Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Իմ և իմ մեծ ընտանիքի անունից ցանկանում եմ խորին շնորհակալությունս և երախտագիտությունս հայտնել Ձեզ և Ձեր կառավարությանը Ձեր երկրում ինձ համար նման նպաստավոր պայմաններ ստեղծելու առնչությամբ:
Այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը, միջոցների մեջ խտրականություն չդնելով, պայքարում է իմ դեմ, զրկելով ինձ կյանքի իրավունքից, սահմանափակելով ազատ արտահայտվելու իմ հնարավորությունները, խոչընդոտելով իմ ազատ տեղաշարժի ազատությունը, Ձեր հմուտ և հպարտ առաջնորդության շնորհիվ Հայաստանը դառնում է իմ երկրորդ հայրենիքը, որտեղ ես ինձ, հիրավի, ազատ և պաշտպանված եմ զգում:
Այս ամենը հնարավոր չէր լինի առանց 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության, քանզի հակառակ պարագայում ես նախորդ իշախանությունների վիրուսարբու էության զոհը կարող էի դառնալ:
Այլևս Ձեր՝ COVID-19»:
«ՉԻ». Վաղուց էր պետք Աշոտյանի նկատմամբ քրեական գործ հարուցել. առնվազն երկու տարի առաջ կիմանայինք, որ կորոնավիրուսը հենց նրա դեմքով է հաստատվելու Հայաստանում: Կիմանայինք՝ ում շունն է, ինչու է հաչում և հատկապես երբ է գազազում:
Այս վարակին թվում է, թե ժողովուրդը տառաճանաչ չէ, բացառապես Արմնյուզ է նայում ու պատկերացում չունի, որ կորոնավիրուսն իր հաղթարշավը շարունակում է ամբողջ աշխարհում: Եթե Աշոտյան-Կովիդը բացատրի, թե ինչպես է վարակը տարածվում իրենց կողմից աստվածացվող պուտինյան Ռուսաստանում, Լուկաշենկոյի Բելառուսում կամ Եվրոպայում, միգուցե հնարավոր լինի համաձայնվել նրա հետ, որ իշխանություններն են մեղավոր վարակի տարածման համար:
Այո, իսկապես ժողովրդի վիճակը ծանր է, և նրա մխիթարանքը միայն մի բան է՝ գոնե լավ է, որ այս դժվարին պայմաններում երկրի ղեկին նախկին ապիկար և հանցագործ տարրերը չեն: Հասարակությունը տեսել է, թե նրանք ինչպես են կառավարում հատկապես արտակարգ իրավիճակներում և երբեք չի գայթակղվել:
Առաջնահերթ դեֆիցիտ կստեղծեին, որպեսզի կրկնակի ու եռակի թանկացնեին առաջին անհրաժեշտության ապրանքները, կհայտարարեին, որ բենզինի գնի մեջ նավթի ինքնարժեքը որևէ դեր չունի, ուստի մի բան էլ պետք է թանկացնել, հիվանդանոցները կբաժանեին էլիտարների ու սովորականների: Առաջինները կպահեին իրենց համար, իսկ երկրորդները կհատկացնեին ժողովրդին: Եվ իհարկե, երկրորդներում կորոնավիրուսից բուժումը կլիներ վճարովի, քանի որ թալանված բյուջեն ի վիճակի չէր լինի հոգալ քաղաքացիների հոգսերը:
2018-ին ժողովուրդը հաղթեց կորոնավիրուսի ավելի վտանգավոր տեսակին՝ տեսակ, որ ավելի շատ մարդու գլուխ էր կերել: Կհաղթի նաև նրա նոր, անհամեմատ ավելի թույլ տեսակին: