...

Պատերազմ է

Պատերազմ է

Կիևում և Ուկրաինայի այլ քաղաքներում մի քանի ժամ է, ինչ պայթյուններ ու կրակոցներ են հնչում։ Դրան նախորդել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն առ այն, որ սկսում են Ուկրաինան «ապառազմականացնելու հատուկ գործողություն»։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սկսված պատերազմական գործողությունների մասին հաղորդում են ռուսական և արևմտյան լրատվամիջոցները։ CNN-ի ուղիղ եթերում արդեն սկսել են ցուցադրել Կիևի մի քանի շրջաններում կատարվող պատերազմական գործողությունները՝ պայթյուններ, հրթիռակոծություններ, հրդեհի մեջ կորած շենքեր և այլն։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին եթերով դիմել է Ուկրաինայի քաղաքացիներին՝ ըստ էության նշելով, որ լայնամասշտաբ ներխուժում է սկսվել, ինչը կարող է ավերել ամեն ինչ։ Երկրի ԱԳ նախարարն էլ սոցիալական ցանցերում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Պուտինը «լայնածավալ ներխուժում» է սկսել։ «Ուկրաինայի խաղաղ քաղաքները հարվածների տակ են: Սա ագրեսիայի պատերազմ է»,- նշել է նա։ Իր հերթին ֆեյսբուքում գրառում է կատարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ նշելով, որ բացառապես Ռուսաստանն է պատասխանատու այս ամենի համար։ «Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները և գործընկերները կպատասխանեն միասնական ու վճռական ձևով։ Աշխարհը Ռուսաստանին պատասխանատվության կենթարկի»,- հայտարարել է Բայդենը, որը պատրաստվում է ուղերձով դիմել ժողովրդին։ Իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենսը «անխոհեմ և չհրահրված հարձակում» է որակել ՌԴ գործողությունը, որը, ըստ նրա, վտանգում է բազմաթիվ քաղաքացիների կյանքեր։ «Մեկ անգամ ևս, չնայած մեր պարբերական զգուշացումներին և դիվանագիտությունում ներգրավվելու անդադրում ջանքերին, Ռուսաստանն ընտրեց ինքնիշխան և անկախ երկրի դեմ ագրեսիայի ուղին»,- ասված է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված Ստոլտենբերգի հայտարարությունում։ 

Բազմաթիվ միջազգային կառույցներ, քաղաքական անհատ դեմքեր, մտավորականներ, տարբեր երկրների արտգործնախարարություններ հասցրել են գնահատականներ տալ այս ամենին։ Դրանք մռայլ, վտանգավոր, ափսոսանքի արձանագրումներ են։ Հայկական սոցիալական տիրույթը ևս անհանգիստ է։ Ուկրաինայում հայեր են ապրում, նրանց համար ենք անհանգստանում։ Ուկրաինան 44-օրյա պատերազմում իրեն դրսևորում էր որպես Ադրբեջանի հավատարիմ դաշնակից, դրա համար էլ ՀՀ քաղաքացիների մի ստվար զանգված մի տեսակ բավարարված է այս ամենով։ Մյուս մասը հիասթափված է ռուսներից, ասում են՝ եթե ուզեին, այդ զենքերով Արցախի պատերազմը մի քանի օրում հօգուտ մեզ կվճռեին։ Հայ օգտատերերից շատերը ուկրաինացի ընկերներ ունեն, որոնց ճակատագրերի համար են ցավում և անհանգստանում։ Եվ կա մի շրջանակ, որն այս ամենը գիտակցելով, անկախ իր քաղաքական նախասիրություններից, իրապես ցավում է, որ այդ երկրները չկարողացան շրջանցել պատերազմի ռուբիկոնը, չկարողացան միմյանց հասկանալ ու առաջ շարժվել։ Անշուշտ, քաղաքական են պատճառները, ամեն մեկն իր փաստագրումների կամ ամբիցիաների մեջ անզիջում է, իր տեսանկյունից ճշմարիտ ու արդար։ Պատերազմի թեմայով ցինիկ կատակողներ էլ կան։ Հայկական ֆեյսբուքը գուշակում է, թե ով է լինելու ուկրաինական Արծրունը, ինչպես են ուկրաինացիները հաղթելու մասին հաղորդագրություններ տարածելու, ինչպես է Զելենսկին դիմելու Ուկրաինայի ժողովրդին և ասելու՝ եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք զգա։ Չարախնդում են Արևմուտքին, ԱՄՆ-ին, որն, ըստ իրենց, մենակ է թողել և թողնելու Ուկրաինային։ Սա անում են հումորի ժանրում, և շատերը թեթևությամբ համակարգիչների կամ հեռախոսների ստեղնաշարի վրա շարունակում են «կայֆեր» բռնել։ «Կայֆեր»՝ պատերազմի թեմայով։ «Կայֆեր» այն դեպքում, երբ մեր պատերազմում անհետ կորած տղաների դիերը դեռ հայտնաբերված չեն, երբ գերիները հետ չեն եկել, երբ հազարավոր մարդիկ անտուն՝ ժամանակավոր կացարաններում են ապրում։ Ղժժում են, տժժում են՝ ձեռքի հետ էլ տարածելով, թե Ռուսաստանը ինչպես է հակաօդային պաշտպանության համակարգը ոչնչացրել, ինչպես է օդանավակայանները թիրախավորել, կամ ինչպես են ուկրաինական զորքերը ոչնչացրել ռուսական տանկերը, և այլն, և այլն։ «Հին օրերի երգը» հայկական ֆիլմում սովետական Հայաստանի արվարձաններից մեկում գյուղական թատրոնի տեսարան է։ Գյուղացիները եկել են գյուղական թատերական խմբակի ջանքերով բեմադրված ներկայացումը դիտելու։ Գյուղի փոստատարը, որը խաղում է թատրոնում, առաջինն է իմանում պատերազմի մասին։ Իր դերի տեքստը ասելու փոխարեն նա դուրս է գալիս բեմ ու հայտարարում է՝ պատերազմ է։ Հուշարարները, գյուղական ռեժիսորն ու մնացած թիմը սկսում են հուշել տեքստը, իսկ փոստատարը, որին մարմնավորում է Մհեր Մկրտչյանը, անդրդվելիորեն հայտարարում է՝ ժողովուրդ, պատերազմ է։ Դահլիճում հավաքվածները սկսում են ծիծաղել։ Բռնկված ծիծաղն աստիճանաբար խլացնում է պատերազմ ազդարարող փոստատարի ձայնը։ 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1387 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ