...

«Պատիվ ունեմ»-ի և էթիկայի մասին ենք հիշեցնում

«Պատիվ ունեմ»-ի և էթիկայի մասին ենք հիշեցնում

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ինչ վերաբերում է հայտնի գաղտնալսման մասին ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնողի հայտարարություններին, ապա կրկին հայտնում եմ, որ ՔԿ նախագահը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ գաղտնալսման դեպքն ամբողջությամբ բացահայտված է:

Հաշվի առնելով այն իրողությունը, որ իշխանությունը հանրությանն այդ գործով պատշաճ տեղեկություններ հայտնելու փոխարեն շարունակում է լկտիաբար շահարկել թեման, ապա Քյարամյանին խորհուրդ եմ տալիս պարզել, թե ինչպե՞ս ստացվեց, որ նախաքննության մարմինը գաղտնալսման գործով առանցքային վկայի (փաստացի կասկածյալ) ցուցմունքները պատշաճ չգնահատեց և որոշակի անձանց մեղադրանքներ չառաջադրեց»։

Արսեն Բաբայանի գրածում մեր ուշադրությունը գրավեց առաջին հայացքից աննշան թվացող մի բան. որ նա Արգիշտի Քյարամյանի մասին խոսելիս նշում է «ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնող», այլ ոչ թե՝ «ԱԱԾ պետ»

Մինչդեռ սա շատ էական տարբերություն է: Երբ մարդուն անվանում ես ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնող, դրանով ընդգծում ես, որ չես ընդունում տվյալ մարդու լեգիտիմությունը, ԱԱԾ պետի պաշտոնում նրա օրինականությունը: Կարո՞ղ է Արսեն Բաբայանը բացատրել, թե Արգիշտի Քյարամյանը ինչո՞ւ լեգիտիմ պաշտոնյա չէ: Ինչո՞ւ ԱԱԾ պետ չէ: Թե՞ մենակ Արթուր Վանեցյանն էր օրինական, մնացածները՝ գրդոնչի են:

Մենք այստեղ չենք խոսում Արգիշտի Քյարամյանի մասնագիտական որակների, մարդկային հատկանիշների մասին: Կարող է՝ շատ վատ մարդ է, հնարավոր է, անհաջող ԱԱԾ պետ է: Բայց այնուամենայնիվ, ԱԱԾ պետ է: Դրա օրինականությունը կասկածի տակ դնելու համար մեր ձեռքի տակ անհրաժեշտ փաստեր չկան: Գիտենք՝ ինչ ճանապարհներով է նշանակվել, բայց դա՝ օրենքի սահմաններում է եղել: Եթե Արսեն Բաբայանը ինչ-որ բան գիտի, թող հրապարակի, այլ ոչ թե օդում կրակի:

Գաղտնալսման պատմության հետ կապված արդեն մի անգամ ասել ենք. եթե գիտեք, թե ով է գաղտնալսել, ինչպես է եղել, ասեք, տեսնենք, ճշմարտությունը բացահայտեք, ձեր դեմ շահարկումներին վերջ կտաք: Բայց չեն անում: Չգիտենք ինչու:

Վերջերս մենք ամոթանք էինք տվել Վլադիմիր Գասպարյանին, որ սպային, առավել ևս՝ գեներալին ոչ հարիր վարքագիծ էր դրսևորել և ոչ կոռեկտ արտահայտություններ էր արել իր հաջորդի՝ Վալերիյ Օսիպյանի հասցեին: 

Խորհուրդ կտանք Արթուր Վանեցյանին էլ հիշել, որ ինքը գեներալ է, մի կողմ դնելով, թե որքանով է արժանի այդ կոչմանը: Ու իր հաջորդի մասին խոսելիս պահպանել մասնագիտական էթիկան: Խոսքը քննադատության մասին չէ, սրտներիդ ուզածի չափ քննադատեք, խոսքը տարրական էթիկայի մասին է: Եթե ունեք փաստեր, որ Արգիշտի Քյարամյանը անօրինական ԱԱԾ պետ է, հիմնավորեք դա, մենք էլ իմանանք, իսկ եթե ձեր վարքագծի շարժառիթը ատելությունն է, ձեզ վերին արտի ցորեն համարելը, քամահրանքը ձեր ճամբարում չգտնվողների հանդեպ, ուրեմն՝ մոռացեք սպայի պատվի մասին, ու այդ «պատիվ ունեմ» արտահայտությունը միայն ձեր կուսակցության ներսում օգտագործեք: 

Մենք Գորիկ Հակոբյանին, առավել ևս՝ Կառլոս Պետրոսյանին, բազմիցս ենք խիստ քննադատել, երբեմն էլ մեղադրել ենք անօրինական գործողությունների մեջ, բայց ոչ մի անգամ նրանց չենք համարել ԱԱԾ պաշտոնը զբաղեցնող: Էթիկա է, էլի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1256 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ