Միքայել Մինասյանի՝ խոհանոցային սերիալի վերջն ազդարարելը, իհարկե, բնավ խոհանոցայնության վերջը չէ: Նախապատրաստվելով երկար պայքարի՝ նա և իր խնամիները խորքային և կազմակերպված համակարգի ձևավորումը ստանձնեցին անմիջապես հեղափոխությունից հետո: Այդ ծրագրի արդեն հասկանալի և լավ ուրվագծվող մասերից են՝ ունենալ ինստիտուցիաների ցանց, որը նվիրված կլինի ներկա իշխանության և հասարակության շարունակական քայքայմանը և իրենց վերադարձի համար հողի նախապատրաստմանը: Դրանց մեջ մտնում են ոչ միայն մեզ զվարճացնող խոհանոցային և այլ տրոլերը, ոչ միայն մեդիաները, որ պատկանում են հին ուժերից սրա-նրա (մեզնից գռփած) փողին, այլև իբր «քաղաքացիական հասարակության» ոչ կառավարական նորաստեղծ կառույցները: Գիտենք, որ այդպիսի նորերը սկսեցին բսնել անմիջապես, հենց որ նախկին քաղաքական ուժը «ժամանակավորապես» «թոշակի» անցավ, և հասարակական կազմակերպություններ ստեղծեցին գեղեցկուհին, նախկին օմբուդսմանը և այլք: Դրանց շարքում էր նաև «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամը, որն օգտագործեց Երևանի՝ խորհրդային շրջանում քաղաքապետ եղած և քիչ թե շատ, որքան հնարավոր էր, լինելով խորհրդային չինովնիկ, բարի համբավ թողած Գրիգոր Հասրաթյանի անունն ու «ազգակցական» կապը Միշիկին, միավորելու համար երկու ընտանիքները:
Իրենց արսենալի կոմպոնենտներն են՝ օգտագործելով պուծինյան սամբոյի հայտնի պրիոմը՝ «թշնամու արսենալը» թութակելը, պառակտելը «թշնամու» շարքերը, ստեղծելը «կոպերածիվ-ծիվ-ծիվ-ծիվ էս կամ էն»: Ասում եք՝ քաղհասարակությու՞նն արեց հեղափոխություն, դրանք ՀԿ-նե՞րն են: Ասում եք՝ նրա՞նք են ապագա՞ն: Շա՛տ լավ. կընդօրինակենք և ներսից կդեգեներացնենք (կայլասերենք):
Ինչու է պետք այդ ցանցը, և հատկապես՝ հիմնադրամը. այն «փող բաշխող» է: Կարելի է շատ օգտավետ կերպով «փող լվալ», հավաքագրելով անմեղ ու անկախ մարդկանց, «կերակրելով» նրանց: Եվ խնդիրն այն չէ, որ այդ մարդիկ, ուրեմն, փողի դիմաց պիտի ծառայեն «կերակրողին»: Բնավ: Այդ պարզունակ թեզը, որ իրենք են օգտագործում «սորոսականների» մասին խոսելիս, իրենք լավ գիտեն, որ իրականում չի անցնում: Խնդիրը մարդկանց «կզցնելն» է բարոյապես. չէ որ նրանք, ովքեր լավատեղյակ են, նկատելով, որ կարգին մարդիկ փող են ստացել այդ հիմնադրամից, կամ կորոշեն, որ ստացողները «միշիկական» են, կամ էլ ամեն դեպքում կկորցնեն իրենց վստահությունը դեպի ստացողները: Բայց լավատեղյակները մեզանում քիչ են: Հիմնադրամը ձեռք կբերի անուն, որ «լավ-լավ բաներ հետազոտելու, գործեր անելու» համար փող է տալիս: Իսկ ի՞նչն է պակասում միշիկությանը. հենց անու՛նը: Չէ՞ որ նրանց աչքը դուրս չի եկել, անու՛նն է դուրս եկել: Պարզ ասած՝ հիմնադրամը կմոռացնի, ինչ-որ չափով, նրանց անցյալը և կավելացնի նրանց «բարի համբավի» «բարի» մասի տեսակարար կշիռը, բարոյապես նրանց կլեգիտիմացնի: Ճիշտ ինչպես այլ հիմնադրամները, որոնք մնացին «որբ» իշխանափոխությունից ի վեր, ասենք՝ «Լույս»-ը, շարունակում են, թեկուզև ոչ այդ չափի փողերով (քանի որ այժմ ֆինանսավորողները պիտի իրենց եղած քսակի չափով տան՝ արդեն թալանվածի, ոչ թե անընդհատ թալանի), մնալ ջրի երեսին և սուտի վերլուծություններով պղտորել այդ ջուրը, որի երեսին իրենք թավշաբար ճոճվում են, այս հիմնադրամը նույնպես լծված է հների նորաձև լեգիտիմացիայի գործին:
Ինչպե՞ս անել դա, ի՞նչ է անում նա. նա սկսում է ֆինանսավորել հենց այն բաները, որոնք, ավաղ, մեզանում քիչ են ֆինանսավորվում կամ չեն ֆինանսավորվում – լինի պետության թե անկախ աղբյուրների կողմից, մինչդեռ՝ քաղաքացիները զգում են, որ այդ հարցերը կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեն, և դրանց քննարկմանն աջակցողը դրվատանքի է արժանի: Օրինակ՝ մեր քսաներորդ դարի անցյալը, կամ՝ քաղաքաշինության խնդիրների վերհանումն ու քննադատումը: Դա կոչվում է «օրակարգի հափշտակում» և հայտնի մեթոդներից է հասարակության դեմ տրոլերի հերձվածահայրերի վարած «հիբրիդային պատերազմի»:
Եվ ու՞մ է այդ հիմնադրամը ֆինանսավորում. Թամանյանի անվան Ճարտարապետության թանգարանին: Հենց այդ թանգարանին, որը նոր տնօրեն ձեռք բերեց հեղափոխությունից հետո՝ արվեստաբան Ռուբեն Արևշատյանին, որին այս կամ այն կերպ գործից արագ հանել հաջողացրեցին ովքե՞ր. էլի նույն ցանցի ներկայացուցիչները, ի դեմս անփառունակ Վերմիշյանի, մի Օստապ Բենդերի, որին սերժառոբական վերջին շրջանն էր բերել Հայաստան և որին սխալմամբ միամիտ ու անփորձ պետությունը հեղափոխությունից հետո նշանակել էր Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի պաշտոնին: Իսկ որտե՞ղ է այժմ այդ Վերմիշյանը, որի գալուստը սիմվոլիկ կերպով ազդարարեց հակահեղափոխության ռևանշը քաղաքաշինության ասպարեզում – կալանքի տակ: Ինչու՞ - ի թիվս այլ մեղադրանքների՝ «վաստակավոր ճարտարապետի» կոչում տալու դիմաց կաշառքներ կորզելու համար: Եվ հենց նրա գործը քննելիս են որոշակի տվյալներ ձեռք բերվել նաև «մեր ախպեր» Դոդի վերաբերյալ: Ինչպես հայտնի է, նմանս զնմանի ձեռքը կլվա, ինչպես նաև կհանի աչքը, ունքը և անունը:
Իսկ ո՞վ եկավ Արևշատյանի տեղը – Վերմիշյանի ընկեր Մարկ Գրիգորյանը, ևս մի «լավ գերդաստանի» զավակ, հայտնի և շնորհքով ժուռնալիստ (էլ չասենք, որ բացի պապիկից՝ ոչ մի առնչություն չունի ճարտարապետության հետ), որը, սակայն... ավաղ, ինչպես և շատ ուրիշներ, նախ՝ ընդգրկված է նախկինների ցանցում (Ռադիոյի ղեկավար էր Սերժի ժամանակ), երկրորդ՝ լավ չի հասկանում, «բարի անունն» ինչ է, և իր ողջ վաստակը, ինչպես նաև իր նախնիների, տգեղ կերպով սպառեց, մի օրում համաձայնելով տեղը գրավել Արևշատյանի, որին հենց Մարկին գործ տալու համար էլ (էլ չասած, որ ցանցին չէր պատկանում) գործից հանում էին ամենաստուգված և հայտնի, ֆարս դարձած ստալինյան միջոցներով:
Ինչ արած, մենք սովոր ենք այդ իրադրությանը, երբ վաստակ ունեցողը հանկարծ մոռանում է իր «բարի անվան» կարևորությունը հանուն մեծ կամ փոքր չափսի գռփման: Բայց գռփումը կարող է աննշան և փոքր թվալ («մի թեթև ղեկավար պաշտոն», կասեր դասականը), սակայն խոհանոցային ցանցին լոյալությունը՝ մի կարթ է, որը թե մի անգամ կուլ տվեցիր՝ մեկընդմիշտ պիտի ծառայես (քանի որ բարի անունդ ցնդեց հավիտյան), ինչպես որ, հայտնի է, խոհանոցայնության մեծ և դասական եղբոր՝ կագեբեության ցանցում է:
Եվ ահա... «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամը ֆինանսավորում է... Ճարտարապետության թանգարանի (իմա՝ Մարկ Գրիգորյանի)՝ քաղաքաշինության՝ Երևանի ճարտարապետական ճակատագիրը քննարկելու նախագիծը: Նշենք, որ պետական (բյուջետային) հիմնարկի կողմից մասնավոր հիմնադրամից դրամաշնորհ ստանալն էլ է ոչ շատ տիպական դեպք (կարծես թե պիտի վերադաս մարմինը՝ ԿԳՄՍ-ն, տեղյակ պահված լիներ, չէ՞. թե՞ ձենգի նե պախնուտ), և անցնենք առաջ: Ինչու՞ հենց Երևանի ճակատագրի: Ինչու՞ հենց հիմա:
Եվ այստեղ խաղի մեջ է մտնում ոչ միայն խոհանոցը, այլև փառավոր դարավոր պարսկական մշակույթի անգերազանցելի և մեր կողմից սիրված գագաթը: Այո, այո, դուք չսխալվեցիք, նա ինքը՝ մեծն Ֆիրդուսին, որի անվամբ, բախտի բերմամբ թե պատահմամբ, անվանվել է այն 33-րդ թաղամասը՝ «ավելորդ ատամը», որն ուզում են ջնջել-վերացնել Երևանի երեսից – ովքե՞ր: Էլի նույն հին Նարեկ Մալյանը (ուպս, կներեք, ֆրեյդյան վրիպակ - Սարգսյանը), ինչպես նաև նրան միացած մի շարք այլ «բնիկներ» և «տղերք»: Այստեղ ռոբասերժական ցանցն ընդհանրություն է կառուցում նոր իշխանության այն մասի հետ, որն այնքան ֆանտազիա չունի, որ անճաշակ և անօրեն շինարարությամբ տնտեսական ճգնաժամի մեջ ընկած Հայաստանի քսակը լցնելու պատրանք ստեղծելուց բացի այլ միջոց երևակայի, բացի Քոչարյանի կողմից քսան տարի առաջ արդեն «հաջողությամբ» թագաժահրված տարբերակը, որն ընդմիշտ աղավաղեց մեր քաղաքն ու իր բնակիչների ճակատագրերը:
Իսկ ինչու՞, ինչու՞ հենց այդ թեման:
Որովհետև կա շարժում՝ «Փրկենք Ֆիրդուսը»:
Շարժումն ունի հարյուրավոր անդամներ և համակիրներ:
Այն օրեցօր ավելի և ավելի է թափ առնում:
Ուրեմն ի՞նչ է պետք անել:
ա) շարժման մասնակիցների որոշ միամիտ մասին ներքաշել մարկ-միշիկյան անդրխոհանոցային խաղի մեջ,
բ) օգտվել նրա թափից, որ ընդհատակյա խոհանոցն էլ թափ ստանա,
գ) երբ ամենը պարզ դառնա՝ բարոյազրկել շարժումը (հանել աչքն էլ, անունն էլ),
դ) ներկայացնել շարժումը որպես կամ դարձնել այն «հականիկոլական»:
Պլանի առաջին փուլը հաջողվեց, կարծես. «բնիկ երևանցիների»՝ վատ ձևակերպված և ներկայացված գույքահարկի մասին օրենքի դեմ շարժումն իր նպատակին հասավ. օրենքը չվերացրեց (դե դա մանր նպատակ էր), իսկ «բնիկ երևանցիներին» ներգրավեց իր հորձանուտի մեջ, որում, ասոցացվելով մարկ-միշիկյան կամ Գրիգորյան-«Հասրաթյանական» դավերի հետ, նորմալ մարդիկ՝ Երևանի հնաբնակներից հատկապես միամիտները, մեկնաբանվում են որպես խտրական, համարյա՝ ռասիստ:
Հիմա տեսնենք կհաջողվի արդյոք հաջորդ փուլը՝ քաղաքի ժառանգության համար ամբողջ հզոր շարժումն իրենցով անելը կամ գոնե՝ թուլացնելը, կամ գոնե՝ մասամբ վարկաբեկելը: Չէ որ «հիբրիդային (ավելի ճիշտ՝ գողականա-հիբրիդական) պատերազմում» չկա պարտություն կամ հաղթանակ, այլ միայն՝ «գռփի նաղդ» և հասարակության ապագայի խժռում: Նույնիսկ մի փունջ բուրդը պառշիվի ավցայից՝ էլի բան է: Իսկ էդ խմբի համար հայաստանյան հասարակությունը միայն և միայն մի բան է եղել, կա և կլինի. պառշիվի ավցա:
Իսկ դուք գիտեիք, եթե մենք, պառշիվի ավցաներս, դավադրությունների տեսությունների ջատագով չենք ձեզ պես, դավադրությունները մերկացնել չե՞նք կարող:
Որովհետև իրենց պայքարն իրականում Նիկոլի դեմ չէ՝ միամիտ չլինենք: Իրենք կարծում են, Նիկոլը միայն «միջոց» է, փուլ՝ «հաղթահարման ենթակա»: Իրենց պայքարը հանուն է՝ հանուն հասարակությունը գռփախժռելու:
Սույն հոդվածի հոնորարը նվիրում եմ «միշիկ-մարկյան» շարժման բնիկ «պառշիվի ավցաներին»՝ հանուն թագաժահրաժառանգության զրոյականացման պայքարողներին սատար կանգնելու համար:
Դիքսի «Բնիկ» Տղերքյան