Նիկոլ Փաշինյանը շատ է խոսում: Թերևս նա շուտով կճանաչվի աշխարհի ամենից շատ խոսող և երևացող երկրի ղեկավար: Նա խոսում է ամեն ինչից՝ քաղաքականությունից, տնտեսությունից, մշակույթից, գեյերից, ճանապարհաշինարարությունից, աղբից, տան վերանորոգումից, գրում է բանաստեղծություններ և վերլուծում Աստվածաշունչը: Եվ այդ ամենը հայերեն, ռուսերեն, անգլերեն ու ֆրանսերեն: Լրիվ օբյեկտիվ պատճառներով մեկ մարդը չի կարող խորությամբ տիրապետել բոլոր բնագավառներին և ոլորտներին: Իսկ մակերեսային գիտելիքների տիրաժավորումը խնդիրներ է առաջացնում: Հատկապես այն պարագայում, երբ նրա ցանկացած խոսք նախ դիտարկվում է խոշորացույցի տակ, այնուհետև ուղարկվում փորձաքննության՝ պատվեր ստանալով անպայման կեղտ գտնել:
Առանձնապես խնդրահարույց են Փաշինյանի Հայոց պատմության և քրիստոնեության վերաբերյալ դատողություններն ու մեկնաբանությունները: Վիճակն ավելի է վատանում, երբ նա փորձում է զուգահեռներ անցկացնել իր գործունեության և հայոց պատմության ու քրիստոնեության երևելի դեմքերի միջև: Նիկոլ Փաշինյանը պետք է գիտակցի, որ չափազանց վաղ է գնահատական տալու իր գործունեությանը: Առավել զավեշտալի է, երբ դա անում է անձամբ կամ Հովիկ Աղազարյանի միջոցով:
Հեղափոխության ժամանակ նրա հանապատրաստից ելույթները, արձագանքները և հակադարձումները աշխատեցին, բայց պետության ղեկավարի խոսքի կշիռը և պարբերականությունը պետք է փոխվեին: Քաղաքական իրավիճակը փոխվել է, և հեղափոխության հռետորաբանության անխնա շահագործումը պարզապես ֆիզիկապես ու բովանդակային առումներով մաշեցնում է այն:
Մի իրավիճակ էր, երբ հեղափոխության ժամանակ նրա ամեն մի հայտնվելը ֆեյսբուքում ոչ միայն անհրաժեշտ էր, այլ նաև՝ պահանջված, այլ իրավիճակ է, երբ նույնն արվում է պետության ղեկավարի կարգավիճակում: Անընդունելի է ֆեյսբուքյան ուղիղ եթերը՝ սպանված ոստիկանի հոգեհանգստի արարողությունից: Պետության ղեկավարը տուրիստական ընկերության գիդ չէ, որ ներկայացնի իր այցելած բոլոր թանգարանները և հուշարձանները:
Դրա փոխարեն, բազում հանցագործությունների մեջ մեղադրվող նախկին իշխանությունների պարագլուխները խելացի մտքերի շարադրանքի միջոցով նորովի են փորձում ներկայանալ հասարակությանը: Նրանց միակ խնդիրն այն է, որ հասարակությունը դեռ չի մանիպուլացվում, հաշվի է առնում, թե ով է ասողը և ինչ դրդապատճառներ ունի: Բայց միշտ դրա վրա հույս դնելը կործանարար կլինի:
Արիս Վաղարշակյան