...

Պատերազմը նաև ձեր նման վերլուծագանգերի պատճառով ենք պարտվել

Պատերազմը նաև ձեր նման վերլուծագանգերի պատճառով ենք պարտվել

Լրագրող, հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը հայտարարել է. «2018-ից պարզ էր, որ պատերազմ լինելու է, և այդ պատերազմում մենք պետք է պարտվենք»: 

Հնարավոր չէ սա անպատասխան թողնել: Պատերազմից մի տարի հետո հանկարծ բազմաթիվ մարդկանց աչքեր են բացվել. մենք գիտեինք, որ այսպես է լինելու: Մեր համար պարզ էր: Հետին թվով բոլորդ խելոքացե՞լ եք: Որ պատերազմը կարող է նման ելք ունենալ և այսպիսի հետևանքներ, դրա մասին Լևոն Տեր-Պետրոսյանն է 1997 թվականից միլիոն անգամ գրել, խոսել, Վանո Սիրադեղյանն է գրել, զգուշացրել, ինչի համար այ այս նույն հոխիկյանները նրանց դավաճան էին համարում: Իսկ ձեր համար ո՞նց է պարզ եղել: Ցույց տվեք, տեսնենք, որտե՞ղ եք ասել, թե ձեր համար պատերազմի նման ելքը պարզ էր: Մի օրինակ ցույց տվեք, որտեղ հակամարտությունը օր առաջ կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու կոչ եք արել կամ դրա անհրաժեշտության մասին եք ասել:

Իսկ մենք կարող ենք ցույց տալ, թե իրականում դեռ 2018-ից պատերազմի ելքի մասին իբր իմացող այս մեդիալրագրողը ինչեր է ասել հենց պատերազմի օրերին: Իր ֆեյսբուքյան էջում մինչև հիմա մնում են իր գրառումները, որոնցից մի քանիսը մեջբերում ենք, ու դուք որոշեք՝ սրա պես մարդկանց համար ե՞րբ է պարզ եղել, որ պարտվելու ենք:

Սկսեցինք. 27.09.2020 

Բացառված չէ նաև, որ հարձակվելու որոշումը գիշերն է կայացել, երբ ՀՀ վարչապետը հայտարարեց Ալիևի մասին որոշ փակագծեր բացելու և կոնֆիդենցիալ խոսակցությանն անդրադառնալու մտադրության մասին։ Հետևենք իրադարձությունների զարգացմանը և հայկական պաշտոնական լրահոսին՝ առանց ամեն ինչից տեղյակ հերոսներ խաղալու։

30.09.2020

Պատերազմը ունի իր օրենքները։ Հաղթանակի ճանապարհը կերտվում է արյան գնով։ Ամեն օրվա ավարտին, երբ ամփոփում ենք մեր բանակի հաջողությունները թշնամու նկատմամբ, դառնացած հասկանում ենք, որ ադրբեջանա-թուրքական 790 զոհն ու 137 տանկը ոչինչ չարժեն թեկուզ 1 հայ զինվորի համեմատ։ 

Պատերազմը դաժան է, չի խնայում վախկոտներին ու խուճապի մատնվողներին։ Հաղթենք պատերազմին: 
***
Պատերազմի ընթացքի ու հայկական բանակի հաջողություների մասին տեղեկությունները վստահելի են միայն հայկական կողմի պաշտոնական աղբյուրների դեպքում:

01.10.2020 

Վայելեք, թե հայ զինվորներն ինչպես են առաջ գնում ու գրավում Ադրբեջանի դիրքերը: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը իզուր չէր ասում, որ ռազմական գործողությունները շարունակվելու են Ադրբեջանի տարածքում:

03.10.2020 

Չհուսահատվել, չթուլանալ և առաջ դեպի հաղթանակ...

Մարտերը ծանր են: Պատերազմն այնպիսի բան է, որ կարող ենք ունենալ կորուստներ, հետո վերականգնել դրանք և գնալ առաջ: 

Մինչև 1993-ը հայկական կողմը շատ կորուստներ ուներ, բայց կարողացավ վերականգնել դիրքերը և ունենալ ձեռքբերումներ: 

2016-ին ևս մենք սկզբում ծանր կորուստներ ունեցանք, բայց ի վերջո կարողացանք դիմակայել թշնամուն: 

2020-ին բացառված չեն դիրքային կորուստներ, բայց պատերազմը մեկ օրվա պայքար չէ: Կլինեն նահանջներ, հետո նորից առաջ: 

Խոստանում եմ հայտնել նաև դիրքային առաջխաղացման մասին: 

Չվախենաք մտահոգիչ լուրերից:

04.10.2020

Ոչնչացնելով այդ օդանավակայանը՝ հայկական բանակը փաստացի թուրքերին զրկել է Կարսից թուրքական զինուժի գործողությունները կոորդինացնելու հնարավորությունից։

09.10.2020

Երեք օր զրկված էի համացանցում նորություններ կարդալու հնարավորությունից։ Հիմա կարդում եմ ու բարոյական հատկանիշներից զուրկ մի լրատվամիջոցում կարդում ազգը պառակտող «բացահայտումներ»: 

Իհարկե, լրատվությունը նաև քարոզչամիջոց է, բայց խուճապ և ազգային պառակտում տարածելը դավաճանության, ոչ թե լրագրության սկզբունք է։ 

Մանրամասները՝ պատերազմից հետո, իսկ մինչ այդ հավատացեք բացառապես պաշտոնական լրատվությանը, մերժեք հոգեկանի անվան տակ բանակից փախած ու հիմա բազմոցներին ռազմական վերլուծաբանի լուրջ դեմք ընդունած հիմարներին։
***
- Հայկական բանակը բառացիորեն ջարդում է թշնամուն։ Դժվար է, ծանր է, կան խնդիրներ զենքով ու մարդաքանակով մի քանի անգամ շատ թշնամուն դիմակայելու առումով, բայց մերոնք դիմակայում են։ Վստահ ու հստակ են դիմակայում։ 

- Վերջին 2 օրերին հայկական բանակը նախանշել է թշնամու ծրագրերը և մարտավարական պլանները, ոչնչացրել թշնամական զորքի մեծ քանակի ասքերների։ 

Մանրամասները՝ պատերազմից հետո, իսկ հիմա՝ կեցցե հայոց հաղթական ու լեգենդար բանակը։ Աշխարհը ապշում է 2 պետության զինված ուժերի ու մեծ թվով ահաբեկիչների դեմ հայկական բանակի կռվից։
**
Դիվանագիտական հաջողության գրավականը ուժեղ ու հաղթող բանակն է։ Հայկական բանակը փաստացի հաղթում է ադրբեջանաթուրքական զորքին ու ահաբեկչական խմբավորումներին։

14.10.2020

Թերևս, այս պատերազմի ամենաառանցքային մարտերը պիտի տեղի ունենան առաջիկա օրերին, և այստեղ ևս հաղթելու համար անհրաժեշտ է հանրության ոգևորությունը, աջակցությունը և մարտական ոգին։ Կհաղթենք մենք, կունենանք քիչ զոհեր և կփակենք թշնամու ճանապարհը։ Կհաղթի թշնամին, մեր զոհերը կլինեն ավելի շատ ու կորուստներ կունենանք շարունակաբար։ 

Ճանապարհը մեկն է, պետք է հաղթի հայկական բանակը...

17.10.2020

Ոչ մի ցավակցություն, միայն ԱՌԱՋ՝ հանուն մեր ընկած, բայց չծնկած հարազատների...

21.10.2020

Ամեն օր ճակատում ավելացող հայկական զորք։ Եկեք հայրենիք, կռվեք հայրենիքի համար նաև ֆիզիկապես։ 2 օր առաջ եմ վերադարձել Արցախից։ Սփյուռքահայ զինվորների թիվը մեծանում է օրեցօր։ Ավելացրեք նրանց շարքերը, յուրովի լուծեք 1915-ից մնացած ձեր պապերի վրեժը:

22.10.2020

Պատերազմը վախենալու չի, երբ չես վախենում դրանից: Առաջնագիծը բոլորս ենք պահելու: Հերթով և միասին:

23.10.2020

Ադրբեջանական ծագման ծանոթ մի լրագրող քիչ առաջ նամակ էր ուղարկել, թե՝ հայերի կողմից երբեք չէր սպասի այնպիսի դաժան պատասխան, ինչպես իր ազգակիցները ստացել են Արցախի Մեխակավանում (Ջաբրայիլ): 

Վրեժ, միայն վրեժ... Կորչեն ամեն տեսակի երկակի ստանդարտներով մարդասիրություն և փողով գնված սուտ արժեքներ։ Կամավորագրվելով գնում ենք դեպի հաղթանակ։ Թշնամին պիտի կործանվի։

Կարծում ենք՝ այսքանը հերիք է: Դուք այս գրառումներում որտե՞ղ տեսաք, որ պատերազմի ելքն ի սկզբանե պարզ է, և մենք պարտվելու ենք: Ինչ-որ տեղ սթափության, զգոնության, բանականության կոչ տեսա՞ք: Պատերազմը հնարավորինս շուտ դադարեցնելու վերաբերյալ որևէ ակնարկ տեսա՞ք: Ընդհակառակը, մինչև վերջ կռվելու և Բաքու հասնելու կոչեր են: 

Ու միայն այս մեդիագիտունը չէ: Պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում, և ընդհանրապես՝ 20 տարի շարունակ այ էս վերլուծագանգերը շեփորահարում էին, որ Ղարաբաղի հարցը լուծված, պրծած է, մենք զիջելու բան չունենք, ոչ մի թիզ, նոր պատերազմ՝ նոր տարածքներ, Ադրբեջանին մի ամսում կծալենք, լեշը կփռենք, փոխզիջման մասին խոսողը դավաճան է: Առաջ, միայն առաջ, ոչինչ, որ ընթացքում զոհեր էլ կունենանք, բայց կանգնել չկա, առաջ՝ դեպի նոր տարածքներ: 

Իսկ հիմա կանգնել, թե բա՝ դեռ 2018-ին արդեն պարզ էր, որ պարտվելու ենք: Բա 2018-ին ասեիր, ոչ թե հիմա: Մենք էլ կարող ենք ասել, որ պատերազմի նման ելքը մեր համար պարզ էր 1769 թվից: Հետո՞: Պատերազմը նման ավարտ է ունեցել նաև ձեր նման ոչմիթիզականների պատճառով, որոնք 20 տարի շարունակ դավաճանություն են համարել սթափ խոսքը, քարկոծել ու անարգանքի սյունին գամել արժանապատիվ խաղաղության գաղափարախոսությունը: Հետին թվով հիմա բոլորը գիտուն են դարձել: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2963 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ