...

Ունքը դզելու փոխարեն աչքը հանեց

Ունքը դզելու փոխարեն աչքը հանեց

Այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) գրասենյակում կազմակերպվել է «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր և մտորումներ» խորագրով քննարկումը:

Քննարկման կազմակերպիչներն ազդագիր էին տարածել՝ արգելելով որոշ լրատվամիջոցների մուտքը քննարկմանը։ «Մուտքը news.am, hayeli.am, 168.am, yerevan today, 7or.am, livenews.am, 5-րդ ալիք ու Երկիր մեդիա հեռուստաընկերությունների և այլ քարոզչամիջոցների առջև փակ է: Սույն լրատվամիջոցներին ներկայացնող լրագրողները, տեսախցիկները դուրս են հանվելու դահլիճից»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ։

Սա կոչվում է «ունքը դզելու փոխարեն աչքը հանել»: ՄԱՀՀԻ-ն՝ ի դեմս նրա ղեկավար Ստյոպա Սաֆարյանի, որքան էլ խնդիրներ ունենար վերոհիշյալ լրատվամիջոցների հետ, պետք է զերծ մնար նրանց դեմ արգելքներ դնելու մտադրությունից: 

Եթե այդ քննարկումը փակ ֆորմատով կազմակերպվեր, ոչ ոք բան չէր ասի, սակայն եթե դա բաց քննարկում է, դրա մասին հայտարարվում է, ապա այդ դեպքում ցանկացած լրատվամիջոց իրավունք ունի ներկա լինել քննարկմանը, տեսագրի էլ, ձայնագրի, հարցեր էլ տա: Ու նրանց արգելելը կարող է դիտարկվել լրատվամիջոցների գործունեության խոչընդոտում: 

Հասկացանք, այդ լրատվամիջոցները ամեն օր Ստյոպա Սաֆարյանի, նրա քրոջ մասին ինչ ասես, որ չեն գրում: Գիտենք, ովքեր են նրանց տերերը, ովքեր են ֆինանսավորում, բայց դրանով հանդերձ նրանք չեն դադարում լրատվամիջոց համարվել: Ստյոպա Սաֆարյանը լրատվամիջոցների հանդեպ նման վերաբերմունքով շատ վատ, վտանգավոր նախադեպ է ստեղծում: Պատկերացնում ե՞ք, ցանկացած ոք որոշի իր կազմակերպության, կուսակցության կամ որևէ կարգի միջոցառումն անցկացնելիս լրատվամիջոցների զտում իրականացնել: Բոլոլա է լինելու:

Ընդ որում, միջոցառմանը չափազանց հետաքրքիր թեմա էր շոշափվելու՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, հրավիրված հյուրերի կազմն էլ էր ուշագրավ՝  ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, քաղաքական գործիչ Արկադի Վարդանյանը, քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը, Հանրապետություն կուսակցության նախագահ և նախկին վարչապետ Արամ Զ. Սարգսյանը:
Բայց այս աղմուկից հետո Արամ Զ. Սարգսյանն ու Անահիտ Բախշյանը հրաժարվեցին մասնակցել քննարկմանը: Մինչդեռ նրանք ամենակարևոր անձինք պետք է լինեին այդ քննարկմանը՝ որպես 27-ի զոհերի հարազատներ: 
Ու թե ինչ է քննարկվելու այդ հավաքին, այլևս երկրորդ պլան է մղվել, որովհետև բոլորը քննարկում են լրատվամիջոցներին արգելելու հարցը: Ահա այսպես էլ քնարկման «աչքը հանվեց»:

Այնպես որ, ոչ միայն Ստյոպա Սաֆարյանին, այլև ընդհանրապես բոլորին խորհուրդ կտայինք այսպիսի կողմնակալություն չցուցաբերել լրատվամիջոցների հանդեպ, դա հենց իրենց է վնաս հասցնելու: Ստյոպա Սաֆարյանի դեպքում առավել ևս նման բան պետք չէ անել, քանի որ վերջինս նաև Հանրային խորհրդի անդամ է:

Մյուս կողմից, Գերմանիայում սովորած մեր գործընկերներից մեկը պատմեց, որ այդ երկրում ընդունված նորմ է, որ եթե որևէ ԶԼՄ կամ լրագրող սուտ կամ կեղծ տեղեկություն է տարածել, ապա «տուժողները» կարող են մերժել նրանց մուտքը տվյալ միջոցառմանը և այդպես էլ անում են։ Կամ նախարարների խոսնակները, որ պարտավոր են շաբաթը 2 անգամ ճեպազրույց անցկացնել ու պատասխանել լրագրողների հարցերին, նման լրագրողների հարցերին կարող են չպատասխանել: Բայց դա այն դեպքում, եթե ապացուցվում է, որ տվյալ լրատվամիջոցը կեղծ ինֆո է տարածել: Թե չէ, լավ մոտեցում է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3504 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ