Հենց որ Հայաստանում որևէ ողջամիտ տեսակետ է հնչում Արցախի վերաբերյալ (օրինակ՝ որ Հայաստանն այսօր պիտի իր ողջ կարողություններով աջակցի Արցախին ու շարունակի հայկական պահել գոնե մնացած մասը), նիկոլապաշտների իրական ու ֆեյքային ոհմակներն ասես վերին հրամանով հարձակում են սկսում՝ «տո դե հերիք չի՞ մեր բերանից կտրենք իրանց տանք», «ինչի՞ պիտի մեր ջահել-ջիվան էրեխեքը գնան էնտեղ զոհվեն, իսկ իրենք Երևանի կենտրոնում թրև գան», «թող իրենք ռուսների ու ադրբեջանցիների հետ լեզու գտնեն, մեզ էլ հանգիստ թողնեն», «մենք հենց ղարաբաղյան կլանի պատճառով ենք էս օրն ընկել, հիմա թող իրենց կլանը հավաքեն, փասափուսաները քաշեն իրենց Սծիպանակերտ» և այլն։ Սրանց թվում է, թե տասնամյակներ շարունակ Արցախը Հայաստանի համար բեռ է եղել, հիմա դրանից պրծել ենք, և վերջ, ապագա կա։ Ու որևէ մեկն ինքն իրեն չի հարցնում՝ բա եթե պատերազմն Արցախի համար էր, ինչո՞ւ են ադրբեջանցիները մտել Սյունիք, ի՞նչ գործ ունեն Վարդենիսում ու Վերին Շորժայում և ինչո՞ւ են Սյունիքով ոչ թե ճանապարհ ուզում, այլ միջանցք։ Այսինքն՝ չեն էլ ուզում, հայտարարում են, որ վերցնելու են առանց հարցնելու։
Պատկերացնո՞ւմ եք՝ թշնամին կացինով տան դուռը ջարդում է, իսկ տանտերը կնոջ ու երեխաների հետ հանգիստ նստած հեռուստացույց է նայում, քննարկում հաջորդ օրվա ճաշը ու անտարբեր նայում դռան կողմը՝ «հա, դե երևի դռան վրա մուռ ունեն՝ ջարդում են, բայց իրանց կռիվը դռան հետ ա, հո ներս չե՞ն մտնելու»։ Այ այսպես, ինքնապաշտպանական բնազդն իսպառ կորցրած, բութ հայացքով որոճում են իրենց փայ վերմիշելն ու ծոր տալիս՝ «բայց ընչի՞ պտի մեր էրեխեքն էթային Ղարաբաղ», ու չեն էլ փորձում հասկանալ, որ Արցախում հայ զինվորները Սյունիքն ու Սևանն էին պաշտպանում, այդ գիծը չկա՝ հիմա «Ջեբրայիլը» Շուռնուխն է, «Մատաղիսը»՝ Վերին Շորժան։ Ու նաև իրենք իրենց համար արդարացում են գտել՝ 20 տարի ղարաբաղյան կլանի ձեռքը կրակն էինք ընկել։ Կրակն էիք ընկել՝ պայքարեիք այդ կլանի դեմ, ոչ թե ընտրությունից ընտրություն ձեր փայ կաշառքը վերցնեիք ու երազեիք այդ կլանի հետ լեզու գտնելու մասին։ Իսկ 20 տարի շարունակ այդ կլանի դեմ իսկապես պայքարողներն, ի դեպ, հիմա էլ այս պատուհաս իշխանությունների դեմ են պայքարում, որովհետև էականը հանցագործների ծննդավայրը չէ։
Իհարկե ղարաբաղյան կլանն իսկապես էլ այս ամենի մեջ մեղքի ահռելի բաժին ունի։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, հենց իրենց արցախյան ծագումը հաշվի առնելով, պարտավոր էին տասնապատիկ ավելի զգույշ լինել ու կիլոմետրերով հեռու մնալ կոռուպցիայից, որովհետև իրենց «գյոռմամիշությունը» կարող էր բացասաբար անդրադառնալ Արցախի նկատմամբ մեր հասարակության վերաբերմունքի վրա։ Բայց «հեղափոխական իշխանություններն» արդեն երեք տարի է անիմաստ գոռգոռում են, և ի՞նչ, «ղարաբաղյան կլանի» ներկայացուցիչներից քանի՞սն են բանտում։ Ոչ մեկը։ Նրանք խորհրդարանում են։ Իսկ նիկոլապաշտներն իրենց վրեժն Արցախից են լուծում։ Վաղն էլ, եթե ակնհայտ դառնա, որ «իջևանյան կլանը» ոչնչով չի զիջում ղարաբաղյանին ու մասշտաբներով և աղետաբեր հետևանքներով նույնիսկ գերազանցում է (առաջին նախանշաններն արդեն երևում են), պիտի ազգովի Տավուշի՞ց վրեժ լուծենք։ Թե՞ մտածում ենք՝ Արցախը տվեցինք, սահմանները ռուսներին հանձնեցինք, բանակը կրճատում ենք, արտգործնախարարությունն իջեցնում ենք ՍՊԸ-ի կարգավիճակի, և վերջ, մեզ հանգիստ են թողնելու։ Ոչ, հանգիստ չեն թողնելու։ Ընդ որում՝ նիկոլապաշտները սա գուցեև չեն հասկանում (հասկանային՝ նիկոլապաշտ չէին լինի), բայց նրա «նեղ կռուգը» լավ էլ հասկանում է։ Դրա համար էլ Փաշինյանի ամենամերձավոր զինակցին պատկանող հեռուստաընկերության եթերից Սյունիքը Զանգեզուր են անվանում, Կապանը՝ Ղափան, ու շուրջօրյա ռեժիմով հարձակվում են հայկական բանակի գեներալիտետի ու սպայակազմի վրա։
Բայց մեր ինքնապաշտպանության հավաքական բնազդը երևի վերջնականապես է բթացել։ Որովհետև անգամ պրիմիտիվ հանրույթները վտանգի պահին իրենց միջի ամենախելացիին են առաջնորդ ընտրում, իսկ մենք նույնիսկ դա չարեցինք։ Այսքան հեշտությամբ ու ինքնամոռաց հանձնվել չէր կարելի։
Մարկ Նշանյան