Հաջորդ կայարանը՝ հաջորդ աղետում
Շաբաթն ավարտվեց Նիկոլ Փաշինյանի ասուլիսով: Դե, գիտեք, վարչապետի հերթական ասուլիսը հերթական աղետի, կորստի, զիջումների անոնսն է: Ինքը ասուլիսներ հրավիրում է բացառապես նրա համար, որ բացատրի, թե ինչի Հայաստանը նոր զիջումներ պիտի անի, ինչն է պատճառը, որ զիջումներ չի կարող չանել և ով է մեղավոր:
Դե, մեղավորի հարցը հեշտ է: Ինքը որ գիշերը գլխացավ էլ ունենա, մեկ է, ասելու է, որ նախկինների պատճառով է գլուխը ցավում։
Մինչև ասուլիսն էլ հավաքում է իր նազիր-վեզիրներին, մունետիկների, ֆեյք-պոակ-մոակներին, հետները լիկբեզ-քննարկում անցկացնում, թե հերթական աղետը ոնց պիտի սղղացնեն նախկինների վրա:
Հանում են վերջին հարյուր տարվա պատմությունները, չէ, ի՞նչ հարյուր տարվա, արդեն 110՝ հաշվի առնելով Ցեղասպանության թեման, ու քննարկում. ախպեր, դե, Ղարաբաղի մոմենտով հարց տան, կասենք, որ Լևոնն է մեղավոր, ինքն է տվել, Քոչարյանն ու Սերժն էլ օգնել են: Կամ հակառակը: Պատերազմում պարտությունը կգցենք Լուկաշենկոյի վրա, մի քիչ նամյոկներով էլ՝ ռուսների:
Թե որ Լուկաշենկոն սրա հետ կապված ձեն-ձուն հանի, կասեմ, որ հետը բանավիճելու հավես չունեմ:
Վատ չի, վատ չի… սահմանամերձ տարածքները տալիս ենք, էդ նաղդ ռուսական գենշտաբի մեղքն է: Գրեք, ֆիքսեք ու տարածեք:
Ստատուսդ Մեղրիով կտրեմ
Էս Մեղրիի ու միջանցքի հարցն ա զոռ: Սա որ տանք, բա ի՞նչ պատճառ բռնենք: Մտածեք, յա, 94-ի զինադադարը սրան չի կպնում:
Ի՞նչ: «Ազատությունը» ռեպորտա՞ժ է սարքել: Հլը ուղարկի չաթիս: Ընդհանուր չաթին չուղարկես, Հովիկ Աղազարյանը դեռ մեջն է: Նայեմ, նայեմ, ըհը, վատ չի, լավ ա, ընտիր ա: Արա, էս հենց մեր ուզածն է:
Դավայ, գրեք, որ Մեղրին արդեն տվել են: Քոչարյանը թաքուն տվել է: Հետո՞ ինչ, որ որևէ փաստաթուղթ, համաձայնագիր, պայմանագիր չկա: Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու ու հայաթափելու պայմանագիր էլ չկար, չտվի՞նք: Տվինք: Ո՞վ էր այն տղամարդը, որ մեզ բան ասաց:
Ես ասուլիսում կասեմ, որ եթե Մեղրին չտանք, տրանսպորտի գինը դառնալու է 400 դրամ: Հետո բազար կանենք, կսարքենք 150, Մեղրին կմոռանան: Մոզգ եմ, է՜, մոզգ:
Էն դաշնակներին էլ փոխանցեք, ասեք, հերիք է, հավայի պարգևավճարներ ստանաք, հելեք, միացեք «Ոչ տրանսպորտի թանկացմանը» ակցիային, մի քիչ իրար եկեք, շուխուր արեք, ցույց տվեք, որ ընդդիմություն եք, մինչև միջանցքի հարցը տենանք, ինչ ենք անում:
Ֆսյո, ոնց որ թե սաղ հասկացանք, բոլորդ ձեր անելիքը գիտեք, հանեք հեռախոսները, մտեք ֆեյսբուքներ ու Մեղրիի թեման մեղր սարքեք, քսեք նախկինների վրա: Առաջինը Ռոբերտի, երկրորդը՝ Հեյդարի: Էն էլ է նախկին:
Դուք սկսեք, ինձ մի սպասեք, հրատապ գործ կա, կնիկս կանչում ա, գնամ, Իջևանի խոզի մսով կոտլետ սարքեմ: