վարչական ռեսուրսի չարաշահմամբ իրականացվելիք մարզային այցերի ինտենսիվությունը, առաջարկում ենք անհապաղ ընդունել օրենք բարձրաստիճան պաշտոնյաների մարզային այցերի մասին։ Սույն օրենքի ընդունումը ոչ միայն օրենսդրորեն կկարգավորի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ժողովրդի սիրման ընթացակարգը, այլև էապես կնպաստի ներհասարակական համերաշխության հետագա ամրապնդմանը։ Եվ այսպես։
Հոդվ 1․ Մարզային է համարվում այն այցը, որի ընթացքում բարձրաստիճան պաշտոնյան իր հետ տարած աջակիցների հետ հանդիպում է որևէ մարզում։
Հոդվ 2․ Մարզային այցերն իրականացվում են հետևյալ ծրագրով․
ա․ Անակնկալ ներխուժում մարզի տարածք,
բ․ Հյուրընկալություն որևէ տան մեջ (տանտիրոջ կողմից մերժման դեպքում հյուրընկալությունն իրականացվում է իրավունքի ուժով),
գ․ Հանդիպում ժողովրդի հետ,
դ․ Ժողովրդի սիրում,
ե․ Կարծիքների փոխանակում փոքրիկ սադրիչ խմբերի հետ,
զ․ Ճաշ,
է․ Ընթրիք,
ը․ Եվս մի ընթրիք,
թ․ Հանձնարարականներ իրավապահներին։
Հոդվ 3․ Բարձրաստիճան պաշտոնյաներին սատարող ժողովրդի ներկայացուցիչների ընտրության, տեղափոխման, տրվելիք հարցերի և վարձատրության կարգը սահմանվում է ՀՀ «Պետական գնումների մասին» և այլ օրենքներով։ Նույն անձը չի կարող միաժամանակ ներկայանալ որպես 2 (երկու) տարբեր համայնքների բնակիչ։
Հոդվ 4․ Մարզային այցերի ժամանակ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին ուղեկցող իրավապահների թիվը չի կարող գերազանցել ՀՀ զինված ուժերի թվաքանակի 40 տոկոսը, իսկ նրանց սպառազինությունը՝ Եվրոպայի Սովորական սպառազինությունների մասին հռչակագրով Հայաստանի համար սահմանված քվոտաների 60 տոկոսը։
Հոդվ 5․ Փոքրաթիվ սադրիչ խմբերի հետ հանդիպումները համարվում են օրինական, եթե․
ա․ Տվյալ խմբի կազմակերպիչ հանդիսացող հանցավոր քաղաքական ուժերը նախապես ներկայացնում են հստակ գնացուցակ՝ հնչեցված յուրաքանչյուր հայհոյանքի, քաղաքական գնահատականի և (կամ) պաշտոնյայի հետագա ընթացքի վերաբերյալ ոչ հայալեզու կոչերի համար, ներկայացնում են վճարումը փաստող հաշիվ-ապրանքագրերը՝ դրանով իսկ մարզերում ապահովելով ժամանակավոր աշխատատեղեր, և դրանից բխող հարկային պարտավորությունների կատարումը հավաստող այլ փաստաթղթեր,
բ․ Պաշտոնյաների ուղղությամբ նետված ձվերը պետական մակնշմամբ են և կիրառման պահին գտնվում են պիտանելիության ժամկետի սահմաններում, իսկ կիրառողներն իրավապահների պահանջով ներկայացնում են դրանց ձեռքբերման ՀԴՄ կտրոնները։
Հոդվ 6․ Պետական պաշտոնյաներին այլազգի անվանելն ու միաժամանակ նրանց հասցեին սեռական բռնության կոչեր հնչեցնելը գնահատվում է որպես ազգային թշնամանքի հրահրում։
Հոդվ 7․ Իրավապահները բարձրաստիճան պաշտոնյաների հետ ինքնաբուխ հանդիպումների մասնակիցների ասֆալտափռումն իրականացնում են ոչ ուշ, քան հանդիպումներից հետո՝ 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում։ Սույն գործընթացն առաջանցիկ ժամկետներում իրականացնողների պաշտոնեական առաջխաղացումն իրականացվում է ոչ ուշ, քան 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում։