...

Ուտելիքը կուռք մի՛ դարձրեք, Շուրա


«․․․Հետո հնարավոր է մտնել 3 կիլոմետր այն կողմ գործող ռեստորան, ասել՝ էս ճաշատեսակից ունե՞ք, ու իրենք ասեն՝ դա ի՞նչ է, ու նման մի քանի դեպքերից հետո ես խնդիր դրեցի, որ մենք մրցութային ծրագիր իրականացնենք, մեր մասնագետները անցնեն բնակավայրերով՝ հավաքագրեն, որովհետև ամեն բնակավայրում կամ յուրահատուկ բաղադրատոմս, կամ յուրահատուկ ուտեստ կա», կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Հասկանո՞ւմ եք, մարդը կառավարության նիստում ռեստորանների մենյուները հարստացնելու հարց է բարձրացնում, որովհետև «նման մի քանի դեպք» է եղել, երբ ինքը ռեստորանում ցանկացել է ինչ-որ բան ուտել՝ չի ստացվել։ Ու դա մինչև ստամոքսի խորքը վիրավորել է մեր կերկոխ վարչապետին, որովհետև էլ ո՞ւմ է պետք նրա ստացած պողպատե մանդատը, եթե չի կարողանալու ցանկացած պահի ցանկացած ռեստորանում ցանկացած ուտելիք խփշտել։

Իսկ հիմա պատկերացնենք, թե ինչպես են «մեր (ենթադրաբար՝ կառավարության) մասնագետները» բյուջեի հաշվին իրականացնելու «մրցութային ծրագիրը»։ Շատ պարզ։ Անցնելու են Հայաստանի բոլոր բնակավայրերը, հերթով մտնելու են բոլոր տներն ու պահանջելու են, որ տանտիրուհին անմիջապես իրենց համար տատիկի բաղադրատոմսով որևէ համեղ «ոչ նյութական ժառանգություն» պատրաստի, բաղադրատոմսն էլ PDF-ով ուղարկի կառավարության էլեկտրոնային հասցեին։ Արդյունքում՝ մի քանի հարյուր մասնագետների մի քանի տարվա բուռն գործունեության և բյուջեից ծախսված մի քանի միլիարդ դրամի շնորհիվ ունենալու ենք մի քանի հազար մոռացվող կերակրատեսակի բաղադրատոմս։ Հետո այդ ցանկն ուղարկվելու է Հայաստանում գործող ռեստորաններին, որպեսզի եթե հանկարծ Նիկոլը մտնի որևէ ռեստորան ու ասի «էս ճաշատեսակից ունե՞ք», ասեն «բայարգե»։

Իսկ եթե որևէ ռեստորան այդ ցանկից որևէ ուտելիք չունենա՝ սեփականատերը կամ կտուգանվի «ոչ նյութական ժառանգության պահպանմանը չարամտորեն խոչընդոտելու» հոդվածով, կամ կդատվի, կամ ինքնակամ տարեկան առնվազն չորս անգամ ինքն իրեն կհռչակի «հաջողակ տղամարդ» ու կմասնակցի Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքներին։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2184 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ