...

Պոլիէթիլենային տոպրակների վաճառքը կարգելվի

Պոլիէթիլենային տոպրակների վաճառքը կարգելվի

2022 թվականից պոլիէթիլենային տոպրակների վաճառքը կարգելվի: Մարտի 25-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց շատ սպասված և կարևոր այս նախագիծը:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը նախատեսում է թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքի արգելք 2022 թ․ հունվարի 1-ից։ 

Հայաստանում մի շարք սուպերմարկետներ արդեն մի քանի տարի է՝ պոլիէթիլենային տարբեր տեսակի տոպրակները վաճառում են 10-200 դրամով՝ գնված ապրանքը տեղավորելուց առաջ գնորդից ճշտելով, թե արդյոք ցանկանում են դրանք տեղափոխել տոպրակով:

Հայաստանում առկա մոտ 1 մլն տնային տնտեսությունների կողմից օրական սպառվում է առնվազն 1-2 պոլիէթիլենային տոպրակ՝ տարեկան մոտ 3600-4000 տոննա պոլիէթիլենային տոպրակ: Մեկանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակների օգտագործման միջին ժամանակահատվածը 10-15 րոպե է, իսկ բնության մեջ դրա քայքայման համար անհրաժեշտ է ավելի քան 100-400 տարի:  

Հարկ է ընդդգծել, որ առևտրի և սպասարկման ոլորտներում պոլիէթիլենային տոպրակների լայն կիրառումը հանգեցրել է բնապահպանական խնդիրների առաջացման: Շրջակա միջավայր արտանետված պոլիէթիլենային փաթեթները երկար ժամանակ պահպանվում են և չեն ենթարկվում կենսաբանական քայքայման, որի հետևանքով դրանք առաջացնում են կայուն աղտոտվածություն:

Ըստ որոշ ուսումնասիրությունների՝ հանրապետությունում պլաստիկ թափոնները կազմում են կենցաղային թափոնների ծավալի ավելի քան 30 %-ը:

Գիտական հետազոտությունները փաստում են, որ միկրոպլաստիկն առկա է ոչ միայն ջրային և հողային ռեսուրսներում, այլ նաև կենդանի օրգանիզմներում և սննդամթերքի մեջ: Միկրոպլաստիկ է հայտնաբերվել նույնիսկ անձրևի կաթիլների մեջ:

Նշենք, որ օգտագործված պլաստիկ արտադրանքով, այդ թվում նաև պոլիէթիլենային փաթեթներով և դրանց մնացորդներով աղտոտված են Հայաստանի Հանրապետության ջրային տարածքները, հանգստավայրերին և զբոսաշրջության վայրերին կից տարածքները:

Ի դեպ, հանրապետությունում փաթեթավորման համար պոլիէթիլեն արտադրողներ հիմնական ընկերությունները 4-ն են։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1083 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ