...

Պատերազմի ուրվականը և անհամարժեք իշխանությունը

Պատերազմի ուրվականը և անհամարժեք իշխանությունը

Մինչ ազգովի զբաղված ենք սեպտեմբերի 21-ի միջոցառումը քննարկելով՝ Էրդողանը գաղտնազերծում է Ն. Փաշինյանի՝ հանդիպման առաջարկը և կրկնում պայմաններից մեկը՝ Սյունիքի միջանցք: Այսինքն՝ օղակը սեղմվում է:

Անկեղծ ասած՝ այս պահին չենք հավակնում աշխարհաքաղաքական լուրջ վերլուծություն անելուն, սակայն ստիպված ենք դարձյալ անդրադառնալ 2020-ի պատերազմի և պարտության գլխավոր պատճառին: Եվ դա մեկն է՝ անհամարժեք իշխանությունը կամ անիշխանությունը:

Կարծում ենք՝ անհրաժեշտ է հիշել Արցախյան առաջին պատերազմում մեր հաղթանակի հիմնական գրավականը: Այն ժամանակ ՀՀ իշխանությունը բնավ չէր զբաղվում ինքնագովազդով, տխմար հայտարարություններ չէր անում (օր.՝ Արցախը Հայաստան է, և վերջ, բանակցությունները սկսում եմ իմ կետից և այլն), գործում էր՝ հաշվի առնելով թե՛ միջազգային, թե՛ տարածաշրջանային ռեալ իրողությունները: Այնինչ նույն շրջանում Ադրբեջանում չկար համարժեք իշխանություն: Ադրբեջանցիները պատերազմի ժամանակ՝ 1993 թ.-ին, իշխանությունից հեռացրին արկածախնդիր Էլչիբեյին, ընտրեցին բազմափորձ Հ. Ալիևին, որը կարողացավ երկիրը դուրս բերել աղետալի վիճակից: Սա փաստ է:

Ի՞նչ արեցինք մենք 2020-ի աղետից հետո, ի՞նչ ենք անում հիմա, երբ Հայաստանը չընդհատվող տուրբուլենտության մեջ է, երբ Ն. Փաշինյանն ու թիմը շատ հանգիստ հանձնում են ՀՀ տարածքները, երբ ադրբեջանցիները փաստորեն տնօրինում են Հայաստան-Իրան ճանապարհը, և մեր երկրի շրջափակումը դառնում է կատարյալ: Ոչինչ չենք անում: Ավելին՝ 2021 թ. հունիսի 20-ին ազգի մեծամասնությունն ընտրում է Ն. Փաշինյանին՝ պատճառաբանելով, թե վախենում է նախկինների վերադարձից:

Թեթևամտության, ավելի ճիշտ՝ տկարամտության ավելի լավ օրինակ չեք գտնի:

Թե՛ պատերազմից առաջ, թե՛ պատերազմի օրերին, թե՛ պարտությունից հետո բազմիցս ենք ասել, որ մեր պետության գլխավոր խնդիրն անհամարժեք իշխանությունն է, այսինքն՝ անիշխանությունը:

Պատերազմն սկսվեց, որովհետև ՀՀ վարչապետը միայն իրեն հայտնի ինչ-ինչ պատճառներով հրաժարվեց բանակցություններից:

Պատերազմն սկսվեց, և նույն անձը հենց առաջին օրը հայտարարեց, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք զգալու: Ի դեպ, չենք մոռանում նաև խորհրդարանական ընդդիմության՝ ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի պահվածքը: Սրանք իրենց հերթին էին ընկել հերոսական պաթոսի գիրկը և փոխանակ հետաքրքվեին պատերազմը կանգնեցնելու խնդրով, հայտարարում էին, թե սա մեր վերջին պատերազմն է: Հասարակությունն իր հերթին հարց չտվեց՝ ի՞նչ է նշանակում վերջին պատերազմ, կամ ի՞նչ է նշանակում պարտված չզգալ: Այո՛, հոգեկան հիվանդներ կան, որոնք անիրականն իրականի տեղ են դնում, ասենք՝ պարտությունը համարում են հաղթանակ: Գուցե սա՞ էր:

Պատերազմի ընթացքը նույնպես ուսումնասիրության առարկա է: Ինչ հանձնախումբ էլ ստեղծեն, ինչքան էլ փորձեն պարտության մեղքը բարդել նախկինների կամ զինվորականների վրա, պետք է պատասխանեն ամենակարևոր հարցերին՝ ինչո՞ւ պատերազմն ավելի շուտ չդադարեցվեց, ինչո՞ւ էին երկրի ղեկավարի հայտարարություններն այնքան անհամարժեք, որ դրանցից հետո մեր ԱԳՆ-ն ստիպված էր լինում բացատրություններ հորինել: Էլ չենք խոսում կամավորագրվելու կոչի մասին, որն ուղղակի դասագրքային օրինակ է, թե ինչպես չի կարելի խոսել պատերազմի ժամանակ:

Իսկ հիմա ապագան: ԲՀԿ-ականների, ԼՀԿ-ականների և ՔՊ-ականների ականջը՝ խուլ, 2020-ի պատերազմը վերջինը չէր: 

Համարյա մեկ տարի կորցրել ենք պետության համար կարևորագույն հարցեր լուծելու համար: Ժամանակ չունենք: Իրավիճակը կարող է փոխվել ժամ առ ժամ: Մի՞թե չտեսանք այս իշխանության անկարողությունը նախապատերազմական, պատերազմական և հետպատերազմական շրջանում: Մի՞թե պարզ չէ, թե նույն իշխանավորներն ինչ են անելու, եթե նոր պատերազմ պայթի: Պարզ է: Պարզ է նաև, որ ՀՀ հիմնական խնդիրն իշխանությունն է:

Եվ մի՛ հանգստացրեք ձեզ նրանով, թե երկրից արագ ճողոպրելու եք, թե Բաքվի բանտերում ձեր սեփական զավակները չեն, թե Գորիս-Կապան ճանապարհին ծաղրի ենթարկվողները կամ գերի ընկնողները ձեր ազգականները չեն: Հաջորդը դուք եք լինելու:

Զարուհի Գաբրիելյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1083 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ