...

Քանակին չխաբվեք, տարբերակներն ընդամենը երեքն են

Քանակին չխաբվեք, տարբերակներն ընդամենը երեքն են

Եվ այսպես, ՀՀԿ-ն առաջիկա ընտրություններին մասնակցելու է Արթուր Վանեցյանի կուսակցության հետ։ Լավ էլ իրար գտել են հատուկ ծառայությունների նախկին ղեկավարները. երկուսն էլ ահագին ինֆորմացիա ունեն, երկուսն էլ հաջողացրել են ահռելի հարստություն կուտակել, ու միանալով՝ առաջիկա ընտրություններում կարող են ահագին ձայն հավաքել։

Բայց մեծ հաշվով՝ առանձնապես էական չէ, թե քանի ուժ կմասնակցի ընտրություններին։ Այսպես թե այնպես հիմնական թեման լինելու է հետպատերազմյան Հայաստանը նոր աղետներից զերծ պահելն ու ծանրագույն վիճակից դուրս բերելը, և անկախ նրանից՝ ընտրություններին կմասնակցի 5 ուժ, 15 թե 55, միևնույն է՝ հասարակությունն այդ օրը առաջին հերթին գնահատական է տալու 44-օրյա պատերազմին ու դրան հանգեցրած 26-ամյա ընթացքին և ընտրություն է կատարելու երեք տարբերակների միջև։

Առաջին տարբերակ։ Պարզվեց՝ մեր 25-ամյա ընթացքը սխալ էր, մենք պիտի Արցախյան առաջին պատերազմից անմիջապես հետո վերջնական խաղաղություն հաստատեինք, որովհետև ակնհայտ էր, որ ժամանակը մեր օգտին չի աշխատելու։ Ինչի շնորհիվ այսօր կունենայինք ամբողջական Արցախ և շատ ավելի արժանապատիվ խաղաղություն։ Բայց քանի որ դեռ ամեն ինչ վերջացած չէ, ու սպառնալիքները շատ ավելի առարկայական են, մենք պիտի գոնե հիմա դասեր քաղենք անցյալի սխալներից և չշարունակենք 25-ամյա կործանարար ուղին։ Որովհետև հիմա՛ էլ վիճակն այնպիսին է, որ կարելի է դուրս գալ նվազագույն կորուստներով, բայց եթե այս մոլեռանդ արկածախնդրությունը շարունակվի՝ կարող ենք կորցնել նաև այն, ինչը դեռ ունենք։

Երկրորդ տարբերակ։  Մենք 1998-ից հետո ինչ արել ենք՝ ճիշտ ենք արել։ Շրջափակման պայմաններում լավ էլ զարգացել ենք, լուրջ պատերազմից խուսափել ենք ու տարածքային կորուստներ համարյա չենք ունեցել։ Ու երևի դեռ շատ երկար կարող էինք այդպես շարունակել, պարզապես բախտներս չբերեց՝ պատահաբար հայտնվեց ինչ-որ անհասկանալի պատուհաս ու մեր իմաստուն ռազմավարությունը վարի տվեց։ Հիմա պիտի ամեն գնով նրան ռադ անել, որ շարունակենք մեր այդ նույն իմաստուն ռազմավարությունը։

Երրորդ տարբերակ։ Նիկոլը ինչ արել է՝ շատ էլ ճիշտ է արել։ Բա մեզ պե՞տք էր Ղարաբաղը։ Հազիվ պրծանք, տակն էլ ինչ մնաց՝ դրա պատասխանատուն ռուսներն են։ Հիմա մեզ պետք է մոմ վառել, որ Մեղրիով միջանցքը բացվի, դեպի Ռուսաստան ու Թուրքիա ճանապարհները բացվեն, վերջապես սկսենք նորմալ ապրել։ Ուղղակի 4 հազար նահատակներն էին ափսոս, բայց դե Նիկոլը ճիշտ ա ասում, էլի, առանց զոհերի չէր կարող այդ ծրագիրն իրականացնել, կասեին դավաճան ու հնարավոր է՝ նույնիսկ հեռացնեին իշխանությունից։

Ակնհայտ է, որ անկախ քաղաքական ուժերի կամ դրանց լիդերների նկատմամբ հասարակության վերաբերմունքից՝ ընտրությունների ժամանակ առաջին հերթին պետք է կողմնորոշվել, թե այս երեք տարբերակներից որի կողմնակիցն ենք։ Ու միայն դրանից հետո արդեն կարելի է հստակ որոշել, թե կոնկրետ որ ուժին ընտրել։ Առաջին տարբերակը ճիշտ համարողները, օրինակ, փաստացի այլընտրանք չունեն և պիտի ընտրեն ՀԱԿ-ին, երկրորդ տարբերակի կողմնակիցները լայն ընտրության հնարավորություն ունեն՝ կարող են ընտրել Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, ԲՀԿ-ին, Դաշնակցությանը, տարբեր տեսակի «Փրկության ճակատների» և այլն, իսկ երրորդ տարբերակի կողմնակիցները պիտի ընտրեն Նիկոլ Փաշինյանին կամ նրա շուրջ պտտվող մանր-մունր քաղաքական ուժերին։ Քաղաքական ուժերի ու դաշինքների բազմազանությունը թող որևէ մեկին թյուրիմացության մեջ չգցի, չորրորդ տարբերակ պարզապես գոյություն չունի։ 

Մի խոսքով, առաջիկա ընտրությունները վերածվելու են մեծ թեստի, որի պատասխաններից պիտի պարզվի՝ վերջապես հասկացե՞լ ենք, թե ինչ է տեղի ունեցել մեզ հետ վերջին 30 տարիներին, թե՞ դեռ ոչ։

Արմեն Բաղդասարյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 16, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ