Ռոբերտ Քոչարյանի համակիր Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26-ին հայտարարեց, որ Հայաստանի իրավապահ համակարգի ամենավերին օղակներում կան դավաճաններ, որոնք խանգարում են իրեն պայքարել թալանչիների դեմ, և հետ բերել ժողովրդին խոստացած միլիարդները։
Ովքե՞ր են այդ դավաճանները, և ինչո՞ւմ է նրանց դավաճանությունը։ Եթե կա այդպիսի դավաճանության փաստ, ինչո՞ւ այդ անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի սկսում, չէ՞ որ դավաճանությունը ծանր քրեական հանցանք է»:
«ՉԻ». Չգիտենք, այս հարցերին Նիկոլ Փաշինյանն ինչպես կպատասխանի, բայց մենք փորձենք: Օրինակ, երբ մեկը ԺԵԿ-ի կեղծ տեղեկանքով իշխանություն է զավթում, դա դավաճանություն է: Երբ մեկը համաձայնում է Մեղրին հանձնել Ադրբեջանին, դա դավաճանություն է: Երբ մեկը երկրի ռազմավարական օբյեկտները պարտքերի դիմաց կամ ջրի գնով հանձնում է այլ երկրների, դա դավաճանություն է:
Ավելին, երբ Արցախի սահմանները դատարկելով, Երևան զորք են բերում՝ ժողովրդի դեմ կրակելու և իշխանությունը պահելու համար, դա դավաճանություն է:
Հիմա՝ միլիարդների մասին. երբ ինչ-որ մեկը քաղաքական կարիերան սկսում է «Զապով», իսկ մի քանի տարվա ընթացքում դառնում օլիգարխ, որը տասնյակ լրատվամիջոցներ է պահում, տասնյակ վարձու կուսակցություններ, վարձու քաղաքագետներ, երբ նրա ընտանիքը միայն որպես անշարժ գույք մոտ 40 էլիտար բնակարան ու առանձնատուն ունի, բնականաբար, բարդ է միանգամից այդ մարդուն պատասխանատվության ենթարկել, մանավանդ, երբ ՍԴ-ն գրպանում է դրել, մի 10 հատ փաստաբան ունի, քաղաքական դիակների երաշխավորագրեր:
Քրեական հետապնդում նման մարդու հանդեպ կա, պարզապես դժվար է միլիարդներ ծախսողին միանգամից դատել: Ի՞նչ կասես, Ավետիք Չալաբյան:
«Չորրորդ իշխանություն», թիվ 22, 2020