...

Ով էլ խոսի հովանավորչությունից

Ով էլ խոսի հովանավորչությունից

ԱԱԾ պետ Կառլոս Պետրոսյանը պատասխանել է ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի՝ իր հասցեին հնչած մեղադրանքներին: Կառլոս Պետրոսյանը գրել է. «Արթուր Վանեցյանի՝ մայիսի 5-ին «Ժողովուրդ» օրաթերթին տված իմ հարցազրույցին ի պատասխան ռեպլիկը ստահոդ է փաստացի և զուրկ է բովանդակությունից, ինչը ևս մեկ անգամ հաստատում է ինչպես իմ շարադրած մտքերի արդարացիությունը, այնպես էլ ընդդիմախոսի մոտ որևէ փաստարկի բացակայությունը։ Եթե նա ինձ մեղադրում է ինչ-որ անօրինական գործողությունների մեջ, ապա թող ապացույցներ ներկայացնի։ Եթե չունի նման ապացույցներ, թող նստի իր տեղում և լռի։ Իմ մասնագիտական և կրթական մակարդակը թույլ չի տալիս բանավիճել նրա հետ, առավել ևս, որ նա բարձրաձայնում է ոչ թե իր, այլ իր հովանավորների տեսակետը»:

«ՉԻ». Ով էլ խոսում է հովանավորչությունից: Մինչև Արթուր Վանեցյանը կմտածի, թե ինչ պատասխանի, մենք Կառլոս Պետրոսյանին որոշ բաներ կհիշեցնենք: Իմիջիայլոց, Կառլոս Պետրոսյանին հանրապետականներից ոչ ոք չպատասխանեց, թեպետ ամենաթունդ մեղադրանքներ էր հնչեցրել Սերժ Սարգսյանի հասցեին: Երևի «դաբրո» չեն տվել, կամ էլ՝ այդքան դուխ չունեն:

Բայց մենք համարձակվենք ասել, որ Կառլոս Պետրոսյանը իր պաշտոնավարման տարիներին լավ էլ զբաղված էր քրեական տարրերի հովանավորչությամբ, մասնավորապես՝ Ալրաղացի Լյովի տանիքն էր համարվում: Սրա մասին 2000-ականներին բազմիցս ենք գրել: Օրինակ, 2004 թվականի սեպտեմբերին գրել էինք, մեջբերում ենք.

«1998թ. նախագահական ընտրություններից անմիջապես հետո, որտեղ, ի դեպ, Ալրաղացի Լյովը համարվում է ամենամեծ խախտումների հեղինակներից մեկը, որի տարածքում գրանցվեցին ռեկորդային թվով ծեծ ու ջարդեր, Լ. Սարգսյանին սկսեց «պապայություն» անել Կառլոս Պետրոսյանը: Ամենուրեք Լ. Սարգսյանը Կառլոս Պետրոսյանի անունով էր գործում, և Կառլոս Պետրոսյանն էլ ծածկում էր նրա «հերոսությունները»: Չար լեզուների պնդմամբ, այդ հերոսություններից էին ռեկետը, խուլիգանությունը և սրան-նրան ծեծելը: Իսկ Կառլոս Պետրոսյանի հետ նրա հարաբերությունների «գագաթնակետը» դարձավ Մերգելյանի ինստիտուտի մոտ կառուցված շքեղ դղյակը, որը մամուլի հրապարակումների համաձայն` պատկանում էր Կ. Պետրոսյանին, այնուհետև Լ. Սարգսյանը հայտարարեց, որ այդ առանձնատունը ինքն է կառուցել: 

2003թ. նախագահի ընտրություններում առավել վառ դրսևորվեցին Ալրաղացի Լյովի «մարդկային» որակները, երբ Շիրվանզադեի դպրոցում իր գլխավորությամբ գործող մոտ 20 պնդակազմ երիտասարդներ մի քանի ժամ շարունակ դաժան ծեծի ենթարկեցին 3 երիտասարդ աղջիկների` լրագրողներ Մարգարիտ Սարգսյանին, Գոհար Վեզիրյանին և «Նոր Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ Էլեոնորա Մանանդյանին: Եվ ինչն է հետաքրքիր. այդ ամենը կատարվել էր Կառլոս Պետրոսյանի որդու աչքի առաջ, որն այնտեղ անվտանգության պահպանումն էր իրականացնում»:

Այսքանը բավական է: Թե որ Արթուր Վանեցյանը ցանկանա նորից պատասխանել Կառլոս Պետրոսյանին, թող մեր արխիվները քրքրի. լիքը հետաքրքիր ու լավ բաներ կգտնի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1030 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ