...

Օրենք ծեծույթ իրականացնող մարմինների մասին

Օրենք ծեծույթ իրականացնող մարմինների մասին

ՍԱՏԻՐԻԿՈՆ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բիրտ մեթոդներով բողոքի ակցիաներ ցրելը բացասաբար է անդրադառնում Ոստիկանության հեղինակության և հանրային վարկանիշի վրա, իշխանությունները որոշել են հատուկ այդ նպատակով ստեղծել առանձին ստորաբաժանում։

Համապատասխան օրենսդրական նախագիծը գրեթե պատրաստ է, և դրա նախնական տարբերակը հայտնվել է խմբագրության տրամադրության տակ, որն էլ սիրով ներկայացնում ենք։ Եվ այսպես։

Հոդվ․ 1․ ՀՀ վարչապետին կից ստեղծվում է հատուկ ստորաբաժանում՝ անցանկալի հանրահավաքների և բողոքի ակցիաների մասնակիցների ծեծույթ իրականացնող մարմին (այսուհետ՝ ԾԻՄ), որի հիմնական գործառույթներն են․

ա․ ՀՀ աննախադեպ լեգիտիմ իշխանություններից դժգոհ և այդ դժգոհությունը հրապարակավ արտահայտող քաղաքացիների հայտնաբերումն ու ծեծումը,

բ․ Միջոցառումը չարամտորեն լուսաբանող լրագրողների գործունեության կասեցումն ու նախկին հանցավոր իշխանությունների կողմից նրանց համար գնված սարքավորումների ոչնչացումը,

գ․ Առավել ակտիվ մասնակիցների ասֆալտափռումը և (կամ) բերման ենթարկումը՝ տաբատների նախնական առգրավմամբ։

Հոդվ ․ 2․ ԾԻՄ շարքերում կարող են ընդգրկվել ՀՀ կամ որևէ այլ երկրի քաղաքացի հանդիսացող այն անձինք, որոնք կներկայացնեն․

ա․ Տեղեկանք վզի հաստության մասին՝ տրված Ստանդարտների և չափագրումների ազգային ինստիտուտի կողմից,

բ․ Տեղեկանք առողջության մասին՝ տրված Անասնաբուժության ազգային ինստիտուտի կողմից,

գ․ Երկու լուսանկար՝ արված 2018 թ․ ապրիլին, Երևանի որևէ փողոցում, որևէ մեքենայի տանիքին։

Հոդվ․ 3․ ԾԻՄ ստորաբաժանումներն իրենց անմիջական գործառույթներն իրականացնում են բացառապես ՖԱՍ (Ֆորսմաժորային ակտիվության սանձահարում) հրամանի դեպքում։

Հոդվ․ 4․ ԾԻՄ աշխատակիցների վարձատրության կարգը գործարքային է։ Հավելյալ պարգևավճարների դեպքում գործում են հետևյալ դրույքաչափերը․

ա․ Շարքային ցուցարարի ծեծում՝ նվազագույն աշխատավարձի 10-ապատիկ, ծեծում ստորին վերջույթների կիրառմամբ՝ 20-ապատիկ, հայհոյանքների զուգորդմամբ՝ 30-ապատիկ։

բ․ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ազգային պատկանելությունը և (կամ) նրանց ծնողների բարոյական նկարագիրը կասկածի տակ առնող վանկարկումների հեղինակների բացահայտում և ծեծում՝ նվազագույն աշխատավարձի 50-ապատիկ, ցուցարարների կողմից իրենց նկատմամբ նույնատիպ կասկածներ հնչելու դեպքում՝ 100-ապատիկ (որպես բարոյական փոխհատուցում)։

Հոդվ․ 5․ Բարեխիղճ գործարարների բիզնես-շահերի պաշտպանության դեպքում ԾԻՄ աշխատակիցների կերակրումն ու վարձատրությունն իրականացվում է տվյալ բարեխիղճ գործարարի կողմից։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   714 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ