Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը թույլ չի տա, որպեսզի հակառուսական՝ այն է հակապետական ուժերը փորձեն սեպ խրել երկու եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամության մեջ. ասվում է Հայաստանի Կոմունիստական կուսակցության հայտարարությունում: Խոսելով Սուրմալուի ողբերգական իրադարձությունների մասին՝ Կոմկուսը հետևյալ արձանագրումներն է արել․ «Այս ամենի ֆոնին, կրկին ակտիվացան պետության ներքին ու արտաքին կայունությունը խաթարող հակառուսական ուժերը, որոնք իրենց մամուլ կոչված պրոպագանդայի միջոցներով սկսեցին տարածել ակնհայտ կեղծ լուրեր՝ պայթյունի մեղավորությունը փորձելով բարդել ռուսական կողմի վրա։ Այս գրանտակեր տզրուկների ապատեղեկատվությունն այնպիսի արագությամբ և տարբեր կենտրոնների ակնհայտ հովանավորությամբ սկսեց տարածվել, որ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը ստիպված եղավ բողոքի նոտա հղել ՀՀ ԱԳՆ», «Մենք մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել ենք այս անհայրենիք խմբակների պետականաքանդ գործունեության մասին», «Այս՝ արդեն բացահայտ արևմտյան գործակալներով պետք է զբաղվեն ՀՀ Անվտանգության մարմինները»։
Հայտարարությունն ինֆորմացիոն է, որովհետև ահագին նոր բաներ իմացանք։ Նախ տեղեկացանք, որ Հայաստանում դեռևս գործում է Կոմունիստական կուսակցությունը, ավելին՝ հայտ է ներկայացնում փրկել ՌԴ հեղինակությունը չար արևմտամետներից։ Իմացանք նաև, որ գրանտակեր տզրուկների պատճառով է Ռուսաստանի դեսպանատունը բողոքի նոտա հղել ՀՀ ԱԳՆ։ Եվ վերջապես հասկացանք, որ հակառուսական և հակապետական հասկացությունները հայ կոմունիստների համար հոմանիշներ են։ Այո, աշխարհը փոխվում է, անգամ ՌԴ-ն ու այնտեղի կոմունիստներն են կերպափոխվում, բայց Հայաստանի կոմունիստները, դեռ ժիր ու սիրունիկ թրենդի մեջ, պարտիան են նույնականացնում պետության հետ։ Ինչպես կասեր դասականը՝ «կոմունիստի դաշնակն» է լավը, մնացածը այլ օպերայից է։
Գոհար Վեզիրյան