...

Ճիշտ ընտրել չենք կարողանում, գոնե ճիշտ մերժել կարողանանք

Ճիշտ ընտրել չենք կարողանում, գոնե ճիշտ մերժել կարողանանք

Հայաստանում ընտրությունները միշտ մի հետաքրքիր առանձնահատկություն են ունեցել․ եթե գրեթե ամբողջ աշխարհում ընտրությունների միջոցով ձևավորվել են (կամ չեն ձևավորվել) նոր իշխանություններ, ապա մեզանում հակառակն է եղել՝ սկզբում այլ գործընթացների արդյունքում տեղի է ունեցել իշխանափոխություն, և միայն դրանից հետո է դա ամրագրվել ընտրությունների միջոցով։

Համենայն դեպս այդպես է եղել և՛ 1998-ին, երբ պալատական հեղաշրջման արդյունքներն ամրագրվել են հեղաշրջմանը հաջորդած ընտրություններով, և՛ 2008-ին, երբ իշխանությունը նախ փոխանցվել է Սերժ Սարգսյանին ու միայն դրանից հետո է դա ամրագրվել «ընտրություններով», և՛ 2018-ին, երբ Նիկոլ Փաշինյանը նախ վերցրել է իշխանությունը և միայն դրանից ամիսներ անց այդ փաստը վավերացրել ընտրությունների արդյունքներով։

Բայց հայաստանյան ընտրությունները բացառիկ են ոչ միայն այդ առումով։ Քաղաքակիրթ երկրներում կուսակցությունները սովորաբար ներկայացնում են իրենց ծրագրերը, և ընտրողները, դրանց միջև ընտրություն կատարելով, ձևավորում են հաջորդ իշխանությունները։ Իսկ մեզանում (համենայն դեպս՝ նախընտրական այս փուլում) կուսակցությունները չեն էլ մտածում որևէ ծրագիր ներկայացնել։ Այն, ինչ մեզանում համարվում է «ծրագիր», ավելի շատ կենացների ու բարեմաղթանքների ժողովածու է հիշեցնում։ Ու քանի որ ծրագրեր չկան՝ մարդիկ ստիպված են լինում կամ ընտրություն կատարել կենացների միջև, կամ առաջնորդվել անձնական շահերով։ Պարզ ասած՝ եթե ծրագրեր չկան, «ո՞ր ուժին ընտրել» հարցի պատասխանը գտնելը չափազանց բարդ է։ Այս իրավիճակում, եթե ուզում ենք, որ ընտրությունները գոնե ինչ-որ բովանդակություն ունենան, ստիպված պիտի լինենք ինքներս մեզ հակառակ հարցը տալ՝ «ո՞ր ուժին հաստատ չի կարելի վստահել պետության ապագան», և ընտրություն կատարել բացառման մեթոդով։

Սկսենք օրվա իշխանություններից։ Կարելի՞ է արդյոք ձայն տալ այն ուժին, որի իշխանության ընթացքում հայկական կենսատարածքը նվազել է 23 տոկոսով, ևս 23 տոկոսը հայտնվել է կորստյան իրական վտանգի առաջ, իսկ բանակը գրեթե կիսով չափ ոչնչացել է։ Կարելի՞ է ձայն տալ այն ուժին, որը բացահայտ ամբարտավանությամբ ձախողել է պետական կառավարման բոլոր ոլորտները՝ ֆեյսբուքյան քարոզչությունից բացի, որը հիմնովին ավերել է պետական բոլոր՝ առանց այն էլ կիսաքանդ ինստիտուտները, համակարգը լցրել հեռու-մոտիկ ազգականներով ու դեղնակտուց ակտիվիստներով, որը բացահայտ ցինիզմով պարզապես պարգևավճարների անվան տակ մեջ-մեջ է անում պետական բյուջեն ու ծաղրուծանակի ենթարկում դրա դեմ բողոքողներին, և այլն։ Եթե կարելի է՝ ուրեմն խնդիր չկա, մեզ «հասնում է»։

Կարելի՞ է արդյոք պետության ապագան վստահել նրան, ով Հայաստանում ԺԷԿ-ի թուղթ կեղծելով դարձել է նախագահ ու տասը տարում, իր իսկ ասելով, դարձել Հայաստանի 200 ամենահարուստ մարդկանցից մեկը։ Կարելի՞ է ընտրել մեկին, ով սրճարանում իրեն անհարգալից բարևողին «անզգույշ քաշքշելու» հրաման էր տալիս, ԱԺ ամբիոնից հռհռալով անեկդոտներ պատմում կլիզմայի մասին, պարծենում, որ իր սիրած գրողը Ժյուլ Վեռնն է, իսկ պաշտոնանկությունից հետո առյուծներ որսում Աֆրիկայում, բարդույթավորված ջահելի չտեսությամբ լուսանկարվում, հետո վերադառնում մեծ քաղաքականություն՝ մեջբերումներ անելով «Աբու Ալլահ Մահարիից»։ Եթե կարելի է, ուրեմն խնդիր չկա, դրան ենք արժանի։

Կարելի՞ է պետության ապագան վստահել մեկին, ում նախագահության տասը տարիների ընթացքում նրա առանց բացառության բոլոր ազգականները մուլտիմիլիոնատերեր են դարձել, ինքն էլ՝ դրժելով հրապարակավ տված խոստումը, նախագահության երկրորդ ժամկետի ավարտից հետո երրորդ անգամ է ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը՝ հայտարարելով, թե իրեն ճիշտ չէին հասկացել։

Ցանկը կարելի է շարունակել, բայց տրամաբանությունը, կարծում ենք, հասկանալի է։ Եթե չենք կարողանում ճիշտ ընտրել՝ գոնե պիտի կարողանանք ճիշտ մերժել։ Ինչն, ի դեպ, ճիշտ ընտրություն կատարելու մի քանի նախապայմաններից մեկն է։ Այս պահին՝ գուցե կարևորագույնը։

Արմեն Բաղդասարյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3177 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ