...

Փաշինյանի պյուռոսյան հաղթանակները

Փաշինյանի պյուռոսյան հաղթանակները

Երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանը սկսեց Գյումրիից իր հայտնի քայլերթը, որը մեկ ամիս անց ավարտվեց Սերժ Սարգսյանի ռեժիմի տապալմամբ: Ռեժիմ, որ մարդկանց հոգնեցրել էր առաջին հերթին նրանց քվեն գողանալու սովորույթով: Ռեժիմ, որ կատարելության էր հասցրել բոլոր տեսակի ընտրությունների կեղծումը:

Քաղաքականության աստծո կամքով, երկու տարի անց, նույն օրը Նիկոլ Փաշինյանը տարավ ևս երկու հաղթանակ: Բայց սրանք լրիվ ուրիշ որակի հաղթանակներ էին և ավելի շուտ պյուռոսյան հաղթանակ են հիշեցնում:

Երեկ տեղի ունեցան Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունները, գրեթե 50 տոկոս ձայն է հավաքում Արայիկ Հարությունյանը: Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ կորոնավիրուսի տարածման վտանգի ներքո չէր կարելի ընտրություններ անցկացնել՝ վտանգելով արցախցիների առողջությունը և առաջնագծի անվտանգությունը: Հայաստանի իշխանությունների համակրանքը վայելող Հարությունյանը հաղթանակ է տոնում վարչական ռեսուրսի և ընտրակաշառքի լավագույն ավանդույթների շնորհիվ: Հաղթանակ է տոնում Արցախի ԿԸՀ-ի մանիպուլյացիաների շնորհիվ: Միայն այն, որ գիշերը դադարեցվեց ձայների հաշվարկը, շատ խոսուն փաստ է, թե ինչի շնորհիվ է հաղթում նախկին վարչապետը, որն Արցախում կոռուպցիոների համբավ ունի: Երկու տարվա ընթացքում Փաշինյանը չկարողացավ հեղափոխությունը հասցնել Արցախ, չդրսևորեց քաղաքական կամք և հեռատեսություն՝ աջակցելու այն ուժերին, որոնք իրական ժողովրդավարական փոփոխություններ էին կամենում Արցախի համար: Դրա փոխարեն նա սկսեց հովանավորել հայտնի կլանի ներկայացուցիչներից մեկին, որը միայն վերը նշված գործոնների շնորհիվ է կարողանում դառնալ առաջատար նախագահի պաշտոնի մրցավազքում: Այսինքն՝ իքս պահին Փաշինյանը հասկացավ, որ ուշացել է Արցախի ժողովրդավարացման գործում և հընթացս սկսեց հովանավորել մեկին, որը առավել շանսեր ուներ ընտրակեղծարարության նախկին բուկետը օգտագործելով դառնալ երկրի ղեկավար: Նա աջակցեց Հարությունյանին՝ ցույց տալու, թե իբր Արցախում էլ է ինքը հաղթում: Բայց Արցախում Փաշինյանը չի հաղթել, քանի որ հայտնի կլանը ցուցադրաբար աշխատում էր Վիտալի Բալասանյանի համար, իսկ տակից՝ Հարությունյանի համար: Ուրեմն Հարությունյանի առաջիկայում ակնկալվող հաղթանակը կլինի հայտնի կլանի ոչ պակաս հաղթանակը: 

Իրականում մենք առերեսվում ենք «Վանեցյան 2» օպերացիայի հետ: Եվ այն ավելի ծանր հետևանքներ է ունենալու, քան առաջին դեպքը, քանի որ ԱԱԾ պետի պաշտոնը նշանակովի էր և ուստի՝ պաշտոնազրկումը անհամեմատ ավելի հեշտ: Ընտրված ղեկավարի տեղաշարժելը լինելու է եթե ոչ անհնար, ապա չափազանց դժվար: 

Երեկ Փաշինյանը տարավ ևս մեկ հաղթանակ՝ խորհրդարանը երկրորդ փորձից ընդունեց հեռախոսների գաղտնալսման հետ կապված աղմկահարույց օրինագիծը: Ընդունվեց այնպես, ինչպես հարիր էր հանրապետականներին՝ գիշերով, ծածուկ, առանց ընդդիմությանը տեղյակ պահելու: Ընդունվեց՝ հաշվի չառնելով հասարակության դժգոհության և փորձագիտական համայնքի քննադատության հանգամանքը: Եվ բացարձակ տեղին չեն արդարացումները, թե դա արվում է ժողովրդի առողջության համար: Ունքի տեղը աչքը չեն հանում:

Այս երկու պյուռոսյան հաղթանակները հետագայում մեծ դրոշմ են թողնելու իշխանության վարկանիշի վրա: Հետագայում դեռ շատ ենք լսելու այնպիսի խոստովանություններ, ինչ երեկ լսեցինք իմքայլական Հայկ Կոնջորյանից: Հիշեցնենք, որ պատգամավորը խոստովանեց՝ իշխանության և ժողովրդի միջև կա փոխըմբռնման լուրջ դեֆիցիտ: Այսպիսի հաղթանակները միայն խորացնելու են անջրպետները:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2938 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ