...

Պետությունը հարամեցին, հիմա ընտրություններն են հարամում

Պետությունը հարամեցին, հիմա ընտրություններն են հարամում

Իմքայլական տխմարներից մեկը հայտարարել էր, թե հայկական բանակն ամայի տարածքներ չի պաշտպանում, ժողովրդին է պաշտպանում, մեկ այլ տխմար Հայաստանով մեկ հայտարարեց, թե Ադրբեջանն այսօր շատ ավելի վատ վիճակում է, քան նախքան պատերազմը, գիտակից մարդիկ էլ օրերն են հաշվում, թե երբ են տեղի ունենալու ընտրությունները, որ համեմատաբար քաղաքակիրթ եղանակով այս փորձանքներից ազատվենք։

Բայց արդյո՞ք իմաստ ունի լուրջ հույսեր կապել ընտրությունների հետ։ Միանշանակ՝ իմաստ կունենար, եթե Նիկոլ Փաշինյանն ու իր շարժական գույքը չմասնակցեին ընտրություններին։ Աշխարհի ցանկացած այլ երկրում, ի դեպ, հենց այդպես էլ կլիներ։ Վայրի բարքեր ունեցող երկրում խայտառակ պարտություն կրած իշխանություններին քարերով կսատկացնեին, համեմատաբար քաղաքակիրթ երկրներում ինքնահրկիզման հնարավորություն կտային, քաղաքակիրթ երկրներում դրա կարիքը չէր զգացվի՝ իշխանություններն իրենք կամովին հրաժարական կտային, բայց ամեն դեպքում՝ նրանց մասնակցությունը հաջորդ ընտրություններում կբացառվեր։ Բայց մենք այս առումով էլ ենք «աննախադեպ», որովհետև սրանց ցինիզմը հերիքում է, որ այսքանից հետո դեռ իշխանությունը պահպանելու հայտ ներկայացնեն։

Հայտնի արտահայտություն կա՝ եթե որևէ բան հնարավոր է բացատրել հիմարությամբ, ավելի բարդ պատճառներ փնտրել պետք չէ։ Բայց արդյոք օրվա իշխանությունների գործունեությունը կարելի է բացատրել միայն հիմարությա՞մբ։ Եթե խոսքը միայն խայտառակ պարտության կամ, ասենք, կորոնավիրուսը տնական արաղով բուժելու մասին լիներ՝ գուցեև կարելի էր, բայց այդքանից հետո էլ ամեն գնով իշխանությունը պահպանելու մոլուցքը թույլ է տալիս ենթադրել, թե պատճառը միայն հիմարությունը չէ, ավելի խորքային գործընթացներ են տեղի ունենում։

Ի՞նչ տեղի կունենար, եթե այս պատուհասներն ինքնակամ հեռանային ու չմասնակցեին արտահերթ ընտրություններին։ Այդ դեպքում քաղաքական ուժերի միջև իսկապես լուրջ պայքար կընթանար, կներկայացվեին հստակ գաղափարներ, երկիրն այս վիճակից դուրս բերելու կոնկրետ ծրագրեր և այլն, ու մարդիկ գիտակցված ընտրություն կկատարեին դրանց միջև։ Բայց քանի որ այս հումանիտար աղետներն իշխանության են ու մասնակցում են ընտրություններին, մարդիկ ընտրություն են կատարելու ոչ թե ծրագրերի ու գաղափարների միջև, այլ առաջին հերթին գնահատելու են, թե որ ուժը սրանց ռադ անելու ավելի մեծ շանսեր ունի։

Պատկերացրեք այսպիսի վիճակ։ Մեկը ձայնը գլուխը գցած հայտարարում է, թե ինքն աշխարհի ամենալավ բժիշկն է (որովհետև ոչ մի անգամ հիվանդից կաշառք չի ուզել), խաբելով ու համոզելով հասնում է նրան, որ հիվանդի բուժումն իրեն վստահվի, բնականաբար՝ առաջին իսկ հնարավորության դեպքում հիվանդին «ժավելի սպիրտ» է խմեցնում, իսկ հետո, երբ բժիշկները կոնսիլիում են հրավիրում մահամերձին փրկելու համար, սա մահակը ձեռքին ներխուժում է սենյակ, աջուձախ հայհոյում բոլորին ու պահանջում, որ ի՛նքը շարունակի «բուժումը»։ Հասկանալի է, չէ՞, որ այդ դեպքում բժիշկները ստիպված կլինեն մահամերձին թողած՝ առաջին հերթին զբաղվել այդ պատուհասին սենյակից վռնդելով, իսկ այդ ընթացքում հիվանդի վիճակն ավելի կծանրանա։ 

Հայաստանն այսօր այդ վիճակում է, և խնդիրը նույնիսկ այն չէ, թե ինչ կլինի, եթե այս փորձանքներին հաջողվի պահպանել իշխանությունը։ Խնդիրն այն է, որ սրանք միայն իրենց մասնակցությամբ արդեն իսկ ահռելի վնաս են հասցնում երկրին, ընդ որում՝ դա անում են գիտակցաբար։ Որովհետև նրանց մասնակցությունն էապես նվազեցնում է ընտրություններով այս վիճակից դուրս գալու հնարավորությունը։

Միակ տարբերակը՝ պատկերացնել, որ «Իմ քայլը» չի մասնակցում ընտրություններին, այդպիսի քաղաքական ուժ ընդհանրապես գոյություն չունի, քվեախցիկ մտնելուն պես առաջին հերթին գտնել այդ կուսակցության քվեաթերթիկը, նետել աղբամանը ու միայն դրանից հետո ընտրություն կատարել մյուս ուժերի միջև։ Ցանկալի է՝ գիտակցված։

Արմեն Բաղդասարյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3840 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ