Հաշվի առնելով Հայաստանում առկա ներքաղաքական բարոյահոգեբանական իրավիճակը, առաջիկայում սպասվող զարգացումները, կարևորելով խոսքի արժևորման նշանակությունը, ինչպես նաև առաջնորդվելով ՀՀ բյուջեի համալրման նոր աղբյուրների բացահայտման մտահոգությամբ, առաջարկում ենք անհապաղ ընդունել օրենք զրպարտության մասին։ Սույն օրենքի ընդունմամբ ոչ միայն կձևավորվի ճշմարիտ խոսք ասելու մշակույթը, այլև կփակվեն ստի և կեղծիքի տարածման հնարավորությունները: Եվ այսպես.
(նախագիծ)
Հոդվ. 1. Զրպարտություն է համարվում հետևյալ չափորոշիչներին համապատասխանող երևույթը.
ա. եթե քաղաքացին իշխանություններին մեղադրում է հարևան երկրների հետ պատերազմները չկանխելու, ռազմական իրավիճակի մասին չտեղեկացնելու կամ պատերազմը տանուլ տալու մեջ,
բ. եթե քաղաքացին ռազմական, տնտեսական, դիվանագիտական ձախողումների համար մեղադրում է օրվա, այլ ոչ թե վերջին 30 տարվա իշխանություններին:
գ. եթե լրատվամիջոցը կամ քաղաքացին լուր է հրապարակում, որի իսկությունը չի հաստատվում ոչ ուշ, քան 1 (մեկ) օր հետո:
դ. եթե լուրի աղբյուրը Միքայել Մինասյանն է կամ սույն օրենքով հաստատված սև ցուցակի մեջ ընդգրկված այլ անձինք:
Հոդվ. 2. Նշված ընթացակարգով իշխանության ներկայացուցչի հասցեին զրպարտություն տարածած անձը ենթարկվում է վարչական պատասխանատվության։
Որպես վարչական պատասխանատվություն կիրառվում է տուգանքը` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով։
Հոդվ. 3. Որպես տուգանք ՀՀ քաղաքացիներից գանձված գումարի 20 (քսան) տոկոսը տրվում է զրպարտության ենթարկված չինովնիկներին` պարգևավճարի տեսքով։
Հոդվ. 4. Իշխանությանը, նրան ենթակա պետական մարմիններին, բարձրաստիճան պաշտոնյաներին կենդանական աշխարհի ներկայացուցիչների հետ համեմատելը համարվում է առանձնակի դաժանության զրպարտություն և բացի գանձված տուգանքից, զրպարտիչը պետք է Կենդանաբանական այգում ներողություն խնդրի այն կենդանուց, որին հիշատակել է իր համեմատության մեջ:
Հոդվ. 6. Սույն օրենքով գործող Ալեն Սիմոնյանին զրպարտելը, նրան մտավոր տկարություն, քաղաքական տհասություն վերագրելը, սկանդալային վերնագրերով նյութեր հրապարակելը համարվում է պետական գաղտնիքի հրապարակում և հետապնդվում է ՀՀ քր-օր-ի 289, 302, 113-1 հոդվածների ողջ խստությամբ:
Հոդվ. 7. Ընդդիմության հասցեին զրպարտանքը քննվում է արագացված դատաքննությամբ, և վճիռը կայացվում է փակ, գաղտնի ընթացակարգով:
Հոդվ. 8. Նույն պաշտոնյան չի կարող ավելի քան 2 (երկու) անգամ անընդմեջ զրպարտվել:
Հոդվ. 9. Օրենքն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ Օրենքին կողմ քվեարկած պատգամավորներին զրպարտելը տուգանք չի նախատեսում։
Հուսով ենք` խորհրդարանն այս օրինագիծը կքննարկի առաջնահերթության կարգով։