«Հանրապետության հրապարակում մի խումբ օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութ տարածող անձի» նկատմամբ հարուցված քրեական վարույթը և այդ կապակցությամբ Քննչական կոմիտեի տարածած հայտարարությունը, պարզվում է, բավականին հետաքրքիր ընթացք է ունեցել։
Խնդիրը միայն այն չէ, որ ըստ ՔԿ տարածած հայտարարության՝ Ղարիբ Բաբայանը ոչ միայն տարածել է այդ տեսանյութը, այլև «խեղաթյուրել դրա էությունը»։ Այսինքն՝ ՔԿ-ն հիմնավոր կասկածներ է ունեցել, որ Երևանի կենտրոնում «Ջան Ազարբայջան, ջան Գարաբախ» երգողներն իրականում ցանկացել են իրենց զորակցությունը հայտնել Հայաստանին ու Արցախին, իսկ ահա տեսանյութը չարամտորեն տարածող անձը խեղաթյուրել է դրա էությունը և ներկայացրել բոլորովին այլ լույսի ներքո։ Խնդիրն այն է նաև, որ մեր տեղեկությունների համաձայն՝ Քննչական կոմիտեն սկզբում որոշել է Ղարիբ Բաբայանի դեմ քրեական գործ հարուցել ազգամիջյան թշնամանք հրահրելու և քարոզելու հոդվածով, բայց հետո ուշադիր նայել են տեսանյութն ու հասկացել, որ նա ավելի շատ ՀՀ իշխանությունների դեմ է «անհանդուրժողականություն և թշնամանք հրահրում»։ ՔԿ-ում էլ, բարեբախտաբար, գտնվել է խելքը գլխին մեկը և մյուսներին հուշել, որ ախր այդ մարդը Նիկոլի դեմ է քարոզում, եթե դրա անունը դնենք «ազգամիջյան թշնամանք»՝ հեչ սիրուն բան չի ստացվի, կստացվի, որ հայերի և Նիկոլ Փաշինյանի միջև թշնամանքն ազգամիջյան բնույթ ունի։ Իհարկե՝ նաև բանավեճ է ծավալվել, տեսակետ է հնչել, որ դա նաև դրական կողմեր ունի, որովհետև այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի դեմ ՀՀ ազգաբնակչության պայքարը հնարավոր կլինի ներկայացնել որպես «էթնիկ զտումների փորձ», այսինքն՝ միջազգային հանցագործություն, բայց ամեն դեպքում՝ ի վերջո որոշվել է մեղադրանքից հանել «ազգամիջյան թշնամանք» բառակապակցությունը։