Արդեն մի քանի օր է, ինչ քաղաքական թիվ մեկ թրենդը «Հայկական ժամանակի» հոդվածն է և Մարիամ Փաշինյանի ու Արթուր Վանեցյանի սոցիալական հարթակներում բանավեճը: Շատերն են իրենց հարց տալիս՝ ինչո՞ւ սեփական լրատվամիջոցով և ինչո՞ւ է ներգրավված վարչապետի դուստրը:
Չէ՞ որ կան տասնյակ լրատվամիջոցներ, որոնց միջոցով կարելի էր հոդվածը հրապարակել, և կա իշխանական թիմ, որը կարող էր քարը քարին չթողնել Վանեցյանի քաղաքական հավակնություններից:
Կարծում ենք՝ պատճառը Փաշինյանի քաղաքական միայնությունն է: Նա կորցրել է վստահությունը սեփական թիմի հանդեպ: Չի վստահում այնպես, ինչպես վստահում էր հեղափոխության ժամանակ: Նա չի ցանկանում ցուցումներ տալ թիմին քաղաքական գործունեության վերաբերյալ, քանզի 100 տոկոսով վստահ չէ նրանց լոյալության մեջ: Վստահ չէ, որ համապատասխան հանձնարարականներից հետո նրանք դա երբևիցե չեն օգտագործելու իր դեմ: Արդյունքում նա սահմանափակվում է միայն ընտանեկան ռեսուրսներով:
Վանեցյանի դավադրությունը ծանր հետք է թողել Փաշինյանի վրա, և արդյունքում նա դարձել է ավելի զգուշավոր և ինքնամփոփ:
Որքան էլ մեծ լինի ժողովրդի համակրանքը և վստահությունը վարչապետի անձի հանդեպ, քաղաքական միայնությունը խնդիրներ է ստեղծելու թե՛ Փաշինյանի, թե՛ երկրի արդյունավետ կառավարման համար: Անջրպետը ղեկավարի և թիմի միջև որևիցե լավ հեռանկար չի խոստանում:
Թերևս ժամանակն է, որ Փաշինյանը վերանայի իր մոտեցումները: Նախկին ռեժիմի դեմ պայքարում պետք է ներգրավել ոչ թե պատեհապաշտներին և զգուշավոր կեցվածքով աչքի ընկածներին, այլ մարդկանց, ովքեր ունեն տասնամյակների փորձ և կենսագրություն՝ չընկրկելու Քոչարյանի և Սարգսյանի ճնշումների ներքո: Մարդկանց, ովքեր ունեն անհաղթահարելի հակասություններ և արժեհամակարգային անհամատեղելիություն վերոհիշյալ երկուսի հետ: Վանեցյանի օրինակից ոչ թե պետք է ընկճվել, այլ ճիշտ հետևություններ անել: Այլապես Վանեցյանի օրինակը շատ շուտով կդադարի եզակի լինել:
Արիս Վաղարշակյան