ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երեկ Ալիևը ադրբեջանական խորհրդարանի բացման նիստին կրկին խոսեց մեր մասին, մեղադրելով մեզ ֆաշիստական լինելու մեջ: Իհարկե, մեր ազգային-պահպանողական գաղափարախոսությունը նրա բկին է կանգնած, քանզի իր համար շատ ավելի նախընտրելի են «իզմեր» չընդունող, արժեքներ չունեցող, ազգայինը ծաղրող ուժերը:
Ալիևն անդրադարձել է անգամ մեր զինանշանին, համեմատելով այն նացիստների հետ: Ի տարբերություն ոմանց, մենք իր մասին դիֆերամբներ չենք ձոնել և ընբռնումով ենք մոտենում, որ իր համար հնդեվրոպական հնագույն սիմվոլներից մեկը կարող է այդպիսի ասոցիացիաների առիթ դառնալ:
Իսկ նախորդ ընտրություններին մեր՝ խորհրդարան չանցնելու իր արտահայտած ուրախությունը չափելի է միայն Հայաստանի այսօրվա իշխանությունների հրճվանքի հետ:
Թե ով է դրել Ալիևի բերանն այդ լեզուն, չասեմ, բոլորդ էլ գիտեք»:
«ՉԻ». Մեզ այնքան հետաքրքիր է, թե ով է դրել Ալիևի բերանն այդ լեզուն: Աշոտյանը չի ասում, այնպես որ, կարող ենք միայն կռահել:
Երբ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ Ռ. Քոչարյանը քաղբանտարկյալ է, ու դա քոչարյանականները և հանրապետականները հրճվանքով տարածում են, ապա դրանով Ալիևի բերանը լեզու եք դնում: Վերջինս, տեսնելով այդ հրճվանքը, ենթադրում է, որ կարելի է խոսել թեմաներից, որոնք Հայաստանում գրկաբաց կընդունեն:
Երբ ադրբեջանական լրատվամիջոցները ներկայիս իշխանությունների մասին մի ապուշ բան են գրում, նույն քոչարյանականներն ու հանրապետականները դա ուրախությամբ տարածում են, մի հատ էլ դրա վրա ստատուսներ են գրում, իրար լայքում: Հիմա ո՞վ է դրել Ալիևի բերանն այդ լեզուն:
Ամենահետաքրքիրն այն է, որ Ալիևը Նժդեհի մասին ԵԱՏՄ երկրների ղեկավարների ժողովում մի ամբողջ լեկցիա կարդաց, որ նա ֆաշիստների հետ է համագործակցել ու հիմա նրան Հայաստանում հերոսացնում են, արձանը տեղադրում, ու ոնց որ թե Նիկոլ Փաշինյանը դրան հակադարձեց, ոչ թե՝ Սերժ Սարգսյանը: