«Թե ամբողջ աշխատակազմը և թե վարչապետը երբեմն անքուն գիշերներ է անցկացնում կառավարության շենքում»,- հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։
Հիշում եք, չէ՞, թե ինչպես էր «Չի կարող պատահել» ֆիլմի հերոսը տրտնջում՝ «աշխատում ենք մեզ չխնայելով», իսկ սիրուհու մոտ գնալուց առաջ կնոջն ասում «ի՜նչ ճաշ, Նադյա, ընթրիքին հազիվ տուն գամ»։ Չէ, ոչինչ չենք ակնարկում, պարզապես կառավարության շենքում անքուն գիշերներ անցկացնելն աշխատանքի հետ առանձնապես կապ չունի։ Եթե, իհարկե, բլոտ խաղալն աշխատանք չհամարենք։
Չնայած՝ եթե հաշվի առնենք, թե բյուջեի հաշվին քանի հազար շիշ կոնյակ է ձեռք բերում կառավարության աշխատակազմը, աշխատանքային գիշերները երևի շատ ավելի ստեղծագործաբար են ընթանում։ Ինչ վերաբերում է անքնությանը, ապա Օստապ Իբրահիմովիչը դրանից խուսափելու համար առաջարկում էր «քնելուց առաջ հում պոմիդոր չուտել», այնպես որ՝ պրն Չախոյանը, որպես աշխատակազմի ղեկավարի տեղակալ, կարող է հանձնարարել, որ «մեկ անձից գնման ընթացակարգով» փոքր-ինչ այլ «զակուսկեղեն» ձեռք բերվի։